
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի նկատմամբ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատախան ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը։
Հիշեցնենք, որ Տիգրան Աթանեսյանը հայտնել է այն մասին, որ մայիսի 21-ին իր տան մերձակա տարածքում մի քանի անձ հայհոյել ու սպառնացել են իր տիկնոջն ու անչափահաս երեխաներին։ Այդ ժամանակ փաստաբանը տանը չի եղել։ Երբ կինը տեղյակ է պահել տեղի ունեցածի մասին, Աթանեսյանը տուն է եկել և, իր խոսքով, այդ մարդիկ հարձակվել իր վրա։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանության աշխատակիցներն են նրանց դեպքի վայրից հեռացրել։ Դեպքի առթիվ Աթանեսյանի ընտանիքի անդամները բացատրություններ են ներկայացրել։
Փաստաբանը դիմել է պահնորդական ծառություն՝ իր տան անվտանգությունն ապահովելու խնդրանքով։ Տեղի ունեցածը Տիգրան Աթանեսյանը կապում է իր մասնագիտական գործունեության հետ։
Մեկնաբանել