
Կառավարության կողմից սուբսիդավորվող ուսանողական վարկերի հասանելիությունը նախատեսվում է ընդլայնել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ընդլայնել կառավարության կողմից սուբսիդավորվող ուսանողական վարկերի հասանելիությունը։
Նման նախագիծ է ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությանից բացի հնարավոր կլինի նաև այլ անձանց /օրինակ՝ ուսանողի ամուսնու/ երաշխավորությունը ընդունել։ Նշենք, որ այժմ երաշխավոր կարող են հանդիսանալ միայն ուսանողի ծնողները կամ խնամակալները:
Բացի այդ, նախագծով նախատեսվում է 4 տարուց ավելի ուսումնառողներին 5-րդ մասնաբաժնով վարկ վերցնելու հնարավորություն ընձեռել։ Այսինքն՝ 4 տարուց ավելի տևողությամբ կրթական ծրագրով սովորողներին կտրամադրվի ևս մեկ մասնաբաժին վարկ՝ հնարավորություն ստեղծելով ավարտական կուրսում վճարել ուսման վարձը:
Նշենք, որ հայաստանյան բուհերում 4 տարուց ավելի տևողություն ունեն բժշկական և հեռակա ուսուցմամբ /5 տարի/ իրականացվող մասնագիտությունները:
«Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բարձրագույն կրթության ընդգրկվածության շարունակական աճին՝ հասարակության անապահով խմբերի համար բարձրագույն կրթությունն ավելի հասանելի դարձնելու միջոցով»,-նախագծում նշել է Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախարարության վիճակագրությամբ՝ 2015-2016, 2016-2017 ուսումնական տարում բուհեր հեռակա ուսուցմամբ յուրաքանչյուր տարի ընդունվել է 4000 ուսանող:
Ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրի գործարկումից՝ 2013 թվականից, մինչ այս տարվա մայիսի 18-ը՝ 11 համագործակցող բանկերի կողմից տրամադրվել է 16 610 ուսանողական վարկ՝ ավելի քան 5 մլրդ դրամ ծավալով։
Նախարարությունը նաև հայտնել է, որ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման» շրջանակում մինչև դեկտեմբերի 31-ը պետության կողմից ուսանողական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար սահմանվել են ավելի բարենպաստ պայմաններ, ինչի արդյունքում ուսանողական վարկերի ծրագիրը բավական ակտիվացել է։
«Հաշվի առնելով վարկերի ստացման պայմանների վերաբերյալ վարկառուներից ստացվող արձագանքները՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել երաշխավորների շրջանակը»,- նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշենք՝ 2013 թվականին գործադիրը սահմանել է, որ կառավարության կողմից սուբսիդավորվող ուսանողական վարկեր կարող են ստանալ պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բուհերի` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի ուսանողները։ Ուսումնառության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ուսանողի հաշվով առավելագույնը նախատեսվում է 2 միլիոն 800 հազար դրամ վարկ` առավելագույնը 4 մասնաբաժնով։ Յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը՝ ոչ ավելի, քան 700 հազար դրամ` կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից։
Մեկնաբանել