HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պարել սովորեցնել, թե՞ ելակ աճեցնել. գյումրեցի պարուսույցը փորձում է համատեղել պարարվեստն ու գյուղատնտեսությունը

Կորոնավիրուսի պարտադրած սահմանափակումները բավական բարդ խնդրի առաջ են կանգնեցրել  պարարվեստի ոլորտի որոշ ներկայացուցիչների: Պարել, թե՞ չպարել, որտե՞ղ եւ ի՞նչ տարբերակով իրականացնել պարապմունքները, փակ տարածքներում՝ բաց լուսամուտներով, թե՞ բացօթյա, դիմակով, թե՞ անդիմակ: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները, հատկապես մասնավոր պարային ստուդիաներ ունեցող պարուսույցները դեռ չունեն: Գյումրիում գործող «Կումայրի» պարային ստուդիայի ղեկավար Միհրան Բաղդասարյանը մտադրություն ունի հունիսից վերսկսել պարապմունքները, սակայն՝ որոշ վերապահումներով:

«Մեր գործունեության մասով թույլտվություն կա, սակայն վիրուսի հետ կապված սահմանափակումները մի փոքր բարդացնում են աշխատանքները,-նկատում է Միհրան Բաղդասարյանը,-մարզում երեւի մի 30-40 պարի խմբեր կան գյուղերում, որոնք գործում են դպրոցներում կամ գյուղապետարանի հատկացրած տարածքներում: Ես խումբ ունեմ Կառնուտ գյուղում, որի պարապմունքներն անցկացնում ենք դպրոցում եւ մեկ խմբի հետ էլ պարապում եմ Գյումրու 5-րդ դպրոցում: Գիտեք, որ դպրոցները չբացելու հրահանգ կա, եւ անգամ վերջին զանգն եղավ հեռավար: Հիմա որքանո՞վ է իրական, որ դպրոցի տնօրենը դռները բացի մեզ համար»:

Խոտածածկ տարածքը կամ ասֆալտապատ բակը մասիկներ հագած պարողների համար չի կարող փոխարինել պրոֆեսիոնալ մանրահատակին, որի վրա սովորաբար անցկացվում են փորձերը: Պարզ է, որ դպրոցներում (գյուղական կամ քաղաքային), որտեղ շատ խմբեր անցկացնում են իրենց փորձերը, պրոֆեսիոնալ պայմաններ չեն առաջարկում, սակայն հարթ հատակ ապահովում են:

«Մենք հիմնականում ազգային, ազգագրական պարեր ենք սովորեցնում, պարողները մասիկներով են լինում, եւ հնարավոր չէ այդ ամենը կազմակերպել դրսում, որովհետեւ ոտքերը կվնասեն երեխաները: Եթե, ասենք, «հիփ-հոփ» կամ «բրեկ-դանս» պարեին, մի կերպ կարելի էր էդ ամեն ինչը դրսում կազմակերպել, մանավանդ որ պարողներն էլ անհատական են հանդես գալիս, կարիք չունեն ձեռք ձեռքի տալու: Իսկ ազգագրական պարերն ենթադրում են ուս-ուսի, ձեռք-ձեռքի, կոլեկտիվ ելույթ: Մյուսը հարցը փորձերի ժամանակ դիմակ դնել-չդնելն է: Պարողը պիտի շնչի ու ազատ շնչի: Հիմա, եթե փակ տարածքում ենք՝ դիմակը պարտադիր է, նշանակում է երեխան չի կարողանալու նորմալ շնչի, ուր մնաց թե՝ պարի, իսկ եթե տանում ենք դուրս, որ դիմակ չկրի՝ էստեղ էլ ոտքերի խնդիրն է, ի՞նչ անենք»,-հարցնում է զրուցակիցս:

Պարը, ի տարբերություն զուտ ֆիզիկական վարժությունների, ձեւավորում է ճիշտ իմունիտետ, պնդում է Միհրանը, իսկ վիրուսների դեմ պայքարելու համար հարկավոր է ունենալ ոչ թե բարձր, այլ՝ հենց ճիշտ իմունիտետ: «Սպորտսմենների մոտ սովորաբար ձեւավորվում է բարձր իմունիտետ, բայց իրենց շրջանում մենք տեսանք հիվանդացողների, իսկ պարով զբաղվողների մոտ լրիվ այլ մկանային համակարգ է զարգանում, շնչառությունն է ճիշտ դրվում եւ այլն: Ես համարում եմ, որ իմունիտետային այս պայքարում մենք շահեկան դիրքերում ենք,-նկատում է Միհրանը,-հարցն այլ տեղ է. արդյո՞ք պարապմունքների վերսկսման դեպքում ծնողները երեխաներին կուղարկեն, թե՞ վարակման վտանգի մասին մտքերն, այնուամենայնիվ, ավելի գերիշխող կլինեն: Բացի դրանից, դեռեւս պարզ չէ, թե տարածքի հետ կապված պատասխանատվությունն ում վրա է լինելու՝ դպրոցի տնօրենի՞, թե պարուսույցի»:

Պարապմունքները սկսելուց առաջ ցանկացած տարածք պետք է ախտահանվի, նույն գործողություններն անհրաժեշտ է իրականացնել նաեւ ավարտից հետո: Երեխաները պետք է ջերմաչափվեն 2 անգամ, սակայն հեռահար ջերմաչափի գները բավական բարձր են եւ պարուսույցներից շատերը կդժվարանան ձեռք բերել: Եթե նախկինում հնարավոր էր պարապմունքն իրականացնել 15-20 երեխայի հետ միաժամանակ, հիմա այդ խմբերը կիսելու անհրաժեշտություն է առաջանում: Եթե պետք է պարապել երեք խմբի հետ մեկ օրում, ապա բոլոր գործողությունները բազմապատկվում են երեքով:

«Ենթադրենք խմբերը բաժանենք 2 կամ 3 մասի, սակայն էդ դեպքում ուսուցչի աշխատանքը դառնում է 3-ից 5 ժամ, քանի որ մեր պարապմունքները սովորաբար տեւում են մեկ ու կես ժամ: Նոր մեթոդի անցնելով՝ մեծանում է ուսուցչի ծանրաբեռնվածությունը: Ես մտածում եմ ժամանակը կրճատել 45 րոպեի ամեն խմբի համար՝ ուժասպառ չլինելու համար: Ինչ վերաբերում է ջերմաչափին, տեսեք՝ կոնկրետ ես հունվար-փետրվարին գրեթե չեմ աշխատել, մարտից էլ ամեն ինչ փակվեց: Վստահ եմ, որ շատ պարուսույցներ, որոնք միայն գյուղերում ունեն խմբեր, նույն վիճակում են եւ հավելյալ ծախսեր չեն կարող անել ու գնել մոտ 70 հազար դրամ արժեցող ջերմաչափ կամ ախտահանող նյութեր»:

Միհրանն ասում է, որ կոլեգաներից մեկն առաջարկել է, որպեսզի երեխաները տուփերով, անձնական օգտագործման, սնդիկային ջերմաչափեր բերեն, մյուս կողմից էլ մտածում են, եթե ծնողը տանը արդեն ջերմաչափում կատարել է ու պարզել, որ խնդիր կա, այսպես, թե այնպես չի ուղարկելու: Զրուցակցիս կարծիքով, այն պայմանները, որով առաջարկում են վերաբացել պարային խմբերը, կհանգեցնեն նրան, որ պարուսույցներն՝ անկախ իրենց կամքից, կամովին դադարեցնեն գործունեությունը: Շատերը գուցե մինչեւ սեպտեմբեր չկարողանան վերսկսել պարապմունքները: Ըստ զրուցակցիս, հեռավոր գյուղերում պարի խմբեր ստեղծելը նվիրյալների տարիների աշխատանքի արդյունք է:

«Ես մասնագետների գիտեմ, որ անգամ մեքենա չունեն, բայց սիրով գնում են գյուղեր, պարապում են, գնում են տրանսպորտով եւ դա՝ հանուն արվեստի, հանուն էն բանի, որ գյուղի երեխաներն էլ որեւէ զբաղմունք ունենան, սովորեն պարել, իրենց քաղաքի հասակակիցներից պակաս չզգան, սա գնահատել է պետք,-նկատում է Միհրան Բաղդասարյանը,-եւ հիմա, հատկապես այդ շերտը, գուցե մեկ տարով ստիպված լինի դադարեցնել գործունեությունը: Բոլորը չէ, որ զուգահեռ պետական աշխատանք ունեն»:

Բացի իր հիմնած «Կումայրի» պարային ստուդիայից, Միհրան Բաղդասարյանը դասավանդում է համայնքային ենթակայության մանկապատանեկան արվեստի պալատում՝ նվազագույն աշխատավարձով: Սա գուցե ֆինանսական առումով սփոփիչ, բայց փոքր աջակցություն է: «Ես ապրիլին արդեն հասկացա, որ մեր ոլորտը պրոբլեմներ է ունենալու եւ հնարավոր է՝ դա մեկ տարի ձգվի. սա վատագույն սցենարի դեպքում: Հասկանալի էր արդեն, որ ցանկացած խմբակային տիպի գործ էս ընթացքում ճգնաժամային է եւ դատապարտված երկարաժամկետ: Դրա համար էլ որոշեցի ելակ աճեցնել՝ այդպես ծնվեց իմ «Քաղաքային ֆերմա» գաղափարը, որ հնարավոր է իրականացնել սահմանափակ տարածքում (նկուղ, ավտոտնակ եւ այլն), պարտադիր չէ հողամաս լինի»,-նկատում է Միհրանը՝ հրավիրելով բակի մի անկյունում, 20 քմ-ի վրա ձեւավորած նորաստեղծ ջերմոց:

Գետնից բարձր, փայտե արկղերի մեջ տեղավորված ելակի թփերը պարզապես հրաշալի տեսք ունեն: Միհրանը հույս ունի, որ աշնանն արդեն կհամտեսի առաջին պտուղները: Մեկ այլ եղանակով էլ մտադիր է ելակ աճեցնել նկուղում: «Այսօր պանդեմիան իրենն է թելադրում, եւ մենք ստիպված ենք ոչ միայն հարմարվել, այլեւ ելքեր փնտրել, նոր ուղղություններ մտածել գոյատեւելու համար,-ասում է Միհրան Բաղդասարյանը,-ի վերջո, անգամ արվեստագետները սնվելու կարիք ունեն, ստացվում է, որ ամենակայունը գյուղատնտեսությունն է, սննդի արտադրությունը: Այնպես որ, եթե չստացվի պարել, կզբաղվենք ելակի մշակմամբ, իսկ երբ ամեն ինչ կարգավորվի, կհամատեղեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter