HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Մեքենայում միայն ես ու կինս էինք». քաղաքացիները տուգանվում են ընտանիքի հետ առանց դիմակ երթևեկելիս 

Առավոտյան Նարեկ Հայթյանը կնոջ հետ Տերյանից Աբովյան փողոց երթևեկելիս է եղել, երբ Ճանապարհային ոստիկանության ծառայողը նրա ավտոմեքենան կանգնեցրել և մեքենայում դիմակ չկրելու համար արձանագրություն է կազմել։

Նարեկը մեքենայում դիմակ կրելու պարտադրանքը համարում է անտրամաբանական՝ ընդգծելով, որ կնոջ հետ տանն ամբողջ օրը շփվում են, և վարակը կանխարգելելու համար մեքենայում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։

«Պլանի գլխով անցնելուց ոստիկանների մեծ կուտակում նկատեցինք, ու այդ պահին նրանցից մեկը, ձեռքը թափահարելով ու բղավելով, ինձ նշան արեց, որ կանգնեմ։ Եթե, օրինակ, պատուհանը փակ լիներ կամ բարձր երաժշտություն միացրած լիներ մեքենայում, ապա չէի էլ նկատի»,-պատմում է Նարեկը։

Նարեկ Հայթյանի խոսքով՝ ոստիկանը մոտեցել է, ներկայացել և պահանջել փաստաթղթերով իջնել մեքենայից, քանի որ խախտել են Պարետի որոշման պահանջները։

Պարետի մայիսի 25-ի որոշմամբ՝ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր, դիմակ կրելը պարտադիր է:

Նարեկը հրաժարվել է իջնել մեքենայից՝ խնդրելով նշել մեքենայից իջնելու պահանջի հիմքերը։ «Նշեցի նաև, որ խախտման փաստի տրամաբանության հետ համամիտ չեմ, քանի որ մեքենայում միայն ես ու կինս էինք, ում հետ տանն առանց դիմակի, շատ ավելի սերտ շփման առիթներ են լինում, քան մեքենայում նստած»,- ասում է Նարեկը։

Ոստիկանը Նարեկ Հայթյանին զգուշացրել է, որ օրինական պահանջը չկատարելու դեպքում (մեքենայից իջնելու պահանջը, հեղ․) նրան կտեղափոխեն ոստիկանության բաժանմունք։ Նարեկը ասել է, որ չի հրաժարվում ոստիկանություն ներկայանալուց, եթե դրա իրավական հիմքերը կան։ 

Այնուհետ Նարեկ Հայթյանին մոտեցել է մեկ այլ ոստիկան։ Նարեկը կրկին պարզաբանել է, որ կողքին նստած է կինը, և կարող է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ։

Ոստիկանն ընդգծել է, որ Պարետի որոշման մեջ ընտանիքի անդամների վերաբերյալ որևէ նշում չկա, և էական չէ, թե ով է մեքենայում, եթե 1 հոգուց ավելի է, դիմակը պարտադիր է։

Նարեկը, հասկանալով, որ իրավիճակը տրամաբանորեն լուծել հնարավոր չի, համաձայնել է, որ արձանագրություն կազմվի, տվել է փաստաթղթերը։

«Տուգանքի որոշումը ստանալուն պես այն բողոքարկելու եմ մի քանի պատճառներով։ Նախ` անհեթեթ եմ համարում կնոջս հետ մեքենայում գտնվելուց պարտադիր դիմակ կրելը, երկրորդ` արձանագրությունը կազմվել է թերի. իմ ծննդյան տարեթիվը սխալ է գրված, արձանագրությունը չունի համար (համարի դաշտը լրացված չէ) ու նշված չէ, թե կոնկրետ որն է արձանագրություն կազմելու հիմքը, քանի հոգի են եղել մեքենայում, ովքեր են եղել և այլն»,- նշեց Նարեկ Հայթյանը։

Նարեկ Հայթյանի համար Պարետի այս որոշման ամենախնդրահարույց դրույթը հենց ընտանիքի անդամների վերաբերյալ նշման բացթողումն է։

Ավտոմեքենայում դիմակ չկրելու համար նախատեսված է 10 000 դրամ տուգանք։ Ի դեպ, սոցիալական ցանցերում որոշ վարորդներ արդեն մտահոգությունն են հայտնել՝ ընտանիքի անդամների հետ առանց դիմակ կրելու երթևեկելիս տուգանվելու առնչությամբ։

Ինչ բացեր ունի Պարետի որոշումը

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ևս ավտոմեքենաներում պարտադիր դիմակ կրելու որոշումը տրամաբանությանն ու իրականությանն այնքան էլ մոտ չհամարեց։ Նրա դիտարկմամբ՝ մեքենայում բոլոր ուղևորների դիմակ կրելու կարգավորմամբ ոստիկանության աշխատանքը հեշտացել է և մեկ ընդհանուր պահանջ է ներկայացվել՝ ընտանեկան կապը հաշվի չառնելով։

«Ոստիկանը, երբ կանգնեցնի վարորդին, օրինակ՝ եթե ուղևորը բարեկամ չէ, կարող են ասել ամուսիններ են, եղբայրներ են և անցնեն, գնան։ Մեկը կարող է ճիշտ ասել, մյուսը՝ ստել։ Բայց դրա իսկությունը ճշտելու համար պետք է փաստաթղթային ստուգում։ Դա ժամանակատար և ռեսուրսատար կլինի, քանի որ յուրաքանչյուր մեքենային պետք է 7-8 րոպե ստուգեն։ Այդ ժամանակը չվատնելու համար, պարզապես որոշել են, որ եթե մեկից ավելի մարդ կա մեքենայում, պետք է դիմակ կրեն։ Դա գալիս է նաև ոստիկանության՝ ժամանակին ոչ համահունչ լինելուց։ Ոստիկանությունն արտակարգ դրության պայմաններում իր օպերատիվությամբ, ռեսուրսները խնայողաբար օգտագործելու ձևաչափում չի տեղավորվում»,- նշեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամը։

Սերգեյ Ղահրամանյանը կարծում է՝ իր վերը թվարկած դիտարկումների հիման վրա է մշակվել Պարետի այդ որոշումը։ Սակայն ընդգծում է, որ որոշման հիմքով շատ վարորդներ տուգանքները դատական կարգով կվիճարկեն։ 

«Միգուցե ընտանիքի անդամների դեպքում բացառություն լիներ, բայց դրա վերահսկողությունը նորից ընկնում է ոստիկանության վրա և ոստիկանությունը, միգուցե, այդ վարչարարությունն անելիս, երեք այլ մեքենա բաց կթողնի, որում ոչ ընտանիքի անդամներ լինեն»,- նշում է նա։

Սերգեյ Ղահրամանյանը քաղաքացիներին հորդորում է նման իրավիճակներում ոստիկանների հետ վեճի չբռնվել, քանի որ նրանք Պարետի որոշումները կատարողներ են։

«Դրսում դիմակ կրելու պահանջը պետք է լիներ նախկինում, որ այս օրին չհասնեինք, և ներկայիս՝ ինչ-որ տեղ նաև տրամաբանության մեջ չտեղավորվող որոշումները իրագործել։ Կորոնավիրուսը ևս «պատերազմական» իրավիճակ է, և պարետատունն իր կողմից հնարավոր մեթոդները փորձում է իրավական ընթացակարգերով ներդնել և գործարկել։ Չեմ կարող ասել՝ որքանով է արդյունավետ, բայց բողոքներ կան»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter