HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նիկոլ Փաշինյան․ «Ամենօրյա ռեժիմով պետք է խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները»

Կառավարության մայիսի 27-ի հերթական նիստը մեկնարկեց կորոնավիրուսի քննարկմամբ։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և ըստ էության, տարածվել է վարակի 2-րդ ալիքի հետ։

«Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսի համավարակին զուգահեռ։ Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու, և մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն։ Օրինակ՝ այսօր էլ մեզ համար սկզբունքային խնդիր է արտերկրից հայրենիք վերադարձնել բազմաթիվ հայրենակիցների, և այդ քաղաքացիների մեջ կան, լինում են և հետագայում էլ կլինեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ։ Եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կանոնների պահպանումը պետք է ապահովել երկու մեթոդով։ Առաջինը հանրային հաղորդակցությունն է, պետք է բարձրացնել քաղաքացիների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, և երկրորդ մեթոդը վարչականն է

«Երեկ պարետատան նիստի արդյունքներով որոշել ենք՝ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիներն, առանց բացառության, կիրառեն այդ կանոնները»։

Վարչապետը հետաքրքրվեց, թե տեսչական մարմինները ինչ պատժամիջոցներ են կիրառել, և ոստիկանությունը քանի վարչական տուգանք է կիրառել։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ հիմնական աշխատանքները տարվում են առավել ռիսկային ոլորտներում՝ արտադրամասերում, խանութներում, բանկերում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ և վարակի տարածումներ։

«Այս մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր հավանաբար պարետի որոշմամբ կփակվեն։ Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից խորհրդատվություն է անցկացվել հանրային սննդի ոլորտում գործող 9561 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացում 24-ժամյա ռեժիմով արդեն իսկ դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն։ Ընդհանուր 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել»,- նշեց Արթուր Ասոյանը։

Վերջինիս խոսքով՝ հսկողություն է իրականացվում նաև տրանսպորտում և մանկապարտեզներում։ Մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը ցածր է։ Երեխաների 8,3 %-ն է հաճախում։

Ոստիկանության պետ Արման Սարգսյանն էլ նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը արձանագրություններ է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան հոդվածով արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։

«Ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն, քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն։ Ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների պահպանման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսու վարորդների նկատմամբ, իսկ 63-ը՝ հանրային տրանսպորտի վարորդների և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաև երեկ՝ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք եղել են միևնույն ընտանիքի անդամներ կամ քաղաքացիներ, ովքեր երթևեկել են առանց պահանջների պահպանման»,- հայտնեց ոստիկանության պետը։

Ըստ Արման Սարգսյանի՝ այսօր արդեն միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվեն կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը, որին համարժեք կտրվի իրավական գնահատական։

Վարչապետի խոսքով՝ Երևանի վարչական շրջաններում կիրականացվեն ամենօրյա «ռեյդեր», որպեսզի նաև տեղում համոզվեն, թե ինչքանով են պահպանվում սահմանված կանոնները։

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter