HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը դատարան չի տեղափոխվել, Սեյրան Օհանյանի պաշտպանն առողջական խնդիր ունի․ նիստը նորից հետաձգվեց

Մարտի 1-ի գործով մեղադրյալներից Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը կորոնավիրուս է ախտորոշվել, Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բուժում է ստանում «Իզմիրլյան բժշկական կենտրոնում, իսկ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դիմում է ներկայացրել դատական նիստը հետաձգել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, նման պայմաններում այսօր հետաձգեց Մարտի 1-ի գործով վերը նշված ամբաստանյալի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ դատական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարան դիմում է ստացվել փաստաբան Կարեն Մեժլումյանից, որն Ինեսսա Պետրոսյանի ամուսինն է, նույնպես ներկայացնում է Սեյրան Օհանյանի շահերը։ Մեժլումյանը գրությամբ հայտնել է, որ Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել,  ինչի պատճառով նա չի կարող ներկայանալ դատական նիստին։ Ինքը՝ Մեժլումյանը, որպես կոնտակտավոր անձ, ինքնամեկուսացվել է, ուստի նա ևս չի կարող ներկայանալ:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից դատարան ուղարկված գրության համաձայն, ելնելով  առողջական վիճակից՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ բժշկական կենտրոնից ուղարկված գրության մեջ առկա չեն տեղեկություններ, թե որքան ժամանակ Քոչարյանը չի կարող մասնակցել նիստերին։

Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիմումին, նա դատարանին միջնորդել է նիստերը հետաձգել մինչև Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հանդարտեցումը։

Դատական հաջորդ նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 9-ին։

Նշենք, որ վերջին երեքուկես ամսվա ընթացքում երեք դատական նիստ է կայացել։ Դատավարության կողմերը նիստերին չեն կարողանում ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Նախ դատավոր Աննա Դանիբեկյանն էր վիրահատվել, ապա՝ Ռոբերտ Քոչարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter