
Վահագն Հովակիմյանն առաջարկում է ընտրովի մարմինների` այդ թվում ՍԴ անդամների ընտրությունն իրականացնել նաև արտահերթ նիստում
Խորհրդարանի հերթական նիստում քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:
Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանի խոսքով` նախագիծն ի սկզբանե առաջարկում էր կարգավորել այն հարցը, որ հնարավորություն ընձեռվի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների ընտրության հարցը քննվի նաև արտահերթ նիստերում: ԱԺ գործող կանոնակարգով` այդ ընտրությունը կարող է լինել միայն հերթական նիստերին: Հովակիմյանը, սակայն, հավելեց, որ նախագծի քննարկումների ժամանակ որոշվել է կարգավորումը տարածել խորհրդարանի կողմից նշանակովի և ընտրովի բոլոր մարմինների վրա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված նման նախաձեռնության անհրաժեշտությունը: Պատգամավորը հիշեցրեց, որ տարվա բոլոր ամիսներին խորհրդարանը հերթական նիստեր է ունենում, բացառություն է միայն հուլիսն ու օգոստոսը: Վահագն Հովակիմյանն արձագանքեց` խնդիրը ամիսները չեն, այլ այն, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում տեխնիկական խնդիր կա, որը փորձում է ներկայացված փաթեթով կարգավորել:
Հովակիմյանն օրինակ բերեց, որ հնարավոր է խորհրդարանի կողմից ընտրվող մարմնի հինգ անդամ հրաժարական ներկայացնի, և տեխնիկական խնդրի պատճառով այդ մարմնի թափուր տեղերը չլրացվեն:
Նախագծի հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ասաց, որ փաթեթով առաջարկվում է համակարգային լուծում գտնել խորհրդարանի կողմից ընտրվող և նշանակվող պաշտոնների ընտրության համար, որպեսզի բացի հերթական նիստերից ընտրություն լինի նաև արտահերթ նստաշրջանում:
Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով խորհրդարանին լիազորություն է տրվում հետ կանչել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվե անցկացնելու որոշումը, որը պիտի անցկացվեր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո:
Լրացում 17:33
Խորհրդարանը փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրեց քվեարկության և ընդունեց 81 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մեկնաբանել