HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իրավապահները Մայիսյան գյուղում են․ համայնքապետը վերադարձրել է ընտանիքի անդամներին հատկացված սոցօգնությունների գումարները

Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը համայնքային բյուջե է վերադարձրել դստերը, ինչպես նաև կնոջը՝ 60-ամյակի առիթով ավագանու որոշումներով հատկացրած սոցիալական օգնությունների գումարները: Իսկ կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, ուղղակի վաճառքով հողերի օտարման փաստով իրավապահ մարմիններն այս պահին գործողություններ են իրականացնում համայնքում:

Հիշեցնենք՝ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի ավագանին պարբերաբար «հատուկ» ուշադրության է արժանացնում համայնքի ղեկավարի ընտանիքին: Նրանց վաճառվում են հողեր, տրվում սոցիալական օգնություններ: Իրավապահ մարմիններն ու Արմավիրի մարզպետարանը քննության առարկա են դարձրել հենց մեր հոդվածը:

Նշենք, որ 2019թ. նոյեմբերի 8-ին արտահերթ նիստով ավագանին որոշել էր համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա (2000քմ) արոտավայր գործառնական նշանակության հողամասն ուղղակի՝ առանց աճուրդ հայտարարելու, վաճառել համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին: Հողամասը վաճառվել է ընդամենը 16.000 դրամով, որն, ըստ ավագանու, հողամասի կադաստրային արժեքն է: Բացի այդ, 2019թ. դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում կայացրած որոշումով Մայիսյանի ավագանին որոշել է Ռուզաննա Մկրտչյանին օտարել 0,2776 հա (2776 քմ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 0,2 հա-ը՝ արոտավայր, իսկ 0,0776 հա-ը՝ վարելահող: Հողամասի վաճառքի ընդհանուր գինն ավագանին սահմանել է ընդամենը 134,146 դրամ, որը դարձյալ կադաստրային արժեքն է:

Իսկ դեկտեմբերի 13-ի նիստով ավագանին որոշել է դիմում ներկայացրած ընտանիքներին տալ դրամական օգնություն: Սոցիալական օգնության համար դիմում է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի դուստրը՝ Նելլի Մովսիսյանը: Համայնքային բյուջեից նրան հատկացվել է 40,000 դրամ օգնություն: 2020թ. հունվարի 16-ին էլ ավագանին որոշել է 50.000-ական դրամ օգնություն հատկացնել համայնքապետի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին և վերջինիս քրոջը՝ Դիանա Մկրտչյանին: Իսկ ապրիլի 10-ին 40,000 դրամ օգնություն է հատկացվել համայնքապետի քենու՝ Դիանա Մկրտչյանի սկեսրայրին՝ Սերգեյ Հարությունյանին:

Գրել էինք նաև, որ այս տարվա մարտին Արմավիրի մարզպետարանը իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացրել Մայիսյան համայնքում, և նյութում արծարծված հարցերին որևէ անդրադարձ չի կատարվել ամփոփիչ արձանագրությունում:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ստուգող հանձնաժողովը իրավասություն չուներ և չէր կարող պարզել՝ օգնություն ստացող անձը համայնքի ղեկավարի կինն է եղել, թե ոչ: Սակայն, այլ բան է, հնարավոր էր իմանալ, թե ոչ:

Մարզպետը նշեց, որ վերջին 3 տարվա կտրվածքով համայնքապետարանում ստուգում իրականացնելու համար հանձնաժողովն ունեցել է ընդամենը 10 օր: Մարզպետը չբացառեց, որ այդ փաթեթը հպանցիկ է նայվել, քանի որ բոլոր այդ կարգի ուսումնասիրություններն իրականացվում են փաստաթղթային:

Ինչ վերաբերում է սոցիալական օգնություններին, Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ Մայիսյան համայնքի ղեկավարի հետ երկու անգամ հանդիպում է ունեցել և երեկվա դրությամբ, ընտանիքի անդամների անունով ստացած սոցիալական օգնությունների գումարները վերադարձվել է համայնքային բյուջե:

Հ. Մաթևոսյանը նշեց, որ ինքն անցյալ տարի համայնքում խոսք էր տվել, որ պետք է ճանապարհ ասֆալտապատվի, խորքային հոր կառուցվի: Իր խոստումները կատարվել են: Այս տարի էլ խոսք է տվել, որ ճանապարհի ասֆալտապատման մի մասը պետք է շարունակվի, սակայն, ըստ մարզպետի, համայնքի ղեկավարը ներդրումային գումարներից ծախսել է:

«Չեմ ուզում, որպես նկատողություն, համայնքը զրկվի ասֆալտապատման աշխատանքներից: Հետևաբար ամեն ինչ կանենք, որ այդ ճանապարհը վերանորոգվի»,- հավելեց Համբարձում Մաթևոսյանը:

Ինչ վերաբերում է Ռուզաննա Մկրտչյանին վաճառած հողերին, Համբարձում Մաթևոսյանը նշեց, թե ունեցել են երկու տարբերակ: Մեկն այն էր, որ հողը նվիրատվություն արվի համայնքին: Սակայն, մարզպետը իրավապահների հետ խորհրդակցել է, և ճիշտ են համարել երկրորդ տարբերակը. պետք է այդ հարցով զբաղվեն իրավապահները, քանի որ կա պաշտոնական դիրքի չարաշահման կասկած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter