HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սթրես» կենտրոնը չի ստանա պետպատվեր․ բուժվողներին ուղղորդել են հոգեկան առողջության կենտրոններ

«Սթրես» հոգե­կան առողջության վերականգնման կլինի­կայի մոտ 350 շահառու այս տարվա հունվարից զրկվել են կենտրոնում պետպատվերով բուժում ստանալու հնարավորությունից․ նրանց բոլորին Առողջապահության նախարարությունն ուղղորդել էր «Ավան հոգեկան առողջության կենտրոն» և Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։

Մինչ այս, պետպատվերը հատկացնում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն 2020թ.-ից ծրագիրը փոխանցվել է Առողջապահության նախարարությանը։ Վերջինիս ստեղծած հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարել եւ որոշել վերանայել պետպատվերի հատկացման անհրաժեշտությունը:

«Սթրես» հոգե­կան առողջության կենտրոնի շահառուները, սակայն, «Հետք»-ին պատմել են, որ իրենք բոլորովին այլ բուժում են ստացել, քան իրենց առաջարկվում է «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ում և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում։

Ըստ «Սթրես» կենտրոնի հոգեբույժ Սամվել Սուքիասյանի՝ կենտրոնը միակն է Հայաստանում, որ մասնագիտացած է հենց հոգեկան առողջության վերականգման ուղղությամբ, իսկ հոգեբուժարաններն այլ գործառույթ են իրականացնում:

««Սթրես» կենտրոնն ի սկզբանե աշխատել է առողջ մարդկանց հետ, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ, որոնք իրենք չեն կարողանում լուծել, որոնք վերջ ի վերջո բերում են թե ՛ ֆիզիկական, թե՛ մարմնական տառապանքի, ու այդ մարդկանց օգնությունն այս կենտրոնն է ցուցադրում։ Կենտրոնն իր գործառույթներով ու լուծվող խնդիրներով՝ հոգեբուժարան երբեք չի եղել»,- մեզ հետ զրույցում ասել էր նա։

Մարինե Մինասյան․ «Բժիշկն ասաց՝ ընդհանրապես մեզ մոտ ոչ մի սիստեմայով բուժում չի լինում»

Մայիսի 8-ին Մարինե Մինասյանը, որը «Սթրես» կենտրոնի շահառուներից է, այցելել է «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ը, որպեսզի ստանա հերթական դեղերը և բժշկի հետ քննարկի բուժումները սկսելու հարցը։ Բուժման ընթացքին ծանոթանալու համար տիկին Մարինեին ուղղորդել են բժշիկ Մարինա Բորիսովնայի մոտ։

Մարինե Մինասյանը բժշկից հետաքրքրվել է, թե ինչպիսի բուժում պետք է ստանա և ինչ մեթոդներով։ Մարինա Բորիսովնան բացատրել է, որ իրենք սիստեմաներով բուժում չեն իրականացնում, միայն դեղորայքային բուժում է և «Սթրես կենտրոն»-ի շահառուները ևս պետք է դեղորայքային ստացիոնար բուժում ստանան։

«Բժիշկն ասաց՝ եկեք փորձենք առանց սիստեմաների բուժել։ Ես այդ դեղահաբերը տանն էլ եմ խմում, ամբողջ տարի եմ խմում՝ առանց հիվանդանոց պառկելու։ Դրանք բացարձակ ազդեցություն չունեն։ Իրենց դեղահաբերն էլ մարդուն լրիվ անջատում են։ Իմ բուժման 13 տարվա փորձը ցույց է տվել, որ ինձ սիստեմաներն են բուժում»,- ասում է Մարինե Մինասյանը։

Մարինե Մինասյանն ամբողջ տարի ընդունում է պետության հատկացրած դեղահաբերը, որոնք, ըստ նրա, պարտադիր պահպանողական դեղահաբեր են և չեն բուժում։ Վստահեցնում է՝ պետպետվերի ուշացման պատճառով օրեր շարունակ ուշաթափվել է և կարողացել է դրանցից ազատվել՝ միայն սիստեմաներ ընդունելով։

Տիկին Մարինեի խոսքով՝ եթե որոշվի, որ դեղորայքային բուժումը ստանալու է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կամ «Ավան հոգեկան առողջության կենտրոնում», չի օգտվի պետության տրամադրած այդ պետպատվերից, քանի որ իր համար այդ բուժումներն արդյունավետ չեն։

Մենք փորձեցինք կապ հաստատել ԱՆ կողմից ուղղորդված հաստատությունների հետ՝ հասկանալու՝ ինչ բուժում է առաջարկվելու «Սթրես» կենտրոնում բուժում ստացող մարդկանց։

«Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ի հեռախոսահամարներից և ոչ մեկը օրեր շարունակ չէր պատասխանում, իսկ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցերին:

Հարցում ուղարկեցինք Առողջապահության նախարարություն՝ մեր հարցերի պատասխանը ստանալու համար, ինչպես նաև՝ ճշտելու, թե մինչ օրս 350 քաղաքացուց քանի՞սն է ստացել իրեն հասանելիք պետպատվերով բուժումը։ Սակայն այս հարցերին պատասխանելու համար ԱՆ-ն մեկ ամիս ժամանակ է խնդրել։

«Նպատակային, որակյալ և արդյունավետ հոգեբուժական օգնություն»․ ԱՆ եզրակացությունը

«Սթրես» կենտրոնի շահառուներից Հայկ Եղիազարյանը, 30 այլ շահառուների հետ մարտի 24-ին նամակ-դիմում էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով իրենց խնդրի մասին։ Վարչապետի աշխատակազմը դիմումը մակագրել էր Առողջապահության նախարարությանը։

Ապրիլի 30-ին Հայկ Եղիազարյանն Առողջապահության նախարարությունից դարձյալ պատասխան էր ստացել, որ հոգեբուժական ծառայության մասով պետական պատվերը պատվիրակված է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ներին։

«Դուք, ինչպես նաև դիմումում նշված անձինք բուժօգնության համար կարող եք դիմել վերը նշված բժշկական կազմակերպություններ»,- նշված էր ծրագրի շահառուներին ուղարկված պատասխանում։

Թեև, ըստ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի, Առողջապահության նախարարությունն ամենաուշը մարտի սկզբին պետք է պետպատվերի հատկացման որոշում ունենար՝ եզրակացությունը տրվել է միայն այսօր՝ մայիսի 26-ին։

Ծաղիկ Վարդանյանը «Հետք»-ին հայտնեց, որ հանձնաժողովի նիստ է եղել, որտեղ մասնագիտական խումբը քննարկել է կենտրոնին պետպատվեր տրամադրելու հարցը՝ տևական ժամանակ ուսումնասիրելով հոգեկան առողջության խնդիր ունեցող, խնամքի ծառայություններ մատուցող, բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպությունները:

«Առավել նպատակային, որակյալ և արդյունավետ հոգեբուժական բժշկական օգնություն կազմակերպելու և այս ոլորտում առողջապահական ցուցանիշները բարելավելու նպատակով Երևան քաղաքում հոգեբուժական ծառայությունները համախմբվել են «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ում և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ընկերություններում ՝ համալրելով այս երկու բժշկական կազմակերպությունները և զարգացնելով այդ կազմակերեպությունների կադրային ներուժը։ Այսինքն, մենք գտնում ենք, որ այս ձևաչափով շատ ավելի ճիշտ կլինի։ Արդյունքում՝ «Արթմեդ» ԲԿ-ում գործող «Սթրես» հոգեկան առողջության վերականգման բաժանմունքի ծառայությունները պետական պատվերի շրջանակներում կիրականացվեն նշված երկու հաստատությունում, այսինքն՝ մենք պետպատվեր չենք տրամադրի»,- «Հետք»-ին հայտնեց Ծ․ Վարդանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter