HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խմբակցությունների` լսումներ հրավիրելու սահմանափակումները հանելու նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի բացասական եզրակացությունը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Այս նախաձեռնությամբ պատգամավորն առաջարկում է օրենքից հանել խմբակցությունների` լսումներ հրավիրելու վերաբերյալ սահմանափակումները:

Գործող օրենքով` խմբակցությունը կարող է լսում հրավիրել իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով, և մեկ նստաշրջանի ընթացքում այն չի կարող լինել մեկից ավելին: Սիմոնյանն առաջարկում է այս սահմանափակումները հանել սահմանադրական օրենքից` թույլ տալով խմբակցություններին ցանկացած հարցի վերաբերյալ լսում հրավիրել անկախ նրանից, թե այդ հարցի վերաբերյալ խմբակցությունը նախագիծ է հեղինակել, թե ոչ:

«Բազմիցս խոսել ենք էս թեմայի առնչությամբ, ԲՀԿ-ն էլ է նմանատիպ նախագիծ ներկայացրել, ցավոք սրտի անհաջողության է մատնվել: Կարծում ենք այս սահմանափակումներն էական սահմանափակում են խորհրդարանական կարևոր ինստիտուտի` լսումներ կազմակերպելու իրավունքը»,-ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ինչ խնդրի է բախվել, որ նման նախաձեռնությամբ է հանդես եկել:

Տարոն Սիմոնյանն արձագանքեց` սահմանափակված են նախագծերի շրջանակում, քանի որ կան հասարակական հնչեղության հարցեր, որոնց վերաբերյալ չեն կարող նախագիծ հեղինակել և լսում հրավիրել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց` այդ դեպքում կա արդյոք անհրաժեշտություն լսում հրավիրել որևէ հարցի վերաբերյալ, որը չի հանգեցնելու օրենսդրական նախաձեռնություն հեղինակելուն: Տարոն Սիմոնյանը պատասխանեց` խորհրդարանական աշխատանքը չի սահմանափակվում միայն օրենսդրական նախաձեռնությամբ, կարևոր է նաև խորհրդարանական վերահսկողությունը գործադիրի աշխատանքի նկատմամբ:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն իր ելույթում ասաց, որ խմբակցությունների` լսումներ հրավիրելու սահմանափակումներն իրավաչափ են, քանի որ լսումներ պետք է հրավիրվեն ոլորտային հարցերով: Դանիելյանը հղում կատարեց նաև լսումների վիճակագրությանը` ասելով, որ այս նստաշրջանի ընթացքում խմբակցությունները լսումներ չեն հրավիրել, 11 մշտական հանձնաժողովներից լսումներ են հրավիրել երեքը, ԱԺ նախագահը երկու նախաձեռնությամբ է հանդես եկել:

«Կարծում ենք` սուր չէ լսում հրավիրելու հարցի քննարկումը, այնպես չէ որ հնարավոր չափաքանակը սպառել ենք, և կարիք կա քննարկել լսում ավելացնելու հարցը»,-ասաց Դանիելյանը` հավելելով, որ եթե հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել լսումները երեքական դարձնելու առաջարկին, հետևաբար բացասական եզրակացություն է տալու նաև սահմանափակումներն ընդհանրապես հանելու նախագծին:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter