HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դիմակներն իրավամբ օգտակար են կորոնավիրուսի դեմ պայքարում. «Science» ամսագրի հետազոտությունը

Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, երկիր մոլորակի բնակչությունը բաժանվել է երկու մասի, որոնցից առաջինը կրում են դիմակներ, մյուսները՝ խուսափում կամ չեն հավատում դրա արդյունավետությանը։ Դիմակների կրման արդյունավետության վերաբերյալ բանավեճերը չեն դադարում։ «BBC»-ն գրում է, որ ԱՄՆ-ի և Թայվանի գիտնականները, «Science» ամսագրում հրապարակել են հետազոտություն, որտեղ դիմակների պարտադիր կրումը բացատրվում է այն մասնիկների բնույթով, որոնք տեղափոխում են վիրուսները։

Հոդվածի հեղինակները նշում են, որ վարակիչ հիվանդությունների նկատմամբ վերահսկողության ավանդական միջոցը, որոնք տարածվում են օդակաթիլային ճանապարհով, հասարակությունից հիվանդության պոտենցիալ կրողի և տարածողի մեկուսացումն է։ Սակայն COVID-19 կորոնավիրուսի պարագայում ամեն ինչ նույն սցենարով չի զարգացել։ Պոտենցիալ վարակակիրների մոտ, որոնք եղել են վարակի ակտիվ կրողներ, բավականին երկար ժամանակ չեն նկատվել հիվանդության ախտանիշները։ Խոսակցության կամ ուղղակի շնչելու ժամանակ նրանք մթնոլորտ են արտանետել վիրուսներով լի օդակաթիլային խառնուրդ, որը բավականին երկար ժամանակ աէրոզոլային վիճակում մնացել է օդում, հատկապես փակ տարածքներում։ Շնչելու ժամանակ խառնուրդը կարող է ընկնել մարդու թոքեր, որտեղ էլ առաջանում է վարակման օջախը։

Հետազոտության հեղինակները նշում են, որ երբ մարդիկ շնչում են, նրանք առանձնացնում են 0,1-ից մինչև 1000 միկրոմետր չափսերով հեղուկի մասնիկներ (նախկինում դրանք կոչվել են միկրոններ)։ Օրինակ՝ 1 միլիմետրում առկա է 1000 մկմ։ Այս մասնիկները տարածվում են օդում տարբեր հեռավորությունների վրա, կախված դրանց չափից, ներգրավման ուժից, իներցիայից, գոլորշացման արագությունից և մի շարք այլ գործոններից: Առավել խոշոր մասնիկներն արագ նստում են մակերևույթին՝ ախտահարելով այն։ Առավել փոքր մասնիկներն արագ գոլորշիանում են, բայց և արագ շարժվում օդում, ընդ որում բավականաչափ հեռավորությամբ։ Եվ օդակաթիլային ճանապարհով և ախտահարված հատվածին հպման միջոցով, վիրուսն արագորեն կրողից փոխանցվում է մեկ այլ մարդու։

Ինչպես պարզել են գիտնականները, փոքր չափսեր ունեցող մասնիկները առավել մեծ վտանգ են ներկայացնում, ներթափանցելով ատամնախոռոչ և շրջանցելով իմունային համակարգը, ինչը վիրուսին հնարավորություն է տալիս երեք անգամ ավելի արագ վերարտադրվել։ Այդպես, մարդը դեռ չի իմանում վարակման մասին՝ դառնալով վիրուսի ակտիվ կրող։

Ինչպես ցույց է տվել Չինաստանի օրինակը, հենց այդ «լուռ կրողները», որոնց մոտ չի արտահայտվում վարակման ախտանիշները, 79 % դեպքերում եղել են հետագա վարակման աղբյուր։ Դեռ 2003 թվականին SARS համաճարակի բռնկման ժամանակ հայտնաբերվել է, որ վարակը հիմնականում տարածվել է օդակաթիլային ճանապարհով, սակայն բազմաթիվ երկրներ մինչ օրս չեն ընդունում, որ SARS-CoV-2-ի (այս անունն է կրում COVID-19 հարուցող վիրուսը) վարակումը տեղի է ունենում նույն սխեմայով։

Վարակի տարածման դեմ պայքարի հարցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել պահպանել երկու մետր սոցիալական հեռավորություն, սակայն այդ խորհուրդը հիմնված է օդակաթիլային խառնուրդի ուսումնասիրության վրա, որն իրականացվել է դեռ 1930-ական թվականներին։ Այդ ժամանակ գիտնականներն ապացուցել են, որ մոտ 100 մկմ չափսեր ունեցող խոշոր կաթիլները, որոնք առաջանում են փշռտոցի կամ հազի ժամանակ, ձգողականության ուժի հաշվին բավականին արագ են նստում։ Խնդիրը նրանում է, որ այդ ժամանակ դեռևս չկային այն սարքավորումները և մեթոդաբանությունը, որոնք կօգնեին հայտնաբերել մեկ միկրոմետրից փոքր չափսերով մասնիկներին։

Հեղինակները նշում են, որ 1000 միկրոմետր չափսերով կաթիլը, քամու բացակայության պայմաններում, 3 մետր բարձրությունից կնստի մոտ 5 վայրկյանում, իսկ մեկ միկրոմետր մասնիկը օդում կմնա ավելի քան 12 ժամ։ Այնպես որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները երկու մետր հեռավորություն պահելու վերաբերյալ, բազմաթիվ տարածքների համար կիրառելի չեն, որտեղ օդակաթիլային խառնուրդը կարող է օդում մնալ մի քանի ժամ, կուտակվել որոշակի ժամանակ և տարածվել օդային ճանապարհով մի քանի մետր, ինչպես օրինակ սենյակում տարածվում է գործարկվող օդափոխիչի օդային հոսանքները։

Բացի այդ, բաց տարածությունների համար էլ առկա են մի շարք գործոններ։ Մի կողմից թվում է, թե վիրուսի կոնցենտրացիան պետք է խիստ ընկնի, որովհետև ուլտամանուշակագույն ալիքներն սպանում են դրանք։ Մյուս կողմից, վիրուսները մթնոլորտում կարող են կպնել փոշու մասնիկներին և դրանց միջոցով տարածվել բավականաչափ մեծ հեռավորության վրա՝ չկորցնելով իրենց ազդեցությունը։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ վիրուսը առկա է նաև ենթամիկրոնային մասնիկներում, ապա դրա տարածման ազդեցությունը կարելի է համեմատել ծխախոտի ծխի հետ։ Եթե մարդ զգում է հոտը, նշանակում է, որ հասել են նաև վիրուսները։

Գիտնականները պնդում են, որ փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դեմքի մի մասն ամբողջությամբ ծածկող դիմակներ, եթե անգամ մարդը պահպանում է երկու մետր սոցիալական հեռավորությունը։ Հակառակ դեպքում, ինչպես փաստում են մասնագետները, ոչ թեստավորումը, ոչ կոնտակտավոր անձանց հետևելը չեն օգնի, քանի որ առանց ախտանիշ վարակված կարող է լինել ցանկացած անձ։ Այդ է պատճառը, որ հենց բուժծառայողները չեն կարողանա խուսափել վարակումից, քանի որ, որպես կանոն, հենց օդային ճանապարհով է տեղի ունեցել հիվանդանոցների բժշկական անձնակազմի և ծերանոցների երկրորդային վարակումը։

Այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ ասիմպտոմատիկ կրողների կողմից վարակի փոխանցումը կարող էր դառնալ ամբողջ աշխարհում Covid-19-ի տարածման պատճառ, ԱՀԿ-ն խորհուրդ է տվել բոլորին, առանց բացառության, դիմակներ կրել:

Հոդվածի հեղինակները նշում են, որ դիմակները իրավամբ ախտահարման համար ապահովում են արգելք՝ նվազեցնելով ախտահարման հնարավորությունը դրանց կրողների մոտ։ Այն նյութը, որից պատրաստվում են վիրահատական դիմակները, էականորեն նվազեցնում է COVID-19-ի վարակման հավանականությունը, իսկ վարակման պարագայում՝ բուն հիվանդության ծանրությունը։ Հատկապես կարևոր է կրել դիմակներ այն պայմաններում, երբ վիրուսի կոնցենտրացիան կարող է բարձր լինել: Խոսքը գնում է բժշկական հաստատությունների, ինքնաթիռների, ռեստորանների և վատ օդափոխում ունեցող բազմամարդ հաստատությունների մասին։

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, տնային պայմաններում պատրաստված դիմակները, օդակաթիլային խառնուրդի ֆիլտրման արդյունավետության տեսանկյունից, գրեթե ոչնչով չեն զիջում պրոֆեսիոնալ վիրահատական դիմակներին։ Ինչպես վկայում են համաճարակաբանական տվյալները, այնպիսի երկրներ, ինչպիսիք են, Թայվանը, Սինգապուրը, Հարավային Կորեան և Հոնկոնգը, որը չնայած համարվում է Չինաստանի մաս, սակայն բազմաթիվ հարցերում ինքնուրույն է, ամենից լավն են կարողացել կանխել COVID-19-ի տարածումը։ Եվ հենց այս երկրներում է պարտադիր եղել դիմակների կրումը։

Օրինակ՝ 24 միլիոն բնակչություն ունեցող Թայվանում, որտեղ կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է 2020 թվականի հունվարի 21-ին և չի մտցվել խիստ կարանտին, հայտնաբերվել է կորոնավիրուսի ընդամենը 441 դեպք և կորոնավիրուսից մահվան 7 դեպք։ Համեմատության համար 20 միլիոն բնակչություն ունեցող Նյու Յորքում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին։ ԱՄՆ խոշորագույն քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 350 000 դեպք և մահացել 24 000 հազար մարդ։ 

Արագ ներդնելով գործողությունների նախագիծ, որը մշակվել էր SARS համաճարակից հետո, Թայվանի իշխանությունները չեն դիմել խիստ կարանտինի, սակայն ձեռնարկել են մի շարք գործողություններ, որոնք հաջողությամբ կանխել են վարակի տարածումը։ Այդպիսի գործողություններից մեկը դարձել է հանրային վայրերում դիմակների պարտադիր կրումը։ Իշխանությունները տեղի արտադրողներին նաև արգելել են դիմակների արտահանումը՝ իրենց քաղաքացիներին խելամիտ գներով ապահովելով անձնական պաշտպանության միջոցների ադեկվատ քանակ։ Միւնույն ժամանակ աշխարհի մի շարք երկրներում շարունակվում է դիմակների սուր պակասորդը կամ էլ դրանք վաճառվում են սև շուկայի գներով։

Հետազոտողների կարծիքով՝ դիմակների նկատմամբ վերաբերմունքը, կրումը, գները և հասանելիությունը էական դեր են ունեցել վարակի տարածման կանխարգելման հարցում։

Գլխավոր լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանություններ (1)

Սասուն Գևորգյան
Ապրում եմ Թայվանում: Մարտի 1-ից ընկած խնդրում, համոզում եմ, որ պետք էր հետևել Թայվանի օրինակին: ՛՛Քֆուր՛՛-ից բացի բան չլսեցի: Այսօրվանից դիմակներն այստեղ հանել են ազատ վաճառքի: Օրական արտադրում են 19 մլն. հատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter