
Լեռ Կամսար. Պետություն մը, որ գիտե սպանել` պիտի գիտնա նաև թաղել իր ժողովուրդը…
Ծննդյան պատճառը մեկն է՝ սեր։
Մի մարդ ու մի կին սիրում են իրար, ու դրանից ծնվում է երեխան։ Իսկ մահվան պատճառները, մանավանդ մեզ մոտ, անթվելի են։
Մեռնում են գնդակահարությունից, բանտի անտանելի պայմաններից, երկարատև աքսորից, Սիպիրի ցրտից, Դաշքենդի տաքից, Վորկուտայի քամուց, քաղցից, մերկությունից, բազմաթիվ և բազմապիսի հարկերից, ավտոյի ու տրամվայի ավարիաներից, Լենինի երկերը կարդալուց, Ստալինի կյանքն ուսումնասիրելուց և այսպես անվերջ։
Չեն մեռնում միայն բնական մահով։
Եթե համեմատության դնենք, մեկ ծնունդին տասը մահ կընկնի։
Այս հաշվով պետք է սովետական կառավարությունը տասն անգամ ավելի մեռնողների մասին մտածեր, քան կենդանիների։ Կենդանի մարդկանց ամենայն տեսակ հարմարություններով օժտում է, «երկարացնում» նրանց կյանքը, դարձնում է կատարյալ «դրախտ», մոռանալով սակայն, մեռնողների կյանքն էլ կատարյալ դժոխք դարձնլ։ Մարդն ապրում է ամենաշատը 70 տարի, իսկ մեռնում է հավիտյան․ կարելի՞ է մեծարել անցավորն ու անտեսել հավերժականը։
Չի կարելի։ Այդ պատճառով էլ կարծես վերջերս կառավարությունն ուզում է իր սխալն ուղղել։
Երևանում, Ֆիրդուսի փողոց N 72-ում, (հեռախոս՝ 13-38), ինչպես կարդում ենք թերթում, արդեն բացվել է Թաղման բյուրո, որ մեռնողներին տալիս է բոլոր հարմարությունները։
Շինում է նրա դագաղը, իր ավտոյով փոխադրում է, փորում է գերեզմանը, դնում է պսակներ (ըստ կարիքի), փչել է տալիս ասիական կամ եվրոպական երաժշտություն (ըստ մեռնողի ճաշակի), հուղարկավորության ժամանակ անտեր մեռելների ետևից բյուրոն արտասուք է թափում (անշուշտ կոկորդիլոսի) ու մազերը փետտում։ Իսկ տեր ունեցող մեռելների պարագայում՝ մխիթարում։
Դրանից զատ, բյուրոն պայման է կապել Հայաստանի գրողների միության հետ, և միությունը պայմանավորվում է դամբանականներ գրել յուրաքանչյուր մեռնողի համար։
Այդ գրվելիք դամբանականները կլինեն ստանդարտ, ընդհանուր, մարդկային։ Իսկ եթե մի մեռնող կամենա հատուկ իր համար, իր արժանիքների համեմատ դամբանական շինել տալ, պետք է մեռնելուց գեթ մի տարի առաջ հայտնի, որ նախապես ուսումնասիրվի իր կյանքը։
Ապահովագրական ընկերությունն ապահովագրում է մեռնողին և հարության պարագային կվճարի որոշված գումարն անթերի։
Բյուրոն տապանաքար կդնե, գերեզմանը կցանկապատե և հեռանալով՝ աշխարհի ունայնության մասին կմտածե։
Թաղման գները զանազան են և հավասար չեն նրա համար, որ սոցիալիզմը մարդուն մինչև գերեզման է հասցնում, նրանից դենն այլևս չի խառնվում։
Ես հաշվեցի։ Միջին փառքով մեռնող ննջեցյալն իր գրպանում առնվազն հինգ հազար ռուբլի ունենալու է։ Երկու տարվա աշխատավարձ։ Նշանակում է միայն մի անգամ մեռնելու համար պետք է աշխատել երկու տարի։
Ասացեք խնդրեմ, այս տեսակ մեռելի տապանաքարի վրա կարելի՞ է գրել՝ «աստ հանգչի»։ Ի՞նչ հանգստության մասին կարող է խոսք լինել, երբ նա պիտի մտածի, թե իր մահվամբ իր ողջ ընտանիքը քաղցած մնաց։
Բայց այս բյուրոյի շնորհիվ երկրի անգործությունը կվերանա, և ժողովուրդը, որ մինչև այսօր իր քաշած տառապանքներից ձրի կուլար, հիմա իր արտասուքները թանկ գնով կծախի Թաղման բյուրոյին։
------
Վա՜յ մեզ։ Կառավարությունը կենդանի մարդկանց կողոպտելուց հետո՝ անցավ մեռելներին։
Կենդանին մխիթարվում է նրանով, որ մեռնելու է, մեռելնե՞րն ինչով մխիթարվեն։
Մարդի՛կ, որքան կարող եք աշխատեցեք չծնվել․․․
Լեռ Կամսար, 1949թ․, անտիպ օրագրից, աքսորավայր Ղանլի կամ Ղամիշլու (Տորֆավան)
Մեկնաբանել