Էդուարդ Շարմազանով. «Միշտ չէ, որ ընդդիմությունը սխալ է, և միշտ չէ, որ իշխանությունը ճիշտ է»
Այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Ուսանողներին հետաքրքրում էին երկրում տիրող ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական զարգացումները, արտաքին քաղաքական իրադարձությունները:
Ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք իշխանություններն ընդդիմադիր գործիչների քննադատությունները հաշվի առնո՞ւմ են, Է.Շարմազանովը պատասխանեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները համագործակցում են օրենքների նախագծերի մշակման հարցում:
Միջազգային դիվանագիտական կառույցներում ևս իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները համագործակցում են: «Միշտ չէ, որ ընդդիմությունը սխալ է, և միշտ չէ, որ իշխանությունը ճիշտ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Երևանի պետական համալսարանի ուսանող Էրիկ Ստեփանյանը հարցրեց, թե եթե Իրանի շուրջը ստեղծված լարվածությունը հանգեցնի պատերազմական գործողությունների, ապա Հայաստանի համար ի՞նչ վտանգներ կլինեն:
Է.Շարմազանովի կարծիքով՝ Իրանում, ինչպես նաև Սիրիայում իրավիճակի ապակայունացումը Հայաստանում հումանիտար ճգնաժամի պատճառ կդառնա: Պատերազմը ցավալի հետևանքներ կունենա Հայաստանի համար, քանի որ Իրանը եզակի ճանապարհ է մեր երկրի համար: «Մենք կողմ ենք Իրանի խնդրի խաղաղ լուծմանը»,- նշեց բանախոսը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել