HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջին եռամսյակ. որ բանկերն են առավել մեծ շահույթ գրանցել

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը միասին ապահովել են 23.3 մլրդ դրամի զուտ շահույթ։ 2019 թվականի վերանայված ցուցանիշների համեմատ՝ բանկերի շահույթն աճել է 40%-ով։ Այս մասին են վկայում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում առկա ցուցանիշները։

«Հետքն» ուսումնասիրել է 17 բանկերի նշված հաշվետվությունները, որից պարզ է դարձել, որ այս տարվա առաջին եռամսյակում ամենամեծ շահույթ գրանցած բանկերի առաջին եռյակում են «Արմսվիսբանկը», «Ամերիաբանկն» ու «Արդշինբանկը»։

Առաջին տեղում գտնվող «Արմսվիսբանկը» շահույթի թռիչքային աճ է գրանցել։ Այս տարվա առաջին երեք ամիսներին բանկի զուտ շահույթը կազմել է 3.2 մլրդ դրամ՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 2.4 անգամ։

Շահույթի ծավալով երկրորդ տեղում «Ամերիաբանկն» է՝ մոտ 3 մլրդ դրամով։ Բանկի շահույթը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ մոտ 4%-ով կրճատվել է։

Եռյակը եզրափակում է «Արդշինբանկը»՝ կրկին մոտ 3 մլրդ դրամի շահույթով։ Աճը՝ 33%:

Հնգյակում են նաև «Ինեկոբանկը» (2.3 մլրդ դրամի շահույթով) և «Արցախբանկը» (մոտ 1.9 մլրդ դրամ)։ Երկուսն էլ շահույթի աճ են գրանցել. մանրամասները տե՛ս  ներքևի գրաֆիկում։

Ընդհանուր առմամբ, 17 բանկերից 11-ը շահույթի աճ է գրանցել այս տարվա առաջին եռամսյակում, 6-ը՝ անկում։

Զգալի աճ է  նկատվում «HSBC Հայաստան բանկի» ու «ՎՏԲ-Հայաստան բանկի» շահույթի գծով։ «HSBC Հայաստան բանկը» 2019 թվականի առաջին եռամսյակում ստացել էր ընդամենը 42 մլն դրամի զուտ շահույթ, իսկ այս տարվա նույն ժամանակաշրջանում ՝ մոտ 1.2 մլրդ դրամի։

«ՎՏԲ-Հայաստան բանկի» զուտ շահույթն էլ 4 մլն դրամից հասել է 1 մլրդ դրամի։

Այսպիսով, ամենաքիչ շահույթ գրանցած բանկերն են «Բիբլոս բանկը», «Մելլաթ բանկն» ու «Յունիբանկը»։

Ինչպե երևում է վերևի գրաֆիկում, «Բիբլոս բանկի» և «Մելլաթ բանկի» զուտ շահույթները կրճատվել են։ Շահույթի անկում են գրանցել նաև «Ամերիաբանկը», «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «Կոնվերս բանկը» և «ԱյԴի բանկը»։

Դժվար ժամանականեր են նաև բանկերի համար

Վերջին առնվազն հինգ տարիները հայաստանյան բանկերի համար, ընդհանուր առմամբ, նպաստավոր են եղել։ Հիմնական ցուցանիշների գծով բանկային համակարգը տարեցտարի աճել է ու զարգացել։

2019 թվականը ևս բարեհաջող տարի է եղել բանկերի համար։ 2019 թվականին Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի շահույթը միասին կազմել է 78 մլրդ դրամ։ Ինչպես վկայում են բանկերի ֆինանսական հաշվետվությունները և Հայաստանի բանկերի միության հաշվարկները, 2018 թվականի համեմատ բանկային համակարգի շահույթն աճել է 15.8  մլրդ դրամով կամ 25.4%-ով։

Ինչպես տեսնում ենք, այս տարվա առաջին եռամսյակը ևս բանկերը հաղոջությամբ են փակել։ Սակայն, նոր կորոնավիրուսի (COVID-19) բռնկումը ներկայում ազդում է ինչպես տնտեսության բոլոր ճյուղերի, այնպես էլ՝ բանկային համակարգի վրա։ Արդեն իսկ խնդիրներ են առաջացել նոր վարկավորումների, հին վարկերի սպասարկման հարցերում։ Մեծ ռիսկեր կան, որ հետագայում կարող են ավելանալ չաշխատող վարկերը։ Սրանք խնդիրներ են, որոնք ոչ միայն լրացուցիչ բեռ են քաղաքացիների, այլև՝ բանկերի համար։

Արդեն 2020 թվականի երկրորդ եռամսյակի ամփոփումը ցույց կտա, թե երկրում տիրող տնտեսական իրավիճակն ինչ չափով է սկսել ազդել բանկային համակարգի համար։ Բոլոր դեպքերում, Կենտրոնական բանկը տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հավաստիացնում է, որ բանկային համակարգը բավականին իրացվելի է, և էական ցնցումներ չեն սպասվում։

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա Հովհաննիսյան
Բանկային բիզնեսը բոլոր ժամանակներում և ցանկացած պայմաններում շահութաբեր է : Բանկերը եկամուտներ են ստանում ոչ միայն վարկային գործունեությունից այլ նաև բանկային այլ գործառույթներից:Հետևաբար համաճարակով պայմանավորված եկամուտների ժամանակավոր անկումը պետք է վերաբերվի մասնակի , միայն համաճարակով պայմանավորված ժամանակահատվածում հետաձգված %-ների ժամանակավոր ուշացումներով վճարումներին: Եթե որևէ բանկ կփորձի համաճարակի անվան տակ վնասներ ցույց տալ ապա միանշանակ պետք է դիտարկվի տվյալ բանկի կողմից հարկերից խուսափելու փորձ: Բանկերը կարող են ունենալ եկամտի անկում միայն ոչ պրոֆեսիոնալ , վատ մենեջմենտի դեպքում , ինչը բանկին չի ազատում սահմանված հարկերը վճարելու պարտականություններից ,իսկ բանկի սեփականատերերը պետք է մտածեն վատ մենեջմենտից ազատվեկու մասին : Խրոնիկ ցածր եկամտաբերություն ունեն օտարերկրյա կապիտալով աշխատող երկու բանկ, քանի որ նրանց նկատմամբ թույլ է սեփականատիրոջ կողմից հսկողությունը , իսկ գործադիր ղեկավարությունը օգտվելով թույլ հսկողությունից ցույց է տալիս ցածր եկամտաբերություն ի վնաս սեփականատիրոջ և Հայայստանի Հանրապետությանը : Այդ բանկերը պետք է վերցրվեն հսկողության տակ ՀՀ կենտրոնական բանկի և իրավապահ մարմինների կողմից :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter