HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

4 անձի մեղադրանք է առաջադրվել. Քաջարանի համայնքապետի մասնակցությունը քրգործում նշված դեպքերին ստուգվում է

Մայիսի 24-ը Սյունիքի մարզում խաղաղ չի անցել: Մարզկենտրոն Կապանում՝ ոստիկանության շենքի դիմաց, մի խումբ ցուցարարներ էին հավաքվել և պահանջում էին ազատ արձակել բերման ենթարկված, ապա նաև ձերբակալված իրենց ընկերներին: Բերման ենթարկված քաղաքացիները 4-ն էին, ևս մեկին՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ էին բերման ենթարկել, և հետո ազատ էին արձակել: Ըստ մամուլում հրապարակված լուսանկարների՝ Նվեր Խաչատրյանի մարմնի վրա բռնության հետքեր կային:

Մի որոշ ժամանակ անհասկանալի էր մնում, թե ովքեր են բերման ենթարկվածները և ինչու են նրանց ձերբակալել, ինչ գործի շրջանակներում, սակայն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի հայտարարությունը որոշ չափով լույս սփռեց իրադարձությունների վրա: Փարամազյանի խոսքով՝ մի քանի օր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և իր մերձավորների բնակարաններում, որի արդյունքում, ըստ Քաջարանի համայնքապետի, որևէ կասկածելի բան չի գտել:

«Դրան հաջորդել են մեր համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ: Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է: Գաղտնիք չէ, որ ես երբևէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին, զբաղվել եմ բացառապես մեր համայնքի զարգացման, շենացման գործով, համարելով, որ դրանից աստվածահաճ ու պետականամետ ոչինչ չի կարող լինել: Ինչպես տեսնում ենք, սակայն, որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը»,- նշել էր Մանվել Փարամազյանը:

Բռնության ենթարկված Նվեր Խաչատրյանի մտերիմները այդ փաստի վերաբերյալ ահազանգել էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հայտնելով, որ ոստիկանությունը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ինչպես տանից բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ ոստիկանության բաժնում, ինչպես նաև նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ այս գործի ընթացքը կլինի իր ուշադրության ներքո:

Մայիսի 24-ի երեկոյան Կապանում՝ ոստիկանության շենքի դիմաց ավելի բազմամարդ ցույց սկսվեց, Երևանից ոստիկանության ներքին զորքերի ծառայողների տեղափոխվեցին Կապան: Հավաքվածները պահանջում էին իրենց ձերբակալված ընկերներին չտեղափոխել Երևան, ինչպես նաև պատժել Նվեր Խաչատրյանին բռնության ենթարկած քաղաքացիներին, այլապես սպառնում էին ճանապարհներ փակել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ՝ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:

Բողոքի ակցիայի վայր էին ժամանել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ու Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Վերջինս Կապանի ոստիկանության շենքից դուրս գալուց հետո հայտնեց, որ ձերբակալվածները կտեղափոխվեն Երևան, և այդ գործով կզբաղվի ազգային անվտանգության ծառայությունը: Նա կոչ արեց ցուցարարներին բացել ճանապարհները ոստիկանության մեքենաների համար, քանի որ իրեն վստահեցրել են, որ քրեական գործը կքննվի օրենքի սահմաններում, ինչպես նաև Նվեր Խաչատրյանին բռնության ենթարկած անձինք կենթարկվեն խիստ պատասխանատվության: Մանվել Փարամազյանի հայտարարությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները հեռացան:

Քիչ ավելի ուշ քննչական կոմիտեն մի շարք մանրամասներ հայտնեց քրեական գործի և դրա նախապատմության մասին: Մասնավորապես, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Ինչպես հաղորդել է քննչական կոմիտեն, շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ․-ին «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

2020թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը), իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով` 2մրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։

Քննչական կոմիտեն շեշտել է, որ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ գործողություններ են կատարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter