
Խորհրդարանը քննարկեց անպարտաճանաչ վարկառուների անունների հրապարակման պահանջը չեղարկող օրենքը
Խորհրդարանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով Կենտրոնական բանկը փորձում է իրավունքի ուժով արգելել անպարտաճանաչ վարկառուների անունների հրապարակումը: Նշենք, որ նախաձեռնությունը վերաբերում է բանկի հանդեպ խոշոր պարտավորություն ունեցող ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնց բանկային պարտավորությունը կազմել է 20 միլիոն դրամ և ավելի:
Ըստ գործող օրենքի` ԿԲ-ն յուրաքանչյուր եռամյսակը մեկ անգամ մամուլով պետք է հրապարակեր բանկերի կամ առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություններ ունեցող անպարտաճանաչ պարտապանների անուններն ու անվանումները, սակայն ԿԲ-ն տարիներ շարունակ խախտել է օրենքի պահանջը: Այս դեպքում անպարտաճանաչ է համարվում 180 օր և ավելի խախտում թույլ տված պարտապանը:
Հիշեցնենք, որ նախագծի քննարկումները գլխադասային հանձնաժողովում արդեն մեկ անգամ հետաձգվել են:
Նախագծի հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքով` այս օրենքը տարիներ առաջ ընդունվել է բանկերի շահերի պաշտպանության և վարկերի վերադարձելիությունն ապահովելու նպատակով:
«Ընդունվել էր օրենք, որ կապիտալի 5 %-ից ավելի վարկերը եթե ժամկետանց են, ապա պետք է հրապարակվեն: Հետագայում համակարգը զարգացել է, վարկային բյուրոն է ներդրվել, որը միջազգային չափանիշներին համապատասխանում է: 20 միլիոն և ավելի պարտավորության պայմանի ներդրման հետևանքով հազարավոր մարդկանց տվյալներ պետք է հրապարակվեին, և առաջացել է անձնական տվյալների պաշտպանության խնդիր»,- ասաց Ներսես Երիցյանը: Նրա խոսքով` այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են ունեցել, և փակ քննարկումների ժամանակ պատգամավորների մտահոգությունները փորձել են փարատել և ներկայացրել անպարտաճանաչ վարկառուների ցանկը:
«Ցանկերը նաև մենք ենք վերլուծել, չկան այնպիսի անձինք, որոնց վերաբերյալ կա կասկած, կարծում ենք փարատել ենք պատգամավորների բոլոր մտահոգությունները»,- ասաց նա:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց հանձաժողովի անդամ Վարդան Աթաբեկյանը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:
Մեկնաբանել