
Շենգավիթում հունիսի 1-ին տեղի ունեցած տոնական միջոցառման կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ
ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ս.թ. հունիսի 2-ին վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որին, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ:
Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև մեր և մեր հարազատների առողջությունը չվտանգելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները:
Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողներին հայտնաբերելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:
Մեկնաբանել