HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ով գնում է, փրկում է մարմինը, ով մնում է, փրկում է հոգին»

Ծառը կարեւոր տեղ է զբաղեցնում նկարիչ-սիմվոլիստ, քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի արվեստում: Ղարաբաղում մինչ այժմ պահպանվել են ծառի, քարի հեթանոսական պաշտամունքների մնացորդներ: Ծառն օջախի ու ազգի խորհրդանիշն է:

Երկաթյա նռան ծառը նրա տան բակում կանգնած է արդեն չորս տարի: Այն պետք է տեղադրեն Ստեփանակերտի կենտրոնում, ջրավազանում, իսկ նռներից պետք է շատրվան ցայտի:

«Երեւի հաջորդ տարի,- ասում է Ռոբերտը:- Ուզում են նռան տոն հայտարարել, հանդիսավոր արարողություն կազմակերպել, երեւի այդ ժամանակ էլ կտեղադրեն»:

Նռենու վրա տասներեք պտուղ է. տասներկուսը խորհրդանշում են Քրիստոսի առաքյալներին, իսկ տասներեքերորդը' ճաքածը' Փրկչին:

Զոհաբերության գաղափարն ու քրիստոնեական խորհրդանիշներն ամենուր են նրա կտավներում եւ քանդակներում: Ռոբերտը տասը տարի եղել է Ստեփանակերտի եկեղեցու որմնանկարիչը, աշխատել Գանձասարի դռների վրա:

«Ինքը' արվեստը, զոհաբերություն է,- ասում է Ռոբերտը:- Լիքը փորով չես ստեղծագործի, դատարկ բաներ են»:

- Ուրեմն նկարիչը պետք է սովա՞ծ լինի, որ ստեղծագործի,- հացնում եմ:

- Ոչ, դա հիվանդագին ստերեոտիպ է, թե նկարիչը պետք է սովամահ լինի: Ընդհակառակը, նկարիչը պետք է լավ ապրի: Նկարիչը պետք է ազատ լինի ու չկենտրոնանա խնդիրների վրա: Լուծի դրանք, բայց չկենտրոնանա,- պատասխանում է Ռոբերտը:

- Իսկ Ղարաբաղում հնարավո՞ր է, որ նկարիչը լավ ապրի:

- Ես վաճառում եմ 10-15 կտավ տարվա մեջ. շատ թանկ չեմ վաճառում, բայց ֆինանսական վիճակիցս չեմ բողոքում: Իմ նկարները սփռված են ողջ աշխարհով, ցուցադրվում են արտասահմանյան երկրներում, մասնակցում եմ սիմպոզիումների:

Եթե դու լավն ես գործիդ մեջ, եթե մեջդ ինչ-որ բան կա, ամենուր կկարողանաս հաջողության հասնել: Շատ կարեւոր է նաեւ ազնիվ լինելը: Եթե տվյալ վայրկյանին շրջապատդ կապույտ ես տեսնում, պետք է կապույտ ներկերով նկարես:

Ես տասը տարի նկարել եմ այս կտավը (ցույց է տալիս երեքաչքանի դիմանկարը): Փորձել եմ ստեղծել նկարչի դիմանկար: Ի վերջո, հասկացա, որ նկարչի աչքը պետք է գլխի մեջ լինի, նա պետք է հոգով նկարի:

Բացի այդ, նկարիչն ու յուրաքանչյուր «նորմալ մարդ» պետք է անհանգիստ լինի ու ավելիին ձգտի: Մարդն անընդհատ պետք է շարժվի: Ու հնարավորինս քիչ խոսի, քանի որ բառերի հետ դուրս է գալիս ավելի շատ աղբ, քան իմաստ:

- Արդյո՞ք պետությունը պետք է ֆինանսավորի ստեղծագործողներին:

- Պետությունը պետք է ֆինանսավորի նրան, ով քոչարի է պարում, ով երգում է ժողովրդական երգեր, ով երգում է իր հարազատ լեռների մասին, ով պրոպագանդում է իրենը: Կարեւոր է նայել քո սեփական պատուհանից, այլ ոչ' Պիկասոյի:

- Ի՞նչ կասեք ղարաբաղցի այն նկարիչների մասին, ովքեր մեկնում են արտասահման:

- Ղարաբաղում մնացել են այն արվեստագետները, ովքեր չունեն փող, որ գնան այստեղից, եւ այն արվեստագետները, ովքեր հասկանում են, որ այստեղ հազար անգամ շատ խնդիրներ կան, քան Հայաստանում, բայց որոշել են մնալ: Ժամանակ առ ժամանակ գնում են արտերկիր, վաճառում են ինչ-որ գործեր: Ես ինքս վերջիններից եմ: Պատերազմին տունս քանդվել էր, այս ամենը նորից իմ ձեռքերով եմ կառուցել:

Ես ինձ համար բանաձեւ եմ մշակել' ով գնում է, փրկում է մարմինը, ով մնում է, փրկում է հոգին: Հոգին ավելի կարեւոր է: Ինձ շատ անգամ են առաջարկել արտասահմանում մնալ, բայց իմ հոգին այստեղ է: Ա'յ, այս կտավն անվանել եմ «Ղարաբաղի լեռների ջազը»: Երբ նայում եմ մեր լեռներին, կարծես ջազային երաժշտություն է հնչում: Ուրիշ ոչ մի տեղ նման բան չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter