
18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր 1.7 մլրդ դրամ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու է համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող։
Հիշեցնենք, որ 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նրանցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծով արդեն իսկ կոմիտեն կազմել է վճարման հանձնարարականներ (գումարով` շուրջ 1.7 մլրդ դրամ), և աջակցության գումարները փոխանցվել են հարկ վճարողների բանկային հաշվեհամարներին:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է 2020 թվականի հունիսի 10-ը ներառյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը խնդրում է այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (18-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում:
Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.
Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
Դիմումում չպետք է նշվի արդեն իսկ փակված հաշվեհամար:
Մինչև դիմումն ուղարկելը ևս մեկ անգամ պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը (ճշտությունը):
Մեկնաբանել