HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարթոնքի նախկին համայնքապետի հարազատները տիրացել են համայնքի 42 հա հողերին և լճին

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքը 23 տարի ղեկավարած Պարույր Սարգսյանը 2019թ. բողոքի ակցիաներից հետո հրաժարական տվեց: Ուսումնասիրելով համայնքում իրականացված օտարումները, վարձակալության պայմանագրերը՝ պարզվեց, որ Պարույր Սարգսյանի հարազատները տիրապետում են գյուղի մեծ չափով հողերի:

Պարույր Սարգսյանի հրաժարականին նախորդել էր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար կազմի այցելությունը գյուղ և տեղում կատարված ուսումնասիրությունը։ ՊՎԾ-ի կազմած տեղեկանքն ուղարկվել է Գլխավոր դատախազություն, ապա՝ Քննչական կոմիտե և միացվել է Զարթոնքի նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանին առնչվող քրեական գործին։

Ներկայացնում ենք ՊՎԾ-ի ուսումնասիրությամբ հայտնաբերված և ուսումնասիրությունից դուրս մնացած մի շարք դեպքեր, որոնցով գործողություններ են կատարվել Զարթոնքի նախկին համայնքապետի ազգականների օգտին։

Հեռահաղորդակցության կայանի հողը

Զարթոնք համայնքում 2009 թ․-ին շահագործման է հանձնվել «Վիվա-ՄՏՍ» ընկերության հեռահաղորդակցության կայանը։ Դա այն սարքավորումներից է, որ տեղադրվում է տվյալ տարածքում բջջային կապ ապահովելու նպատակով։ Կայանը տեղադրված է Զարթոնք համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի թոռան՝ Վարդգես Սարգսյանի վարձակալած համայնքային հողի վրա։ ՊՎԾ-ն իր ուսումնասիրությունում միայն արձանագրել է, որ Վարդգես Սարգսյանը համայնքից վարձել է 0․07 հա հող 2520 դրամով և համայնքին պարտք է երկու տարվա գումար՝ 5040 դրամ։ Եթե ՊՎԾ աշխատակիցներն այցելեին հիշյալ հողակտոր, ապա կտեսնեին հողի վրա կառուցված հեռահաղորդակցության կայանը։ Դրանից հետո, գուցե, բազմաթիվ հարցեր ծագեին նրանց մոտ։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Զարթոնք համայնքին պատկանող 658 քմ հողի նկատմամբ 2017 թ․-ին գրանցվել է Վարդգես Սարգսյանի վարձակալության իրավունքը։ Կադաստրային գործում տեղեկություններ չկան ո'չ հողի կատեգորիայի փոփոխման, ո'չ էլ այն ենթավարձակալության տալու մասին։ «Վիվա-ՄՏՍ»-ից, առևտրային գաղտնիքի պատճառաբանությամբ, հրաժարվեցին մեզ տեղեկություններ տրամադրել, թե տարիներ շարունակ ու՞մ և ի՞նչ հիմքով են վճարել կայանի զբաղեցրած հողի վարձակալության գումարը։ Զարթոնք համայնքի ավագանին էլ 2017 թ․-ին կայանի զբաղեցրած հողի կատեգորիայի փոփոխման փոխարեն փոփոխել է դրա հարևանությամբ գտնվող՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող հողի կատեգորիան։ Զարթոնքի համայնքապետարանում տեղեկություն չունեն, թե ինչ հիմքով է «Վիվա-ՄՏՍ»-ը կայանը տեղադրել համայնքային հողում։

15 հա հողը՝ համայնքի ղեկավարի ազգականին

Զարթոնք համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի եղբոր քենակալը (բաջանաղ) փաստաթղթերով դարձել է գյուղի 15 հա հողակտորի սեփականատեր։ Ընդամենը 950 հազար դրամով 2011 թ․-ին համայնքի նախկին ղեկավարի քենակալ Սամվել Պողոսյանը, աճուրդում հաղթող ճանաչվելով, դարձել է 15 հա հողակտորի սեփականատեր (1հա–ն՝ 63 հազար դրամ)։ Գույքը աճուրդում ձեռք բերելուց հետո դրա սեփականատերը գույքը մինչ օրս պետական գրանցման չի ներկայացրել։ Ըստ Կադատրի կոմիտեի՝ 15 հա հողակտորի նկատմամբ մինչ օրս գրանցված է Զարթոնք համայնքի սեփականությունը։ Հողատարածքն այժմ տնօրինում է նախկին համայնքապետի եղբայրը։ Պետական վերահսկողական ծառայության ստուգումներում համայնքային գույքերի օտարումներին անդրադարձ չի կատարվել։

Շինությունն ու հողը՝ համայնքի ղեկավարի եղբորը և մյուս եղբոր որդուն

Զարթոնք համայնքի մշակույթի տան քարուքանդ շենքը «շրջափակված» է։ Խորհրդային տարիներին մշակույթի տան շենքի դիմացի հատվածում՝ խաչմերուկի անկյունում ճաշարան է գործել։ Այդ շինությունը դարձել է համայնքի նախկին ղեկավարի որդու՝ Սուրեն Սարգսյանի սեփականությունը, հետո արդեն՝ նրա զավակներինը։ Շինության հարակից հողն էլ նույն տրամաբանությամբ անցել է սկզբում որդուն, հետո՝ որդու ընտանիքին բաժնային սեփականությամբ։ Այժմ մշակույթի տան դիմացի հիշյալ հողը պարսպապատվել է։

Մշակույթի տան ետնամասի՝ 450 քմ մակերեսով հողն էլ 2018 թ.-ին համայնքից վարձել և պարսպապատել է համայնքի ղեկավարի եղբոր որդին՝ Նշան Սարգսյանը։ 1680 դրամ վարձակալության գումարը Սարգսյանը տարիներ շարունակ չի վճարում։ Հողամասի հարակից շինությունն էլ է օտարվել նույն Նշան Սարգսյանին։ Հետագայում շինությունը վարձակալության է տրամադրվել մի անհատ ձեռներեցի։

Մեքենան՝ համայնքի ղեկավարին

Զարթոնք համայնքի ավագանին 2018 թ–ի ապրիլի 10-ի որոշում է համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող  «Hyundai»–ի մակնիշի մեքենան նվիրել համայնքի բնակիչ, ապրիլյան պատերազմի մասնակից Արամ Հովսեփյանին։

2018 թ․-ի ապրիլի 10-ի՝ Զարթոնք համայնքի ավագանու որոշման մեջ ասված է․ «Հիմք ընդունելով Ադրբեջանի Հանրապետության կողմից Ղարաբաղի Հանրապետությունում 2016 թ․-ի ապրիլին իրականացված ռազմական գործողությունների ժամանակ Զարթոնք համայնքի բնակիչ Արամ Հովհաննեսի Հովսեփյանի ցուցաբերած բացառիկ արիությունը, ծանր վիրավորվելուց հետո կրկին շարքեր վերադառնալը և հայրենիքի նկատմամբ իր պարտավորությունների անձնվեր իրականացումը, նրա ներկայիս սոցիալական վիճակը և այլն, որ նա ունի տրանսպորտային միջոցով տեղաշարժվելու ֆիզիկական անհրաժեշտություն, ինչպես նաև Զարթոնք համայնքի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցի մաշվածության աստիճանը, համայնքի ավագանու անդամների առաջարկությունը․․․ ավագանին որոշում է ավտոմեքենան նվիրատվություն կատարել Արամ Հովսեփյանին»։

Նվիրատվությունից հետո մեքենան չի փոխանցվում Արամ Հովսեփյանին և շահագործվել է համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի կողմից։

Այս որոշումից հետո Հայաստանում տեղի է ունենում թավշյա հեղափոխությունը։ Դրանից հետո մեքենան թղթերով նվեր ստացած Արամ Հովսեփյանին արտագնա աշխատանքից կտրում, գյուղ են բերում, որպեսզի մեքենան նվիրի համայնքին։ Նվիրատվության առաջին որոշումից 3 ամիս անց այն նվերի տեսքով ետ է վերադառնում կրկին համայնքապետարանի հաշվեկշիռ։

Լիճը՝  համայնքի ղեկավարի աղջկան

Զարթոնք համայնքում 22.9 հա հող է վարձակալել նախկին համայնքապետի աղջկը՝ Նարինե Մելքոնյանը։ Նա նաև Զարթոնքի դպրոցի տնօրենն է։ ՊՎԾ–ն իր ուսումնասիրության մեջ արձանագրել է, որ Նարինե Մելքոնյանը 2003 թ․-ին վարձել է համայնքային հողը 68700 դրամով (1 հա–ն՝ 3000 դրամ) և վերջին երեք տարիներին վարձը չի վճարել։ Նույնիսկ Պետական վերահսկողական ծառայությունը չի կարողացել գտնել վարձակալության հանձնված գույքի հիմքերը՝ ավագանու որոշում, աճուրդի անցկացման փաստաթղթեր և այլն։

Լիճն 99 տարով տրվել է վարձակալության, ապա՝ ենթավարձակալության

Զարթոնք համայնքում, բացի նախկին համայնքապետի աղջկա վարձակալած լիճը, կա ևս մեկ լիճ, որը համայնքից վարձել է հարևան գյուղի բնակիչը, ապա՝ ենթավարձակալության հանձնել։

2009 թ․-ին Արամ Դավթյանը 99 տարով վարձակալել է 35 հա տարածք զբաղեցնող լիճը 160 հազար դրամով։ 1 հեկտարի արժեքը՝ 4500 դրամով։ Արամ Դավթյանը լճի նկատմամբ իրավունք ստանալուց հետո այն ենթավարձակալության է տրամադրել Գագիկ Հովհաննիսյանին։ Տարածքում հանգստի գոտի է ստեղծվել, ձկնորսություն է կազմակերպվում։ Թե ինչ արժեքով է ենթավարձակալության տրամադրվել համայնքային լիճը՝ հայտնի չէ։

Զարթոնք համայնքի նախկին ղեկավարի ազգականների կողմից տնօրինվող համայնքային գույքի ցանկն այսքանով չի սահմանափակվում։ Զարթոնքի ավագանու անդամ, նախկին համայնքապետի թոռ Նարեկ Մելքոնյանը համայնքից 48300 դրամով վարձել է 3.74 հա հողատարածք։ Մյուս թոռը՝ Վարդգես Սարգսյանը, 38 հազար դրամով վարձել է 3.8 հա հողատարածք։ Նախկին համայնքապետի երրորդ թոռը՝ Արգիշտի Մելքոնյանը, 3980 դրամով համայնքից վարձել է 7.55 հա հողատարածք։ Արգիշտի Մելքոնյանը 2415 դրամով էլ վարձել է 4.59 հա հողակտոր, իսկ 1950 դրամով՝ մեկ այլ՝ համայնքին պատկանող 3.69 հա հողակտոր։ Զարթոնքի նախկին համայնքապետի եղբորորդին՝ Մխիթար Սարգսյանը, 1525 դրամով վարձել է 2.9 հա համայնքային հողակտոր։ Նախկին համայնքապետի թոռնուհու ամուսինը՝ Վահե Հովհաննիսյանն էլ 1050 դրամով դարձել է համայնքային 0.4 հա հողի վարձակալը։ Այս ամենից զատ՝ համայնքապետարանի նախկին քարտուղարի որդին՝ Յուրիկ Աղջոյանն էլ 53550 դրամով վարձակալել է համայնքային ենթակայության 3.67 հա հողատարածքը։

Ի դեպ, Զարթոնքի համայնքապետարանում չկան վարձակալության պայմանագրերի հիմքերը՝ աճուրդները, դրանց վերաբերող մյուս փաստաթղթերը։ Պետական վերահսկողական ծառայությունն էլ է իր տեղեկանքում արձանագրել այդ հանգամանքը։ 

Զարթոնքի քրեական գործերը կարճվում են

2019 թ․-ին Զարթոնք համայնքում գյուղացիների բողոքի ակցիաների ժամանակ երկու միջադեպ էր գրանցվել։ Մեկում նախկին համայնքապետի թոռը կրակոցներ էր արձակել, մարդիկ էին տուժել, իսկ մյուս դեպքում բախում էր տեղի ունեցել դպրոցի բակում բողոքի երկու կողմում գտնվողների միջև։ Այդ դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործերը մեկ վարույթում քննելուց հետո ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Բաղդասար Կիրակոսյանը որոշել է կարճել դրանք։ Կարճել է հանցակազմի բացակայության, վնաս պատճառված արարքն իրավաչափ համարելու և դիմողի բողոքի բացակայության հիմքով։ Նկատենք, որ դեպքերն անձի դեմ ուղղված հանցագործություն չեն եղել, այլ հասարակության և հասկանալի չէ, թե ինչ կապ ունի բողոքի բացակայությունը։

Քրեական գործը կարճելուց 2 ամիս հետո Զարթոնքում նախկին դեպքերի երկու տարբեր ճամբարներում գտնվողների մասնակցությամբ կրկին խուլիգանության հատկանիշներ պարունակող դեպք է գրանցվել, որի նախաքննությունը դեռ շարունակվում է։

Զարթոնք համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականից առաջ գյուղի մի խումբ բնակիչներ հաղորդում են տվել նրա դեմ։ Հարուցված քրեական գործի տվյալներով, նախկին համայնքապետը մեղադրվում է ապրիլյան պատերազմի մասնակիցների հարազատներին հասանելիք գումարները յուրացնելու մեջ։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Զարթոնքի համայնքապետարանում Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությամբ կազմված տեղեկանքը ստացվել և կցվել է քրեական գործին։ ՔԿ–ից հայտնել են, որ քրական գործն ավարտական փուլում է։ Այդուհանդերձ, մեզ տեղեկություններ չեն տրամադրել համայնքին և պետությանը պատճառված վնասի վերականգնման վերաբերյալ։

Ենթադրում ենք, որ քննության առարկա պետք է դառնան նաև ՊՎԾ–ի տեղեկանքում տեղ չգտած և վերը շարադրված՝ համայնքային հողերն օտարելու, դրանք վարձակալելու և ենթավարձակալությամբ կապի օպերատորին հանձնելու, համայնքին հնարավոր եկամուտներից զրկելու, վարձակալությունների հիմք հանդիսացող փաստաթղթերի բացակայության դեպքերը։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter