HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Թաղեր

Գլաքարերով պատված նեղլիկ փողոցներով կտկտում են ձիերի եւ ավանակների սմբակները: Երեխաները դույլերով իջնում են աղբյուրի մոտ' ջրի ետեւից: Դույլերով բեռնված իշուկը ամբողջ ուժով զռռում է իր բեռի ծանրության տակ, սակայն տերը ճիպոտի հարվածով առաջ է քշում նրան. կինը պետք է լվացք անի:

Գյուղամիջում՝ գյուղի կենտրոնի փոքրիկ հրապարակում, երկու գերան կա քարերի վրա՝ մեկը երիտասարդների, մյուսը' տարեցների համար: «Երիտասարդական» նստարանը դատարկ է: Մյուս նստարանին մի քանի ծերունի մտազբաղ թզբեհ են պտտեցնում:

Հետկեսօրյա արեւի շողերի ներքո գյուղը շրջապատող լեռներն անիրական են թվում: Տողասարի եւ Գոռոզ Բերդի միջեւ քարացած Դիզափայտը ( սարերի անվանումներ- խմբ.) նման է երկունքի ցավերով բռնված կնոջ: Տողասարը հիշեցնում է առյուծի, իսկ սարը, որի գագաթին Գոռոզ բերդի «մնացորդներն» են՝ թեւերը փռած արծվի: Արծիվն ու առյուծը պահպանում են «ծննդկանի» հանգիստը:

Սա Մեծ Թաղերն է՝ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի ամենամեծ գյուղը: Տարեց կինը, որ քիչ առաջ համաձայնել էր ուղեկցողս դառնալ, ինձ հանձնեց Նաիրիին' այն մարդու դստերը, ով գրել է Մեծ Թաղերի մասին ու ում հետ պիտի հանդիպեմ երեկոյան: Տատիկի հետ գյուղով շրջելիս քարից քար ցատկելը զվարճալի էր, սակայն ես ոչինչ չէի հասկանում նրա բարբառային խոսքերից:

Նաիրին հատակն էր ավլում, երբ մենք եկանք իր տուն: Նա անհոգ հայտարարեց, որ ճաշը եւ երեք երեխաները, որոնց պետք է վերցներ մանկապարտեզից եւ դպրոցից, կսպասեն, փակեց դուռը, եւ մենք գնացինք գյուղն ուսումնասիրելու:

Գյուղացիների մեծամասնությունը բոստաններում են, կանայք տներում զբաղված են տան գործերով, իսկ երիտասարդության համար դեռ վաղ է փողոց դուրս գալու համար:

Նաիրին ինձ տանում է տնետուն, եւ ամենուր մեզ հյուրասիրում են տեղական բարիքներ՝ խաղող ու թուզ: Թուզն աստվածային է. լեզուս արդեն ցավում է շատ ուտելուց:

Մեծ Թաղերը կիսաքուն է: Անդորրը հոսում է տներից, ծառերից, դեմքերից:

«Հետաքրքիր ոչինչ»,- պատասխանում են գյուղացիները «ի՞նչ կա» հարցիս:

Այնուամենայնիվ, նրանց միապաղաղ, իրադարձություններով աղքատ կյանքում գոնե մի հետաքրքրություն հաստատ կա: Ողջ գյուղը հուզմունքով սպասում է քառասունութամյա համագյուղացուհու' Կարինեի ծննդաբերելուն: Նա արդեն ունի երեք որդի, ավագը քսանհինգ տարեկան է:

Կարինեին հանդիպեցի այսօր առավոտյան: Կարճահասակ, փխրուն կին է՝ թախծոտ, բայց լուսավոր աչքերով եւ մեղմ ժպիտով: Նա ասաց, որ ծննդաբերելու է մի քանի օրից եւ խուսափում է գյուղում հայտնվելուց:

- Բայց ինչու՞: Երեխայի ծնունդը հրաշք է, հատկապես այս տարիքում:

- Գյուղում ինձ թարս են նայում,- գլուխն օրորեց նա:

- Դուք ոչ մի վատ բան չեք արել: Դուր երեխա եք ունենալու ձեր սեփական ամուսնուց, նորմալ երեւույթ է:

- Հենց այդպես, - կիսաձայն ասաց նա:

Հանկարծակի ուղեղիս հասավ, որ նա ամաչում է ոչ թե երեխա ունենալուց, այլ որ բոլորը կիմանան, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել ամուսնու հետ այդ տարիքում:

Կարինեն մաթեմատիկոս է կրթությամբ եւ երգչուհի կոչումով: Մի քանի ամիս առաջ նա ստեղծել էր բազմաձայն երգչախումբ, որը ելույթ էր ունենում Հադրութում ու Ստեփանակերտում եւ մեծ հաջողություն ուներ: Երաժիշտներ գտնել չէր հաջողվել, եւ երեխաները երգում էին առանց նվագակցության: Երբ Կարինեն հղիացավ, թողեց երգչախումբը եւ սկսեց կրոնի պատմություն դասավանդել դպրոցում: Լինելով հավատացյալ՝ նա նույնիսկ չմտածեց աբորտի մասին:

Գյուղում, պարզվում է, եկեղեցի կա, սակայն իմ ուղեկցորդներից եւ ոչ մեկի մտքով չանցավ տանել ինձ այնտեղ կամ գոնե ակնարկել եկեղեցու գոյության մասին: Գյուղում կրոնի հանդեպ անտարբեր են: Այնպես որ, հավատացյալ ուսուցչուհուն այստեղ վերաբերվում են գրեթե որպես այլմոլորակայինի:

Սակայն մի հարցում Կարինեն սխալվում է. բացառությամբ գուցե շատ քչերի, գյուղում նրան վերաբերվում են հարգանքով ու սիրով:

Նաիրին ինձ հպարտությամբ դպրոց է տանում: Դասերն արդեն ավարտվել են, դպրոցը փակ է, եւ ես չեմ հասկանում՝ ինչու է նա ինձ այստեղ բերել: Պարզվում է' մարշալ Խուդյակովի կիսանդրին դպրոցի առջեւ ցույց տալու:

Հըմ, չգիտեի, որ Խուդյակովն այստեղ է ծնվել: Ի դեպ, իրենք՝ գյուղացիները, այդ մասին տեղեկացել են միայն 1957 թվականին, երբ ավիացիայի մարշալի այրին որդուն բերել է Մեծ Թաղեր՝ տղային հոր հայրենի գյուղին ծանոթացնելու: Հենց այդ ժամանակ են թաղերցիներն իմացել, որ սովետական հերոս Խուդյակովն իրենց համագյուղացի Արմեն Խանփերյանցն է: Հիմա Խուդյակովի կիսանդրին թաղերցիների պարծանքն է:

Մենք մտնում ենք «Կաժ» թեյարան որեւէ բան խմելու: Թեյարանի տնօրենը՝ Գարիկը, Նաիրիի ամուսինն է: Թեյարանը, ուր ընդամենը չորս սեղան կա ու նստարաններ, կիսադատարկ է:

- Թեյարանն առանձնապես եկամուտ չի բերում,- ասում է Գարիկը,- այլ գյուղերից, հասկանալի է, այստեղ չեն գալիս նստելու, իսկ մեր գյուղում միեւնույն մարդիկ հո ամեն երեկո չե՞ն գա՝ գործ ունեն անելու, ազատ փող էլ առանձնապես չունեն:

Թեյարանն, ի դեպ, տպավորիչ է՝ անմշակ քարե պատեր, վրաները՝ սեւ եւ սպիտակ լուսանկարներ, հատակին՝ իլիկ, կուժեր եւ այլ «հնություն»: Հինգ տարվա վաղեմություն ունեցող ռուսական փոփ երաժշտությունը, որ հնչում է հեռուստացույցից, համահունչ չէ թեյարանի քարանձավային մթնոլորտին:

Թեյարանի վերեւում գորգի գործարան է: Նախքան պատերազմն այն ամենահայտնիներից էր Ղարաբաղում: Գյուղի տարեցներն ասում են, որ գործարանը բացվել է դեռ ցարի օրոք, իսկ այդտեղ գործված գորգերը վաճառվել են արտասահմանում: Պատերազմից հետո գործարանը փակվել է: Իսկ մի քանի ամիս առաջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ով ծնվել է այս գյուղում, վերսկսել է արտադրությունը: Գործարանի տնօրենը դարձյալ Գարիկն է ու դարձյալ՝ դժգոհ:

- Գորգ գործել նշանակում է ամեն օր 9-18.00 նստել գործարանում: Իսկ կանայք այդպես չեն կարող, պիտի ընտանիքով զբաղվեն, բոստանով: Աշխատողուհիներիցս մեկը Մոսկվա է մեկնել, իսկ մյուսն ամուսնացել է ու տեղափոխվել հարեւան գյուղ: Պատվերներ էլ ենք հիմա քիչ ստանում: Եթե գոնե աշխատավարձը բարձր լիներ, կանայք կմնային, կաշխատեին:

Գարիկը բողոքում է, ինչպես բոլորը՝ առանց զայրույթի, պահանջկոտության, նույնիսկ առանց դժգոհության: Իմ կարծիքով՝ նրա բողոքներն ընդամենը տուրք են բուն հայկական բնավորության գծին:

- Բայց շնորհակալություն Արթուրին,- սթափվում է նա,- մեծ գործ է արել:

Աղաբեկյանի անունն այստեղ արտասանվում է նույնիսկ ավելի մեծ ակնածանքով, քան Խուդյակովինը: Այն ամենը, ինչ նոր է գյուղում, նա է բացել՝ եւ՛ ժամանակակից գեղեցկության սրահը եվրոպական զուգարանով ( այդ փաստը հատկապես շեշտվում է, որովհետեւ դա միակ նորմալ զուգարանն է գյուղում, միգուցե նաեւ շրջակայքում), եւ գյուղից ոչ հեռու գտնվող ջրաշխարհը (իմ նոր ծանոթ թաղերցիներից ոչ ոք այնտեղ դեռ չի եղել):

Նաիրին ու ես շարունակում ենք մեր «ճամփորդությունը»: Մենք անընդհատ ճանապարհ ենք տալիս բեռնված ձիերին: Ձիերը գեղեցիկ են, խնամված:

Ես հարցնում եմ մի ծերունու.

- Կարելի՞ է ձեր ձին քշել:

- Ոչ,- հանգիստ պատասխանում է նա:

- Ինչու՞:

- Որովհետեւ ձին աշխատանքի է:

Թաղերը հնուց ի վեր հանդիսացել է արհեստների եւ արվեստի կենտրոն Հադրութում: Շատ արհեստներ արդեն անցել են պատմության գիրկը, սակայն հնագույն մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ դարբինները, մինչ այժմ համարվում են լավագույնները շրջակայքում: Մեծ Թաղերում երեք դարբին կա. նրանց մոտ պայտելու են բերում ձիերին ողջ Հադրութից:

Պայտագործ Արթուրն ամենաերիտասարդն է նրանցից: Նա գործը ժառանգել է իր հորից: Արթուրի փոքր արհեստանոցը, ուր շարժվելու տեղ չկա, լիքն է հին պայտերով:

- Դրանք ավելի շատ էին,- ասում է Արթուրը: - Մի ամիս առաջ եկան Երեւանից, մի պարկ տարան:

- Չգիտեմ՝ ինչի համար, - շարունակում է նա՝ երկաթե լարի ծայրը կրակի մեջ իջեցնելով: Ածուխների կրակը կարող է վառվել երկու միջոցով՝ հին՝ ձեռքի եւ էլեկտրականությամբ: Ձեռքի եղանակից հիմա քչերն են օգտվում: Հետո նա տաշեց լարը, ծռեց ծայրը, կտրեց ավելորդ երկաթը եւ հատիչով անցքեր արեց վրան մեխերի համար: Լավ պայտագործը մեխերը պատրաստում է յոթ սանտիմետրից ոչ ավելի երկարության, այսինքն՝ ձիու եղունգի հաստության, հակառակ դեպքում մեխը կխրվի մսի մեջ ու կենդանին կկաղա:

Երիտասարդ պայտագործն առաջինն է, ով չի բողոքում կյանքից: Դե, դա հասկանալի է. աշխատող ձիուն պայտում են ամիսը մեկ, իսկ Հադրութում ձիերի պակաս չկա:

Մյուս դարբինը՝ Ալեքսանդրը, պատմեց, թե ինչպես են պայտում անհնազանդ ձիերին: Կենդանու ոտքերը կամ կապում են չորսը միասին, կամ էլ եղջյուրով սեղմում են բերանը կամ ականջը, ու մինչ կենդանին որոշում է, թե որ ցավից խրտնել սկզբից, նրան արագ պայտում են:

Ես վրդովվեցի կենդանիների հետ նման բարբարոսական վարվելակերպից:

- Իսկ ինչպե՞ս պայտենք նման ձիերին,- ուսերը թոթվեց Ալեքսանդրը:

Ավելի լավ միջոց չգտնելով՝ ես ստիպված էի համաձայնել նրա հետ:

Ալեքսանդրը պայտագործությամբ զբաղվում է շուրջ տասը տարի: Մինչ այդ բանվոր էր գործարանում, պահեստում, խանութում էր աշխատում: Հիմա թոշակի է անցել: Սովետական Միության փլուզումից հետո աշխատանք չուներ, կյանքը դժվար էր, իր ընտանիքն էլ մեծ էր. այդպես որոշեց կառուցել արհեստանոց եւ յուրացնել պայտագործությունը:

- Ես գոհ եմ իմ կյանքից,- ժպտաց Ալեքսանդրը,- երեխաներիս մեծացրեցի, ահա թոռներս վազվզում են աչքիս առաջ, սեփական գործս ունեմ:

Նա 78 տարեկան է, սակայն անսպառ էներգիա ունի: Կարծում եմ՝ Մեծ թաղերը կարելի է համարել նաեւ երկարակյացների գյուղ: Այստեղ մինչեւ 100 տարեկան ապրելը սովորական բան է:

Նաիրիի ամուսնու՝ Գարիկի պապը մահացել է 106 տարեկան հասակում, իսկ պապի պապ Մովսեսը, ում դիմանկարը կախված է թեյարանում, ապրել է մինչեւ 120 տարեկան: Նրա ահռելի ուժի մասին գյուղում առասպելներ են հյուսում: Ասում են, եթե ինչ-որ մեկն, օրինակ, գողություն էր անում, Մովսեսը շրջան էր գծում գյուղամիջում, մեղավորին կանգնեցնում շրջանի մեջտեղում ու հարցնում.

- Ինքդ կխոստովանե՞ս, թե՞ խփեմ:

Բնականաբար, բոլորն ընտրում էին առաջին տարբերակը. նրա հարվածից դժվար թե որեւէ մեկը կենդանի մնար:

Հաջորդ կանգառը հյուսն Գարիկի տանն է: Նա նույնպես մասնագիտությունը ժառանգել է հորից: Տեսնելով, թե նրա որդին ինչպես է փորձում գայլիկոնով ծակել բետոնե գետինը, չեմ կասկածում, որ նա եւս շարունակելու է հոր գործը:

Գարիկի մեծ ընտանիքը ճաշում էր, երբ եկանք: Սեղանին խորոված է, անփոփոխ թթի օղին, տոմատի մածուկ եւ ճանճերի ու մեղուների երամը այս ամենի վրա: Մեզ ստիպեցին միանալ իրենց:

Սենյակում ամեն ինչ՝ աթոռները, սեղանը, մահճակալները, պատերը, առաստաղը փայտից են:

Ճաշից հետո Գարիկը մեզ տանում է լուսավոր, ընդարձակ արվեստանոց-ծածկապատշգամբ՝ պարուրված փայտի թարմ տաշեղի բույրով: Գարիկն աշխատում է Ստեփանակերտից պատվիրված դռան վրա: Պատվերները մեծ մասամբ այնտեղից են գալիս: Գյուղացիները հազվադեպ են պատվիրում, հիմնականում՝ դռներ, պատուհաններ եւ համեստ կահույք: Գյուղի տներում գրեթե բացակայում են պերճանքի առարկաները, միայն ամենաանհրաժեշտն է:

Գարիկը հիմնականում աշխատում է տեղական անտառափայտի՝ կաղնու եւ լորենու հետ: «Ճիշտ» ծառի բնի տրամագիծը պիտի լինի առնվազն 45 սանտիմետր եւ հնարավորինս սակավաճյուղ: Կտրելուց հետո գերանները 2-3 տարի չորանում են փակ, քամոտ վայրում:

Գարիկի՝ փայտագործություն սովորելու դրդապատճառը բավականին պարզ է: Նա մասնագիտությամբ մաթեմատիկոս է, դասավանդում է դպրոցում: Ուսուցչի աշխատավարձն առանց այն էլ մի բան չէր, իսկ նա նոր էր ամուսնացել եւ փողը չէր բավականացնում: Այդպես որոշեց յուրացնել հոր արհեստը:

Հիմա Գարիկը դասավանդում է աշխատանքի ուսուցում: Դպրոցից գոհ է՝ այն վերանորոգել են մեկ տարի առաջ սփյուռքահայ Փիրումյանների նվիրատվությամբ: Մեկ դրույքի (շաբաթական քսաներկու ժամ) համար աշխատավարձը 50000 դրամ է: Միայն վատ է, որ սակավաթիվ ուսուցիչներ ունեն շաբաթական 11 ժամից ավելի: Ուսուցիչները շատ են, այդ թվում նաեւ այնպիսիք, ովքեր վաղուց արդեն թոշակի պետք է անցնեն: Սակայն մեծահասակների հանդեպ անսահման հարգանքը դպրոցի ղեկավարությանը ստիպում է ոչ միայն չկրճատել նրանց, այլեւ ավելի շատ դասաժամ տրամադրել, քան երիտասարդներին: Գարիկը շաբաթական վեց դասաժամ ունի, եւ նրա աշխատավարձը ամսական 15000 դրամ է:

Բակում թթի օղի են քաշում: Թութը պահվում է տակառներում 8-10 օր, մինչեւ խմորվելը, հետո մեծ կիսատակառի մեջ եփվում է դանդաղ կրակի վրա: Կիսատակառից դուրս է գալիս խողովակ, ծայրին՝ փողրակ, որն իջնում է սառը ջրով տակառի մեջ: Եփվող զանգվածի գոլորշին անցնում է խողովակով, սառեցվում ջրում եւ հեղուկ սպիրտի տեսքով լցվում այլ տակառի մեջ:

Գարիկի ընտանիքը գյուղում ունեւոր է համարվում: Սակայն ես առանձնապես տարբերություն չեմ զգում հարուստների ու աղքատների միջեւ: Երբ Գարիկը գնում է գործիքների ետեւից, Նաիրին մատնանշում է մի քանի «նրբություններ». օրինակ՝ «երբ մենք եկանք, նրանք խորոված էին ուտում»:

- Հետո՞ ինչ, այստեղ ինձ բոլորը խորոված են հյուրասիրում:

- Այո, բայց դու հյուր ես: Մենք խորոված հիմնականում պատրաստում ենք, երբ հյուրեր ունենք: Իսկ Գարիկի ընտանիքը իրեն կարող է խորոված թույլ տալ, երբ միայն իրենք են:

Գարիկի տղան, հատակը ծակելու ապարդյուն փորձերը թողնելով, կենտրոնացավ իր մատների վրա:

- Գայլիկոնը հանգիստ թող, թե չէ կթակեմ,- առանց զայրույթի սպառնաց Գարիկը:

Առհասարակ, այստեղ երեխաներին ծեծել սպառնում են յուրաքանչյուր վայրկյան, սական դեռ չեմ տեսել մեկին, որ ծեծի կամ գոռա երեխայի վրա:

Գյուղում աշխատանք չի ճարվում, պատերազմից հետո ոմանք ձեռք են բերել հողեր, վարել, ցանել ու հարստացել, պակաս հաջողակները նրանց մոտ վարձվել են որպես մշակներ: Մյուսներն աշխատում են կոմբայնների եւ տրակտորների վրա: Ոմանք զբաղված են գազատար խողովակների անցկացման աշխատանքներում:

- Հիմա դաշտերի տերերի կյանքն էլ քաղցր չէ,- ասում է Գարիկը: - Արդեն ութ տարի է՝ ցանում են միեւնույն դաշտերում, հողն արդեն հոգնել է: Պարարտանյութն էլ թանկ է, բերում են հիմնականում Ստեփանակերտից կամ նույնիսկ Երեւանից: Արտագաղթը մեր գյուղից, ցավոք, շատ է:

Գյուղում հարուստներից չեն բողոքում:

- Աշխատել են, հասել իրենց ուզածին,- ասում են թաղերցիները:

Նրանց ձայնի մեջ գանգատ չկա, երբ պատմում են իրենց դժվար կյանքից. մի տեսակ բութ համակերպում կա, բայց նաեւ՝ հույս:

Երբ գյուղացիները խոսում են իրենց կյանքի մասին «մինչեւ պատերազմը», սովետական վարչակարգի օրոք, նրանց աչքերը փայլում են, եւ խոսքը կենդանանում է: Այն ժամանակ ամեն ինչ լավ էր. կար աշխատանք, զվարճանքներ, եւ չկար դեռ պատերազմ, որը կոտրեց նրանց հոգեպես եւ ֆիզիկապես:

Գիշերը բոլորս նստում ենք սեղանի շուրջ Նաիրիի տանը եւ վայելում, բնականաբար, խորոված: Գիշերն ենք ճաշում ոչ միայն այն պատճառով, որ Նաիրին ամբողջ օրը զբոսնել է ինձ հետ: Գյուղում ընդունված է ճաշել շատ ուշ եւ հիմնովին:

Նաիրիի հնգամյա որդին դույլով ջուր բերեց աղբյուրից: Ինքնուրույն: Կյանքում առաջին անգամ:

- Վա՜յ, մատաղ, արդեն մեծացել ես,- հուզված բացականչեց մայրը:

Տղամարդիկ նստեցին սեղանի մի կողմում, կանայք եւ երեխաները՝ մյուս: Գարիկը կանանց գարեջուր լցրեց: Տղամարդիկ թթի օղի էին խմում: Ինձ առաջարկեցին թթի կամ «սովորական» օղի իմ ընտրությամբ, եւ երբ հրաժարվեցի, ինձ էլ գարեջուր լցրեցին:

Տղամարդիկ կենացներ էին ասում, խփում միմյանց բաժակներին ու խմում: Կանայք ձեռք չտվեցին գարեջրին:

Հետո բոլորը սկսեցին երկար կենացներ ասել ինձ համար: Ասում էին, խփում, խմում:

- Հե՜յ, դուք իմ առողջության կենացն եք խմում, ինչու՞ իմ բաժակին էլ չեք խփում,- հարցրեցի ես,- ու մյուս կանանց բաժակներին էլ:

Գյուղում կանանց եւ տղամարդկանց հարաբերությունները բավականին ազատ են: Գարիկը երբեք չկշտամբեց Նաիրիին, որ նա ողջ օրը շրջել է ինձ հետ գյուղով եւ իրեն ու երեխաներին սոված թողել մինչեւ կեսգիշեր: Ու շփվում էին նրանք հավասարների պես, այլ ոչ «Գագոյի կնիկը հայացքը ծնկից վերեւ չպիտի բարձրացնի» : Ահա թե ինչու ինձ զարմացրեց այն, որ սեղանի շուրջ կանայք ու տղամարդիկ առանձին էին ու չէին շփվում միմյանց հետ:

- Չենք խփում, որովհետեւ կանայք չեն խմում,- ասաց Գարիկը:

-; Իսկ ինչու՞ չեն խմում:

- Դե, որովհետեւ չեն խմում:

- Իսկ ինչու՞ եք նրանց էլ լցնում:

- Դե... հենց այնպես:

Պարապությունից սկսեցի բարոյախրատական ճառ կարդալ կանանց հանդեպ անարդար վերաբերմունքի թեմայով: «Որքան սխալ է,- բորբոքվում էի ես,- որ այստեղ ընդունված է ամուսնանալ 18-20 տարեկանում եւ իրար ետեւից ունենալ, որպես կանոն, երեք երեխա, որ կանայք չեն մասնակցում գյուղի հասարակական կյանքին, որ նրանք ջուր են կրում աղբյուրից, իսկ տղամարդիկ՝ գյուղամիջում նստարանին բազմած, անտարբեր հետեւում են դրան ու կանանց այն աստիճան մարդ չեն համարում, որ նույնիսկ նրանց բաժակներին չեն խփում...»:

Նրանք լուռ լսում էին ինձ, մինչեւ վերջացրեցի ու լռեցի՝ ինքս էլ չհասկանալով պոռթկմանս պատճառը: Ես թաղերցի կանանց բոլորովին նսեմացած չէի համարում, իսկ կնոջ ու տղամարդու հավասարության հարցն ինձ հուզում է ճիշտ այնքան, որքան խնձորի ու տանձի հավասարության հարցը:

Տղամարդկանցից մեկը մասնագիտությամբ անասնաբույժ Գարիկին հարցրեց հիվանդ խոզի մասին, որին նա քիչ առաջ այցելել էր: Հետո կրկին լռություն տիրեց: Զրույցը չէր ստացվում, ես ինձ մեղավոր էի զգում, որոշ ժամանակ անց բոլորը ցրվեցին տներով:

Հաջորդ օրը կեսօրին, երբ ճաշում էինք Գարիկի տանը, նա կնոջը թթի օղի լցրեց:

- Խմիր,- ասաց նա:

Նաիրիի աչքերը կլորացան:

- Դե լավ, խմիր,- կրկնեց Գարիկը:

- Ես չեմ խմում, ես երբեք չեմ խմում,- մրմնջաց Նաիրին:

- Դե լավ, մեկ անգամ ոչինչ,- ժպտաց Գարիկը ու նայեց ինձ:

Նաիրին մի կում արեց, հազաց ու կանգնելով՝ շփոթված ասաց.

- Ջրի ետեւից պիտի գնամ:

- Նստիր, երեխային կուղարկեմ,- ասաց Գարիկն ու նորից նայեց ինձ:

Ա՜յ քեզ բան... Հուսով եմ՝ իմ երեկվա դասախոսությունը շուտով կմոռացվի, ու կյանքը գյուղում կշարունակի ընթանալ իր սովորական, հանգիստ հունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter