HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ԱՄՆ քաղաքներում սկսվել են բազմահազարանոց ցույցեր

Ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում սկսվել են բազմահազարանոց ցույցեր, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Նախօրեին ձերբակալվել է ոստիկանության չորս աշխատակիցներից մեկը, որն աշխատանքից ազատվել էր Ֆլոյդի սպանության պատճառով։ Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել նաև մյուս ոստիկաններին։

Իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալվածը Դերեք Շովինն է։ Հենց նա է Ֆլոյդին հասցրել մահացու հարվածը (ծունկը դրել է նրա վզին), որից հետո վերջինս մահացել է։ Շովինին մեղադրանք է առաջադրվել երրորդ աստիճանի սպանության համար (այսինքն, չկանխատեսված սպանություն՝ ուժի կիրառման միջոցով)։ Մինեսոտա նահանգի օրենքներով՝ նման հանցագործության համար սահմանված է պատիժ մինչև 25 տարվա ազատազրկում։ Մյուս երեք ոստիկանների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։

Այդուհանդերձ, այս ամենը չի հանգեցրել ցույցերի դադարեցմանը։ Հարյուրավոր մարդիկ Վաշինգտոնում հավաքվել են Սպիտակ տան մոտ, որն ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին կարճ ժամանակով արգելափակվել է։ Նրանք պահանջել են արդար դատավարություն 46-ամյա Ֆլոյդի գործով։ Պարզելով վերջինիս լուսանկարները՝ հավաքվածները վանկարկել են՝ «Ես չեմ կարողանում շնչել»։ Սրանք Ֆլոյդի վերջին խոսքերն են։

Բողոքի ցույցերը տեղի են ունենում ԱՄՆ մի շարք նահանգներում։ Ցուցարարների և ոստիկանների միջև խոշոր բախումներ են տեղի ունեցել Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դենվերում, Հյուսթոնում, Լուիսվիլում, Ֆենիքսում, Կոլումբուսում և Մեմֆիսում։ Լոս Անջելեսի իշխանությունները քաղաքի կենտրոնում տեղի ունեցող հավաքներն անվանել են անօրինական և քաղաքացիներին կոչ արել մնալ տանը։ Ատլանտայում ցուցարարները ներխուժել են ոստիկանության բաժանմունք և «CNN» հեռուստաընկերության կենտրոնակայանից ոչ շատ հեռու այրել ոստիկանական մեքենա։

Ատլանտայում մի քանի ժամ տեղի ունեցած խաղաղ ցույցերից հետո, որոշ ցուցարարներ դիմել են ագրեսիվ գործողությունների, ջարդել են ոստիկանության ավտոմեքենաները, վառել դրանցից մեկը։ Ամբոխը ոստիկանների ուղղությամբ նետել է նաև շշեր՝ վանկարկելով «Թո՛ղ աշխատանքդ»։ Ատլանտայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ տուժել են ոստիկանության առնվազն երեք աշխատակիցներ, մի քանի մարդ էլ ձերբակալվել է։

Ջորջիա նահանգի նահանգապետ Բրայան Քեմփը հայտարարել է, որ քաղաքապետ Քեյշի Բոթոմսի խնդրանքով Ֆուլթոն շրջանում, որտեղ գտնվում է Ատլանտան, հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, որպեսզի Ջորջիայում ծառայության անցնեն Ազգային Գվարդիայի շուրջ 500 ծառայակիցներ, որոնց առջև խնդիր է դրվել մարդկանց և սեփականության պաշտպանությունը։ Դալասում էլ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել այն բանից հետո, երբ նրանց ուղղությամբ ցուցարարներն սկսել են քարեր նետել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլոյդի սպանությունն անվանել էր սարսափելի։ Նա հայտնել է, որ խոսել է զոհվածի ընտանիքի հետ՝ նրանց անվանելով «հիանալի մարդիկ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանները, որոնք ստուգում էին կեղծ փողերի օգտագործման տեղեկատվությունը։ Ֆլոյդին հրամայել են հեռանալ ավտոմեքենայից։ Նրանց խոսքերով Ֆլոյդը դիմադրել է ձերբակալությանը։

Համացանցում տարածվել է տեսագրությունն, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը ծունկը դրել Ֆլոյդի վզին՝ փորձելով խեղդել։ Տեսագրության մեջ լսվում է, որ գետնին պառկած Ֆլոյդը կրկնում է. «Ես խեղդվում եմ, խեղդվում եմ, մի՛ սպանեք ինձ»։ Հավաքվածները խնդրել են ոստիկանին դադարեցնել խեղդել Ֆլոյդին և չափել նրա ճնշումը։ Որոշ ժամանակ անց Ֆլոյդը դադարել է շարժվել և նրան տեղափոխել է շտապ օգնությունը։ Հիվանդանոցի ճանապարհին վերջինս մահացել է։

Նույն օրը, ցույցերի լուսաբանման ժամանակ, ուղիղ եթերում ձերբակալվել է «CNN»-ի թղթակից Օմար Խիմենեսը, որն լուսաբանում էր Մինեապոլիսում տեղի ունեցող իրադարձությունները։ Ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվածները բաց են թողնվել այն բանից հետո, երբ հաստատվել է նրանց լրագրող լինելը։ Այդուհանդերձ,  «CNN»-ը հերքում է ոստիկանության վարկածը՝ հայտարարելով, որ իր աշխատակիցներն անմիջապես հայտնել են իրենց ով լինելը։

Դատախազ Մայք Ֆրիմանը հայտնել է, որ շուտով մյուս ոստիկաններին նույնպես մեղադրանք կառաջադրվի, սակայն չի մատնանշել, թե որ հոդվածով։ Ֆրիմանի խոսքերով՝ սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ համապատասխան գործողություններն իրականացվել են ապացույցների ձեռքբերումից անմիջապես հետո։ Իր հերթին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն իրականացնում են պատահարի սեփական հետաքննությունը, որպեսզի պարզեն, թե արդյոք չեն խախտվել քաղաքացիական իրավունքների մասին դաշնային օրենքները։ Բարը Ֆլոյդի ձերբակալությունն անվանել է «սարսափելի» և «ծայրահեղ շոկային»։

Լուսանկարը՝ MTI/EPA/Craig Lassig


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter