
Պարեկային ծառայության ներդրման փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության նախաձեռնած փաթեթը, որով առաջարկվում է ներդնել պարեկային ծառայություն:
Այն ընդունվեց միաձայն` 111 կողմ ձայնով:
Ներկայում ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունները, որոնք իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը: Առաջարկվում է այս երկու ծառայությունների փոխարեն ներդնել պարեկային ծառայություն:
Համակարգը պիլոտային նախ ներդրվելու է Երևանում, ապա Լոռիում ու Շիրակում, այնուհետև` ամբողջ երկրում:
Տեղեկացնենք նաև, որ արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է նոր ծառայության ստեղծման մասին և ներկայացրել այն պահանջները, որոնց պետք է բավարարեն մրցույթին դիմողները: Ըստ այդմ` կարող է դիմել 18-35 տարեկան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում օրենսդրությամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով, անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքի) ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին: Դիմորդները հինգ ամիս շարունակ Ոստիկանության կրթահամալիրում ուսանելու են:
Մեկնաբանել