
Նիկոլ Փաշինյանն ու ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաև իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսային հիվանդությամբ:
Այս մասին ֆեյսբուք լայվի միջոցով հայտնեց վարչապետը:
«Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում ասեմ, որ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական էր: Դրանից հետո ամբողջ ընտանիքով թեստավորվեցինք, և, փաստորեն, ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք»,-ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ այս ընթացքում յուրաքանչյուր օր աշխատանքի գնալիս ջերմաչափվել է և պահպանել պարետատան սահմանած կանոնները:
«Ինչ վերաբերում է իմ` վարակվելու հանգամանքին, ակնհայտ է, որ ընտանիքիս անդմաները վարակվել են ինձնից, և ես կռահում եմ` որտեղ և ինչպես եմ վարակվել, վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Մի դեպք եմ արձանագրել, որ շատ տպավորվել է, և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված: Գիտեք, որ խորհրդակցությունների ժամանակ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի այդ բաժակն առանց ձեռնոցի տեղադրելը, իհարկե տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի փոխել: Ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ աշխատակիցը կորոնավիրուսով էր ախտորոշվել:
Փաշինյանի խոսքով` շարունակելու է աշխատել վարչապետի կեցավայրից, ունի բոլոր անհրաժեշտ պայմանները:
«Ինչքան հնարավոր է կաշխատեմ, բայց մեկուսացվածության պայմաններում»,-ասաց նա` կոչ անելով քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Վարչապետի խոսքով` ընտանիքի բոլոր անդամները ախտանշաններ չունեն:
Մեկնաբանել