
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական 1000 թեստ կարտադրի կորոնավիրուսի ախտորոշման համար
Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը մոտ օրերս կուղարկի փորձարկման առողջապահության նախարարություն: Այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության հաղորդմամբ՝ ակադեմիայի ղեկավարությունը ծանոթացել է թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկել աշխատանքների ընթացքը և զարգացումները:
«Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասել է Արսեն Առաքելյանը: Նա վստահեցրեց, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատեց կատարվող աշխատանքները և ասել, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է աջակցել բոլոր հարցերում:
Մեկնաբանել