HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հեռավար սովորել, թե՞ հաճախել դպրոց. կաքավասարցի փոքրիկները գերադասում են վերջին տարբերակը

Կաքավասարի դպրոցը տարրական է: Կաքավասարցի փոքրիկներն այստեղ հաճախում են մինչեւ 4-րդ դասարան, այնուհետեւ ուսումը շարունակում հարեւան Փոքր Սարիարի միջնակարգ դպրոցում: Անցած ուսումնական տարում Կաքավասարի դպրոցում առաջին զանգը հնչել է մեկ՝ առաջին եւ մեկ՝ 3-րդ դասարանցու համար: Երկու աշակերտուհու համար դպրոցում առանձնացրել էին մեկ դասասենյակ. սա կոչվում է կոմպլեկտավորում, երբ տարբեր դասարանների աշակերտներին՝ պայմանավորված թվաքանակով, տեղավորում են նույն տարածքում: Այս տարվա սեպտեմբերին Կաքավասարի տարրական դպրոցը առաջին դասարան չի ունենա, երկու աշակերտի սպասում են 2021 թ.-ին:

6-ամյա Համեստ Գառնիկյանի համար մեծերի «կորոնավիրուսային աշխարհը» անհասկանալի ու հեռավոր մի բան է: Փոքրիկի համար անտանելին մարտ ամսից դպրոցի փակվելն ու ուսումնառության հեռավար պահանջն է եղել: Աղջնակի մայրը՝ Արմինե Կիրակոսյանը, ասում է, որ Համեստը մեծ պատրաստակամությամբ նախ հաճախել է հարեւան Փոքր Սարիար գյուղում գտնվող նախակրթարան, նույն տրամադրությամբ էլ, անցած սեպտեմբերին, ոտք է դրել Կաքավասարի տարրական դպրոց: «Կորոնավիրուսի պատճառով անընդհատ տանը մնալը նեղում է իրեն»,-նկատում է մայրը:

«Հիմա էլ, որ թողնեն, ես կգնամ դպրոց,- մորը լրացնում է փոքրիկը՝ լուրջ հայացքով նայելով դեմքիս,- էնքան եմ նեղվում, որ հեռախոսով մենակ ընկեր Մանուկյանի ձայնն եմ լսում, բայց իրեն չեմ տեսնում: Սեպտեմբերին, որ առաջին զանգը տվեց, էնքան գեղեցիկ էր, ու ես շատ սիրեցի դպրոցը, հետո տխրեցի, որ ասին էլ չենք գնալու: Հիմա շատ եմ կարոտում, ուզում եմ գնալ, ուզում եմ ընկերուհուս հետ խաղալ, ուզում եմ, որ ընկեր Մանուկյանը դասարանում բացատրի, հեռախոսով մի տեսակ էն չի»: Մայիսի 22-ին, հեռախոսով հրաժեշտ է տվել առաջին ուսուցչուհուն, ստացել հանձնարարություններ ամառային արձակուրդների համար եւ անհամբեր սպասում է սեպտեմբերին: 

Համեստը ստեղծված իրավիճակը փորձում է հասկանալ իր՝ տարիքի ընձեռած հնարավորությունների սահմաններում: Իսկ դա այնքան էլ մեծ չէ, քանի որ կյանքը տանն ընթանում է սովորական հունով, սակայն փոխվել է դրսի աշխարհը, որի ամենալուսավոր կետը դպրոցն էր: «Հեռավարի հետ կապված մենք պրոբլեմ ունեցանք, որովհետեւ ինտերնետ կապ չունեինք, ստիպված հեռախոսով զանգում էինք, բարձրախոսը միացրած երեխեն էդպես դաս էր անում: Համեստիկին պլանշետ էին տվել, բայց մենք կապ չունեինք, որ օգտվեինք դրանից,- բացատրում է Արմինեն,- ժամ ու կես էր տեւում դասը, մայրենիի եւ մաթեմատիկայի դասերն ընկեր Մանուկյանի հետ հեռախոսվ էինք անում, իսկ տեխնոլոգիան եւ կերպարվեստը ես էի օգնում երեխային, հետո արած դասը նկարում էինք, վայբերով ուղարկում էի ուսուցչուհուն: Լավ կլիներ, որ սեպտեմբերին դպրոցները բացվեին, տղայիս մասին էլ եմ մտածում, Աշոտիկի 5 տարին լրանում է, պիտի նախակրթարան ուղարկենք, կուզեմ, որ անպայման գնա, հետո դպրոցում ավելի հեշտ լինի տղայիս»:

Ընտանիքի հայրը՝ 34-ամյա Անդրանիկ Գառնիկյանը եւս մտահոգված է գալիք սեպտեմբերին դպրոցների հեռավար ուսուցման անցնելու վերաբերյալ խոսակցություններից: Անդրանիկը մարտի 16-ից գործազուրկ է, պատմում է, որ վերջին մի քանի տարին, վճարովի հիմունքներով, Կաքավասարի եւ Բաշգյուղի դպրոցականներին ու ուսուցիչներին տեղափոխում է Փոքր Սարիար եւ դասերի ավարտից հետո, նույն երթուղով, բոլորին հետ տանում (այդ նպատակով տրանսպորտային միջոց է վարձակալել): Գառնիկն ասում է, որ գյուղական դպրոցներում աշակերտների մեծ խտություն չկա, օրինակ Փոքր Սարիարի դպրոցում, որ նախատեսված է 100-140 աշակերտի համար, երեք գյուղից հաճախող երեխաների թիվը չի գերազանցում 50-ը:

«Գյուղերում ծնելիությունը պակասել է, երիտասարդ ընտանիքները դուրս են գալիս: Ես էլ մեկ-մեկ կմտածեմ գյուղից գնալու մասին, գուզեմ, որ երեխեքս ավելի լավ կյանք տեսնին, ավելի շատ բան տեսնին, զբաղմունք ունենան: Կաքավասարում մի հատ դպրոց կա ու վերջ, ոչ պարի, ոչ երաժշտական, ոչ նկարչական խմբակ կա: Համեստիկս շատ ընդունակ երեխա է, բայց ես հնարավորություն չունիմ շաբաթը թեկուզ 2 անգամ երեխուն Գյումրի կամ Աշոցք տանիմ, օր պարի խմբակ կամ դաշնամուրի էրթա: Տղես էլ էս սեպտեմբերին նախակրթարանի սան է, բայց հըլը չիդենք, բդի էրթա, թե՞ չէ,-մտահոգվում է Անդրանիկը,- ես կկարծեմ, օր հատկապես փոքր տարիքի էրեխեքին դասատուի հետ շփվելը շատ կարեւոր է, ու լավ կեղներ, օր սեպտեմբերին գոնե փոքրերը դասի էրթային, մանավանդ էս մեր դպրոցը երկու էրեխա են, երկու էրեխի հեռավարը ո՞րն է»:

Կաքավասարի տարրական դպրոցի միակ ուսուցչուհին՝ Ռեբեկա Մանուկյանը, մանկավարժի 32 տարվա փորձ ունի: Կաքավասար հարս է եկել 1992թ.-ին, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղից: Հիշում է, որ Կաքավասարում իր՝ աշխատանքի անցած տարում, դպրոցում մոտ 20 աշակերտ է եղել, տարեցտարի պակասել են, անցած ուսումնական տարում երկու աշակերտուհի ուներ՝ առաջին դասարանցի Համեստն ու 3-րդ դասարանցի Թեհմինան, հաջորդ տարի աշակերտական կազմը դարձյալ չի փոխվի՝ առաջին դասարանում ընդունելություն չունեն: 

Ռեբեկա Մանուկյանն ասում է, որ հեռավար ուսուցման անցնելու որոշումն անակնկալի է բերել շատերին, այդ թվում` իրեն: «Իրականում պատրաստ չէինք, որովհետեւ հատկապես գյուղերում ինտերնետ կապի խնդիր կա: Ես ստիպված դասն արել եմ սովորական հեռախոսազանգի միջոցով: Ես չէի տեսնում երեխային, ինքն էլ ինձ, դա բավական բարդ պրոցես է հատկապես այդ տարիքային խմբի երեխաների հետ աշխատելիս, երբ տեսողական կոնտակտը պարտադիր է,- բացատրում է Ռեբեկա Մանուկյանը,- առաջին դասարանցի երեխան պետք է տառ գրի, շատ դեպքերում ձեռքը բռնում ես որ սովորեցնես, երեխան պիտի գրատախտակի վրա տեսնի, ինքն էլ վարժությունը կատարի, որ սովորի: Հեռախոսով բաժանում, բազմապատկում ես բացատրում, բայց վստահ էլ չես, թե երեխան ամեն ինչ ընկալեց»:

Ըստ, բազմափորձ մանկավարժի, տարրական օղակում է դրվում հետագա գիտելիքների պաշարի կուտակման հիմքը, համարում է, որ բարձր դասարաններում հեռավարը գուցե արդյունավետ է, սակայն տարրական դասարանների դեպքում պետք է վերանայել որոշումը: Կաքավասարի տարրական դպրոցի տնօրեն Գնել Ղազարյանը վստահեցնում է, որ սեպտեմբերին, եթե դպրոցները բացելու որոշում ընդունվի, իրենք պատրաստ են եւ կարող են ապահովել երեխաների անվտանգ ուսումնառությունը:

«Դպրոցում 4 դասարան կա, բայց քանի որ երկու աշակերտ ունենք, մեկ դասարանն ենք օգտագործում, որտեղ երկու սեղան-նստարան է դրված ընդամենը, եւ տարածքն էլ թույլ է տալիս դրանք ավելի հեռու դնել իրարից: Խոսակցություններ կան, որ մեծ դասարանները պետք է կիսեն, 10-ական աշակերտով դասերն անեն, բայց գոնե Կաքավասարի դպրոցն էդ խնդիրը չունի,- ասում է Գնել Ղազարյանը,- հիմա տեսնենք մինչեւ օգոստոս ինչ կորոշեն, ես հույս ունեմ, որ կթույլատրեն տարրական օղակին դպրոցում կազմակերպել դասերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter