HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բուքմեյքե­րական գրասենյակների, խաղասրահների գործունեության համար նոր փոփոխություններ են առաջարկվում

Ֆինանսների նախարարությունը նախատեսում է բուքմեյքե­րական գրասենյակի, խաղասրահում վիճակախաղի (տոտալիզատոր) կազմակերպման համար պահանջներ սահմանել։

Ֆինանսների նախարարությունը նման փոփոխություն կատարելու առաջարկ է ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ բուքմեյքե­րական գրասենյակի կամ խաղասրահում վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն շինությունում։ Իսկ այդ շինությունը պետք է զբաղեցնի շենքն ամբողջությամբ կամ լինի դրա մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածք:

Այդ շինությունները կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից պետք է ունենան տարբեր հեռավորություններ։

Մասնավորապես՝ Երևանի վարչական շրջաններում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզկենտրոնում և Ծաղկաձորում, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզկենտրոններում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզկենտրոնում, Ջերմուկում, Սյունիքի մարզկենտրոնում, Մեղրիում և Տավուշի մարզկենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռավորության վրա։

Վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների յուրաքանչյուր սպասարկման սրահի մակերեսը չպետք է գերազանցի 200 քառակուսի մետրը։

Շինության նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքերական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում։ Այնտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքին նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը։

Նախարարության հաղորդմամբ՝ մինչ այս բուքմեյքե­րական գրասենյակի կամխաղասրահում վիճակախաղի գործունեության իրականացման վայրերի նկատմամբ նման չափանիշներ սահմանված չեն եղել։ Այս փոփոխություններով Ֆինանսների նախարարությունը նպատակ ունի բարձրացնել այդ ոլորտի նկատմամբ վերահսկողությունը։

«Ներկայում վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով»,- հայտնել է Ֆինանսների նախարարությունը։

Նախարարությունն այս նախագիծը մշակել է միջազգային փորձի ուսումնասիրությամբ։ Այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բուքմեյքե­րական գրասենյակի,խաղասրահում վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման վայրի նկատմամբ տարածքային սահմանափակումների սկզբունքները նույնատիպ են։

Ընթերցեք նաև 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter