HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տալվորիկի համայնքապետը չի ընդունում իրեն առաջադրված յուրացման և մյուս մեղադրանքները

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է նույն մարզի Տալվորիկ համայնքի ղեկավար Կիրակոս Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Համայնքապետին առաջադրվել է խոշոր չափերով յուրացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական անփութության մեղադրանք:

Նշենք, որ Կիրակոս Սաղաթելյանը Տալվորիկ համայնքը ղեկավարում է արդեն 21 տարի՝ 1999թ-ից: «Հետք»-ն անդրադարձել է Տալվորիկում եղած դժվարություններին, ներդրումների բացակայությանը:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կ. Սաղաթելյանը բարձր կադաստրային արժեք ունեցող հողատեսքերն ավելի ցածր կադաստրային արժեք ունեցող հողատեսքերի փոխադրման կարգը խախտելով` առանց մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի դրական եզրակացության, վաճառել է:

Այսպես՝ համայնքի ղեկավարը, 2018թ դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ավագանու թիվ 18 արտահերթ նիստին ներկայացրել և համայնքի ավագանու որոշմամբ հաստատել է համայնքային սեփականություն հանդիսացող 15.405.000 դրամ կադաստրային արժեքով 4-րդ կարգի 13 հա ջրովի վարելահողը որպես անջրդի վարելահող: Այնուհետև 2019թ մարտի 11-ին Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում տեղի ունեցած աճուրդի միջոցով 2.545.000 դրամով օտարել է աճուրդի մասնակից Դավիթ Կասամանյանին` համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Ուշագրավն այն է, որ ավագանու նշված որոշումը հրապարակված չէ մարզպետարանի պաշտոնական կայքէջում:

Բացի այդ, աճուրդով Դավիթ Կասամանյանին 13 հա հողատարածքը վաճառելուց հետո, համայնքի ղեկավարը գնորդից տեղեկացել է հողատարածքի ընդերքում խողովակների առկայության մասին: Դ. Կասամանյանի դիմումի համաձայն 2019թ․ հունիսի 21-ին տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ համայնքապետը քննարկել և հաստատել է տվյալ հողատարածքում ազբեստյա խողովակների հայտնաբերման դեպքում 200 գծամետր խողովակ համայնք տեղափոխելու և համայնքի կարիքների համար օգտագործելու որոշումը:

Արդեն ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող 50 հատ` ընդհանուր 200 գծամետր երկարությամբ, 700.000 դրամ արժողության ազբեստյա խողովակները, առաջադրված մեղադրանքի համաձայն, Կ. Սաղաթելյանը յուրացման եղանակով դրանք համայնքի հաշվեկշռում չի հաշվառել, տեղավորել է իր տան մոտակայք: Խողովակներից 39 հատը հայտնաբերվել է 04.09.2019թ կատարված դեպքի վայրի զննության արձանագրությամբ:

Մեկ այլ դրվագով Կ. Սաղաթելյանը, ունենալով օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու ապօրինի հողօգտագործումները, չի կատարել դրանք: Ըստ մեղադրանքի՝ 2018թ մինչ օրս տեղյակ լինելով հողօգտագործողների կողմից Տալվորիկ համայնքի հաշվեկշռում գտնվող` մի կողմից չորս հողամասերի, իսկ մյուս կողմից երկու հողամասերի երկարությամբ ձգվող համայնքային նշանակության դաշտամիջյան ճանապարհի ինքնակամ զավթման մասին, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել այն կասեցնելու ուղղությամբ:

Համայնքի ղեկավարն ինքնակամ զավթում իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել:

Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ Կիրակոս Սաղաթելյանը կանգնում է դատարանի առաջ: 2008թ. հոկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կ. Սաղաթելյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 դրամի չափով։

Այդ ժամանակ համայնքապետը դատապարտվել է պաշտոնական կեղծիք կատարելու համար: Այն է՝ «Տագգատէ» ՍՊԸ-ի պահակը 2008թ. Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի համայնքապետարան ներկայացնելու պատրվակով, Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավար Կիրակոս Սաղաթելյանից խնդրել ու վերցրել է կեղծ տեղեկանք այն մասին, որ իբր ամսական 10.000 դրամ գումարով վարձակալությամբ բնակվում է Տալվորիկ գյուղի բնակչի տանը: Ակնհայտ կեղծ այդ փաստաթուղթը ներկայացվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Տալվորիկի համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Համայնքի ղեկավարը պատմեց, որ իր քրեական գործի հետևում կանգնած է իրենց գյուղից մի հողօգտագործող, ով խուսափում է վճարել իր հողի հարկերը:

«Որպեսզի խուսափի իր հողի հարկերից, չվճարի, արդեն 20 տարի ա՝ այդ մարդը գրում ա իմ վրա: Ներկա պահին մոտ 27 հա հող ուներ, մի մասը վաճառել ա, տարիներով հողի հարկը չի տվել, ջրի վարձը չի տալիս: Տարբեր մարդկանց անուններով հողեր ա վերցրել: Մինչև հիմա էլ մոտ 1,5 մլն դրամ հողի հարկի պարտք ունի»,- ասում է Կ. Սաղաթելյանը:

Համայնքի ղեկավարը, անդրադառնալով խողովակների մասով առաջադրված մեղադրանքին, նշեց, որ գյուղը հիմնադրվել է 1983թ-ին և կոմունիստական իշխանության տարիներին գյուղի տարբեր հատվածներում անցկացվել են խողովակային փակ ցանցեր: Անկախությունից հետո, երբ տեղի է ունեցել սեփականաշնորհման գործընթացը, քարտեզները չեն պահպանվել, և իրենք չգիտեն, թե հողի տակ որ մասում ինչ կա:

«Պետք է շնորհակալ լինեն, որ այդ խողովակները բերել, իմ տան մոտ շարել եմ: Գիտեք, ազբեստից խողովակներն ինչ նյութեր են պարունակում: 50 խողովակից 39 հատը եղել է լիարժեք, մնացածը կոտրված է եղել: Ավագանին էլ որոշել է համայնքի կարիքների համար օգտագործել, ինչը և անում ենք»,- ասում է Տալվորիկի համայնքապետը:

Նրա փոխանցմամբ՝ այդ խողովակներով են կազմակերպել դպրոցի ջրահեռացումը, դաշտամիջյան անցումներում են օգտագործել և այլն:

Կ. Սաղաթելյանը նշում է, որ ընդհանուր առմամբ մոտ 800 հա հող են վաճառել, սակայն այդ 13 հա-ն տեղանքի պատճառով չեն ցանկացել գնել: Ավելին, այդ հողատարածքը վարձակալել է նաև համայնքի ղեկավարը, այլ հողօգտագործողներ ևս, սակայն, հրաժարվել են տեղանքի անհարմարության ու ջուր չլինելու պատճառով:

2018թ. այդ հողատարածքը գնողը ցանկացել է կաթիլային համակարգ անցկացնել և այգի հիմնել: Սակայն, ըստ համայնքապետի՝ արդեն քրեական գործից հիասթափվել է և ցանկանում է հողը վաճառել:

Կիրակոս Սաղաթելյանն ասում է, որ Կադաստրի կոմիտեից ունի գրություններ, որ այդ հողատարածքն իրոք անջրդի է եղել, սակայն անհասկանալի պատճառով իրեն մեղադրանք են առաջադրել, թե իբր ջրովի հողը վաճառել է անջրդիի անվան տակ՝ փոխելով կատեգորիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter