HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զանգվածային անկարգությունների պատճառով ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ

Մինեսոտա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան արդյունքում առաջացած բողոքի ցույցերը, որոնք ընթանում են ԱՄՆ մի շարք քաղաքներում, արդեն կապված չեն սպանության հետ, այլ հրահրվում են ժամանած արմատականների կողմից։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Անընդհատ ընթացող անկարգությունների ֆոնին՝ ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ։

Ի սկզբանե Մինեապոլիսում, այնուհետև՝ Վաշինգտոնում, Ատլանտայում, Նյու Յորքում և ԱՄՆ մյուս քաղաքներում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, չնայած որ հայտարարվել էր ոստիկանության աշխատակից Դերեք Շովինի ձերբակալության մասին։ Հենց նա էր մահացու հարված հասցրել Ֆլոյդին՝ ծունկը դնելով վերջինիս վզին։ 44-ամյա Շովինին մեղադրանք է առաջադրվել երրորդ աստիճանի սպանության համար (այսինքն, չկանխատեսված սպանություն՝ ուժի կիրառման միջոցով)։ Մինեսոտա նահանգի օրենքներով՝ նման հանցագործության համար սահմանված է պատիժ մինչև 25 տարվա ազատազրկում։ Մյուս երեք ոստիկանների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։ Ցուցարարները պահանջում են նրանց ևս կալանավորել։

Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսը շաբաթ օրը՝ մայիսի 30-ին, չորս օր տևած անկարգություններից հետո, հայտարարել է Ազգային գվարդիայի նահանգի տարածքում տեղակայված ուժերի համընդհանուր մոբիլիզացիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա առաջին նմանատիպ դեպքն է Մինեսոտայում։ Նա հայտնել է, որ մայիսի 30-ին հնարավոր է հուզումներն ավելի թեժանային, քանի որ նահանգ են ժամանել պառակտիչներ և բռնություն քարոզողներ, որոնք ցանկանում են խարխլել անդորրը Մինեսոտայում։

Նույն օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆլոյդի մահը սարսափ, ցասում և թախիծ է առաջացրել ամերիկացիների մոտ։ Այդ մասին նա հայտարարել է Քանավերալի ծայրակետում տեղի ունեցած հեռուստաուղերձի ժամանակ, որը նվիրված էր «Dragon» տիեզերանավի թռիչքին։ Թրամփը խստորեն քննադատել է «թալանչիների և անարխիստների գործողությունները»՝ հայտարարելով, որ պետք է բուժել վերքերը, այլ ոչ թե տարածել ատելություն և քաոս։ Նա խոստացել է հակահարված հասցնել ագրեսիվ ամբոխներին։

Նահանգապետ Ուոլսի վարկածով՝ կողմնակի անձանց կողմից կառավարվող խումբը, որոնց մեջ առկա են նաև սպիտակ ռասայի գերակայության կողմնակիցներ և նարկոկարտելների անդամներ, բռնություններ են հրահրել Մինեապոլիսում։ Երբ լրագրողները խնդրել են տրամադրել ապացույցները, վերջինս չի ներկայացրել։ Նահանգապետի խոսքերով՝ ձերբակալվածների 80 %-ը ժամանել են այլ նահանգներից, Մինեսոտայի միայն 8 բնակիչներ են հայտնվել Հենեփին շրջանի բանտում և հստակ չէ, թե արդյոք նրանք բոլորը կապ ունեն Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների հետ։

Թրամփի վարչակազմն իր հերթին առաջ է քաշել վարկած այն մասին, որ անկարգությունների հետևում կարող են կանգնած լինել ոչ թե ծայրահեղական աջերը, այլ՝ ծայրահեղական ձախերը։ ԱՄՆ Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ բազմաթիվ վայրերում անկարգությունները կազմակերպվում են անարխիստների և ձախ ծայրահեղական խմբերի կողմից։ Բարը հայտարարել է, որ նրանք ժամանում են այլ նահանգներից և բռնություն են քարոզում։ Թրամփն իր հայտարարության մեջ հիշատակել է հակաֆաշիստական շարժումը և ձախ արմատական այլ խմբավորումներ։

Դեռ մայիսի 27-ից Մինեապոլիս քաղաքում հայտարարվել է պարետային ժամ, սակայն մայիսի 28-ի ցույցերի մասնակիցներն անտեսել են այն։ Դրանից հետո նահանգապետ Ուոլսը հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ մոբիլիզացրել է Ազգային գվարդիայի նահանգում տեղակայված բոլոր ուժերը։ Խոսքը գնում է մոտ 13 000 մարդու մասին։ Պենտագոնում էլ հայտարարել են, որ ռազմական ոստիկանության ուժերը պատրաստ են աջակցել Մինեսոտայի իշխանություններին, եթե նրանք նման դիմումով հանդես գան։ «The New York Times»-ը գրում է, որ նահանգապետը մերժել է այդ առաջարկը։

Մայիսի 29-ի երեկոյան ցուցարարները ոստիկանության հետ բախվել են Ատլանտայում, Նյու Յորքում և Փորթլենդում, իսկ Վաշինգտոնում կարճ ժամանակով արգելափակվել է Սպիտակ տունը։ Նույն սցենարը շարունակվել է նաև մայիսի 30-ին։ «The New York Times»-ը գրում է, որ ցույցերը շարունակվել են ԱՄՆ ավելի քան 30 քաղաքներում։ Այս ֆոնին ամերիկյան մի շարք քաղաքների քաղաքային իշխանություններ մտցնում են պարետային ժամ։ Մայիսի 30-ին արտակարգ դրություն էր հայտարարվել Ատլանտայում, ավելի ուշ՝ նաև պարետային ժամ։ Դեռ մայիսի 29-ին  Ատլանտայում ցուցարարները ոստիկանական ավտոմեքենա էին այրել։

Ջորջիա նահանգի նահանգապետ Բրայան Քեմփը հայտարարել է, որ քաղաքապետ Քեյշի Բոթոմսի խնդրանքով Ֆուլթոն շրջանում, որտեղ գտնվում է Ատլանտան, հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, որպեսզի Ջորջիայում ծառայության անցնեն Ազգային Գվարդիայի շուրջ 500 ծառայակիցներ, որոնց առջև խնդիր է դրվել մարդկանց և սեփականության պաշտպանությունը։ Բոթոմսը հայտարարել է. «Սա բողոք չէ։ Սա Մարտին Լյութեր Քինգ կրտսերի ոգով չէ։ Դուք խայտառակել եք մեր քաղաքը։ Դուք խայտառակել եք Ջորջ Ֆլոյդի կյանքը»։

«CNN»-ը նշում է, որ պարետային ժամ է սահմանվել Լոս Անջելեսում, Սիեթլում, Չիկագոյում, Քլիվլենդում և Ֆիլադելֆիայում, որտեղ վերջին օրերին տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ «Reuters» գործակալությունն էլ հայտնում է, որ պարետային ժամ կհաստատվի նաև Դենվերում և Ցինցինատիում։

Փորթլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերը նույնպես հայտարարել է արտակագ դրության ռեժիմի և պարետային ժամի սահմանման մասին, քանի որ քաղաքում տեղի են ունենում գողություններ, հրդեհներ և ոստիկանական բաժանմունքների վրա հարձակումներ։

Ոստիկանության վրա հարձակումներ են տեղի ունեցել նաև Լոս Անջելեսում։ Ցուցարարների խմբերը այրել են ոստիկանության մեքենաներ, դատարկել և թալանել խանութներ, մասնակցել ոստիկանության հետ բախումներին։ «Associated Press» գործակալությունը գրում է, որ մայիսի 29-ի երեկոյան ձերբակալվել են հարյուրավոր ցուցարարներ։ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հայտարարել է, որ շաբաթ երեկոյան 20:00-ից մինչև կիրակի առավոտյան 05:00-ն քաղաքում գործելու է պարետային ժամ։ Գարսեթին նաև խնդրել է նահանգապետին Ազգային գվարդիայի 500-700 աշխատակիցներ ուղարկել Լոս Անջելես։ Վերջիններս պետք է օգնեն տեղի ոստիկանությանը դադարեցնել բռնությունը։

Ֆիլադելֆիայում բողոքի խաղաղ ցույցերը վեր են ածվել բռնության։ «Associated Press» գործակալությունը գրում է, որ առնվազն 13 ոստիկան վիրավորվել է։ Ցուցարարները փորձել են գրաֆիտի պատկերել նախկին քաղաքապետի արձանի վրա, փորձել այն տապալել և այրել։ Սոլթ Լեյք Սիթիում Յուտա նահանգի նահանգապետը գործադրել է Ազգային գվարդիային այն բանից հետո, երբ մայիսի 30-ին քաղաքի կենտրոնում սկսվել են անկարգություններ։ Սկզբում բողոքի ցույցը կրել է խաղաղ բնույթ։ Ավելի ուշ, մի խումբ մարդիկ շրջել են ոստիկանական ավտոմեքենան և այրել այն։ Ցուցարարները ձվեր են նետել նաև ոստիկանների ուղղությամբ։

Սիեթլում հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնում, իսկ երեկոյան ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, երբ սկսվել են անկարգությունները։ Մի քանի հարյուր մարդ էլ մայիսի 30-ին հավաքվել է մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ազգային գվարդիան շրջափակել է Սպիտակ տունը։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Ցուցարարներն էլ բետոնի կտորներ են նետել ոստիկանության ուղղությամբ։ Խոշոր բախումներ են տեղի ունեցել նաև Նյու Յորքի Բրուքլին շրջանում։ Մայամիում ևս խաղաղ ցույցերը վեր են ածվել անկարգությունների։

«Associated Press» գործակալության տվյալներով՝ ԱՄՆ 17 քաղաքներում, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է առնվազն 1 383 մարդ։ Վերջին տվյալներով Ինդիանապոլիսի կենտրոնում երեք մարդ ստացել է հրազենային վիրավորում։ Այդ մասին հայտնել է ոստիկանության քաղաքային բաժանմունքի ղեկավարը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանները, որոնք ստուգում էին կեղծ փողերի օգտագործման տեղեկատվությունը։ Ֆլոյդին հրամայել են հեռանալ ավտոմեքենայից։ Նրանց խոսքերով Ֆլոյդը դիմադրել է ձերբակալությանը։

Համացանցում տարածվել է տեսագրությունն, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը ծունկը դրել Ֆլոյդի վզին՝ փորձելով խեղդել։ Տեսագրության մեջ լսվում է, որ գետնին պառկած Ֆլոյդը կրկնում է. «Ես խեղդվում եմ, խեղդվում եմ, մի՛ սպանեք ինձ»։ Հավաքվածները խնդրել են ոստիկանին դադարեցնել խեղդել Ֆլոյդին և չափել նրա ճնշումը։ Որոշ ժամանակ անց Ֆլոյդը դադարել է շարժվել և նրան տեղափոխել է շտապ օգնությունը։ Հիվանդանոցի ճանապարհին վերջինս մահացել է։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter