
Խորհրդարանը քննարկեց ԱԺ մշտական հանձնաժողովների դերի բարձրացմանն ուղղված փաթեթը
Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը:
Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ հայտարարել է ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախաձեռնության մասին և կոչ արել գործընկերներին իրեն միանալ: Հայրապետյանն ուրախությամբ նշեց, որ գործընկերներից հինգը լսել են կոչը և նախագծի համահեղինակ դարձել:
«Փաթեթը նպատակ է հետապնդում բարձրացնելու ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքի թափանցիկությունը, հանձնաժողովների նախագահների հաշվետվողականությունը, նաև հարստացնում է այն գործիքակազմը, որ խորհրդարանական ինստիտուտներն ունեն` խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համատեքստում»,- ասաց Հայրապետյանը:
Հիմնական զեկուցողի խոսքով` գործող կարգավորմամբ հանձնաժողովում քվորում ապահովվում է, երբ ներկա է առնվազն մեկ քառորդ պատգամավոր, նախագծով առաջարկվում է հանձնաժողովի նիստը համարել իրավազոր, եթե ապահովվել է 50+1 ձևաչափը:
«Նախկինում հանձնաժողովում պատգամավորները դժվարությամբ էին հավաքվում, և քվորում ապահովելու խնդիր կար: Մենք գտնում ենք, որ այս խորհրդարանում մենք նման խնդիր չունենք»,-ասաց Հայրապետյանը` հավելելով, որ որքան ավելի շատ պատգամավոր ներկայացված լինի հանձնաժողովում, այնքան նախագծին տրված եզրակացությունն ավելի լեգիտիմ կարող է համարվել:
Հայրապետյանի խոսքով` առաջարկվում է մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարին օրենքով վերապահել մեկ փորձագետի հնարավորություն:
Նախագծի հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ասաց, որ փաթեթը հանձնաժողովում հանգամանալից քննարկվել է, և այն ստացել է դրական եզրակացություն:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել հեղինակների հետ, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ են լինելու: Կոչ եմ անում բոլոր խմբակցություններին միասին աշխատենք ժամանակ ունենք մինչև երկրորդ ընթերցում, հարստացնենք այն»,-ասաց Կարապետյանը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով` խնդրահարույց է մշտական հանձնաժողովների նախագահներին ու խմբակցություննների ղեկավարներին հատկացվող խորհրդականների հաստիքները` հատկապես հաշվի առնելով համավարակի պայմաններում պետական բյուջեի միջոցների հնարավոր մուտքերի նվազումը:
Այս խոսքերից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն արձագանքեց` կա չգրված ավանդույթ, որով գործադիրի ներկայացուցիչները ձեռնպահ են մնում ԱԺ կանոնակարգ-օրենքի այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք վերրաբերում են ներքին աշխատանքների կազմակերպմանը:
«Կարծում եմ այն գեղեցիկ ավանդույթ է, և հնարավորինս պետք է պահպանենք այն»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Լրացում 17:35
Խորհրդարանը փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրեց քվեարկության և ընդունեց միաձայն` 103 կողմ ձայնով:
Մեկնաբանել