
«Twitter»-ը թաքցրել է Թրամփի գրառումը՝ համարելով այն բռնության արդարացում
«Twitter»-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է սոցիալական ցանցի սահմանած կանոնների խախտման մեջ, որոնք արգելում են բռնության տարածումը։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Վիճելի գրառումը չի հեռացվել, սակայն թաքցվել է և փոխարինվել հետևյալ պարբերությամբ. «Սույն գրառումը խախտում է «Twitter»-ի կանոնները՝ մասնավորապես բռնության տարածման մասով։ Այդուհանդերձ, «Twitter»-ը որոշել է հանրային շահից ելնելով գրառումը թողնել ընդհանուր հասանելիության տակ»։
Սեղմելով գրառման աջ մասում գտնվող «View» կոճակը՝ օգտատերը կարող է տեսնել Դոնալդ Թրամփի գրառումը։ Օգտատերերը չեն կարող հավանել այն, պատասխանել կամ տարածել այն, առանց սեփական մեկնաբանության։ Մեկնաբանությամբ վերահրապարակելու հնարավարությունը պահպանվել է։
....These THUGS are dishonoring the memory of George Floyd, and I won’t let that happen. Just spoke to Governor Tim Walz and told him that the Military is with him all the way. Any difficulty and we will assume control but, when the looting starts, the shooting starts. Thank you!
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 29, 2020
Վիճելի գրառումը կապված է վերջին օրերին Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Մինեապոլիսում տեղի ունեցող զանգվածային ցույցերի ընթացքում, որոնք հաջորդել են ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջի Ֆլոյդի սպանությանը, ցուցարարները ներխուժել են ոստիկանության բաժանմունք և այրել այն։ ԱՄՆ նախագահը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել այն մասին, որ հնարավոր է Մինեսոտա նահանգ ուղարկի Ազգային գվարդիային, եթե չդադարեն անկարգությունները։ Այնուհետ Թրամփը գրել է. «Եթե սկսվում է թալանը, սկսվում է նաև հրաձգություն»։ Հենց այդ բառերն էլ սոցիալական ցանցը համարել է բռնության արդարացում կամ տարածում։
«Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի չխթանենք բռնության տարածմանը, սակայն կարևոր ենք համարել գրառմանը հասանելիությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս կապված է ընթացիկ իրադարձության հետ, ինչը կարևոր նշանակություն ունի հասարակության համար»,- հայտարարել է սոցիալական կայքի ղեկավարությունը։
«Twitter»-ը պաշտոնական այս քաղաքականությունը վարում է 2019 թվականի կեսերից։ Սակայն այն դեռևս չէր տարածվել Դոնալդ Թրամփի վրա։ Նույն բովանդակությամբ գրառումը Թրամփը տեղադրել է նաև «Facebook»-ի իր էջում։ Այնտեղ այն հասանելի է ամբողջությամբ։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահն ստորագրել էր հրաման, ինչը հնարավորություն է տալիս թուլացնել սոցիալական կայքերի իրավաբանական իմունիտետը։ Այն չունի արագ կատարման ուժ, սակայն կհանգեցնի մի գործընթացի, որը կարող է ունենալ լուրջ իրավական հետևանքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի գրառումներից մեկը «Twitter» սոցիալական կայքը պիտակել էր որպես «ապակողմնորոշող», որը վերաբերվում էր Կալիֆոռնիայում փոստային ծառայության միջոցով քվեաթերթիկների ուղարկմանը։ Ի պատասխան Թրամփն սոցիալական ցանցին մեղադրել էր ազատ խոսքի ոտնահարման մեջ։
Ֆոտոիլյուստրացիան՝ Ջոն Լայմենի
Մեկնաբանել