
Ռուսաստանում գրանցվել է օրական կտրվածքով կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 153 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Սա կորոնավիրուսի համավարակից տարածումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է Ռուսաստանում։ Մահացության վերջին ամենաբարձր ցուցանիշը Ռուսաստանում գրանցվել էր մայիսի 22-ին, երբ կորոնավիրուսից մահացել էր 150 մարդ։
Մայիսի 24-ի տվյալներով՝ COVID-19 կորոնավիրուսից մահացածների թիվը Ռուսաստանում հասել է 3 541-ի։ Մահացության մոտ 2000 դեպքերը բաժին են հասնում Մոսկվային, ևս 329-ը՝ Մոսկվայի մարզին։ Կորոնավիրուսից մահացության ցուցանիշներով երրորդ հորիզոնականում գտնվում է Սանկտ Պետերբուրգը, որտեղ մահացել է 133 մարդ, իսկ չորրորդը՝ Դաղստանն է (84 մարդ)։ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրերի թիվը հասել է 344,4 հազարի։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է մոտ 8 500 նոր դեպք։
Մայիսի 22-ին ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ Ռուսաստանին հաջողվել է «հատել» կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը։ Նրա խոսքերով, համավարակի գագաթնակետի ժամանակ երկրում օրական վարակման ցուցանիշը ամենացածր ցուցանիշներից մեկն է եղել ողջ աշխարհում։ Նա հավելել էր, որ 10 օր շարունակ Ռուսաստանում գրանցվում է կորոնավիրուսի վարակման անկում։
Լուսանկարը՝ «TACC» գործակալության
Մեկնաբանել