HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու 24 մանկապարտեզներից վերաբացվել են 7-ը, գրանցված 2700 երեխաներից հաճախում են 21-ը

Երեքամյա Մարտինը ձեռքերով սրտի նշան է ցույց տալիս ու աչքերը խորամանկ կկոծելով՝ ժպտում: Միմյանցից 1,5-2 մետր հեռավորության վրա դրած սեղանների մոտ նստած 4 փոքրիկները տանից ուղարկած սնունդն են վայելում: Գյումրու համայնքային ենթակայության «Կարմիր գլխարկ» ՀՈԱԿ-ում ճաշի ժամ է: Մարտինին ուրախացրել է անծանոթի մուտքն ու սնվելու փոխարեն փոքրիկը ձգտում է տարբեր ժեստերով գրավել ուշադրությունս:

«Դուրը շատ ես եկել՝ սիրեց քեզ»,- ծիծաղում է մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Ստեփանյանը: Ես տխուր ժպտում եմ՝ հասկանալով, որ չեմ կարող ի պատասխան բռնել տղայի ձեռքը կամ գլուխը շոյել, եւ միայն ասում եմ՝ ես էլ քեզ եմ սիրում, փոքրի՛կ:

«Կարմիր գլխարկ» ՀՈԱԿ-ը համայնքային ենթակայության մյուս հաստատություների նման` պայմանավորված կորոնավիրուսի վտանգներով, մարտ ամսից դադարեցրել էր գործունեությունը: Պարետատան որոշումից հետո՝ մայիսի 21-ից վերաբացվել է, սակայն 61 սանից միայն 4-ն են հաճախում: Մանկապարտեզը գտնվում է երկրաշարժից հետո կառուցված «Ավստրիական» թաղամասում: Կառուցված եւ կահավորված է այնպես, որ կարողանա սպասարկել նաեւ  հաշմանդամություն ունեցող երեխաներին: Շուշանիկ Ստեփանյանն ասում է, որ արել են հնարավոր ամեն ինչ պարետատան սահմանած կարգով աշխատանքները վերսկսելու համար, սակայն հրահանգված սահմանափակումները հնարավորություն չեն տալիս բոլոր երեխաներին վերադառնալ իրենց առօրյային:

«Սնունդը տնից բերելու, անկողնային պարագաները տանել լվանալու պահանջները շատ ծնողների մոտ անհարմարություններ էր առաջացրել, լրացուցիչ խնդիրներ է իրենց համար, որ նախկինում մենք ենք լուծել,- նկատում է տնօրենը,- ծնողներից շատերն էլ հաշվարկել էին, որ ամեն օր 1000-1500 դրամով երեք անգամյա սնունդ չեն կարողանալու ապահովել. եւ հրաժարվեցին բերել: Մենք բացվել ենք մայիսի 21-ին՝ երկու երեխայով, հիմա 4 երեխա է հաճախում, հունիսի 2-ից եւս մեկ երեխա կգա: Նախապատվությունը տվել ենք աշխատող ծնողների երեխաներին»:

Շուշանիկ Ստեփանյանի փոխանցմամբ՝ հաճախող երեխաների թիվը կավելանա, եթե սննդի պատրաստումն իրականացվի տեղում, ինչպես նախկինում: «Հիմա, որ պահանջ կա խմբերը ձեւավորել 10-12 երեխայից, մենք կարող ենք այդ քանակն ապահովել եւ վերահսկել, որովհետեւ թե շենքի ներսում, թե բակային տարածքում ունենք բոլոր հարմարությունները: Անգամ, եթե թույլատրվի խոհանոցն աշխատեցնել՝ մենք դարձյալ պատրաստ ենք,-ասում է Շուշանիկ Ստեփանյանը,-մենք ունենք ախտահանող սարք, որ 92 աստիճանի տակ սպասքը ախտահանում է: Մեր դայակները սպասք չեն լվանում, մենք այս մեթոդը կիրառում ենք արդեն 30 տարի: Այնպես որ, եթե պարետատունը որոշի, որ մանկապարտեզներում սնունդ տան, մենք կարող ենք ամբողջությամբ, հիգինենան պահպանելով՝ այդ ամենը կազմակերպել»:

Ներկայում երեխաները 4 բաժանումով փակ տարաներով երեք անգամյա սնունդ են բերում: Տնօրենն ասում է, որ սկզբնական շրջանում փոքրիկները փորձել են մեկը մյուսի ուտելիքից օգտվել, փոխանակումներ անել, սակայն արդեն վարժվել են չնկատել տարբերությունը: 

«Կարմիր գլխարկ» ՀՈԱԿ-ի 13 աշխատակիցներից միայն 4-ն են ամեն օր գալիս աշխատանքի, մնացածը՝ հերթափոխի տարբերակով: Բոլոր աշխատակիցներն ունեն տեղեկանք, որ COVID-19-ով չեն հիվանդացել, մեկուսացված չեն եղել: Երեխաների առողջության վերաբերյալ եւ սեփական աշխատանքի վայրից տեղեկանք ներկայացրել են նաեւ ծնողները: Գյումրու մեկ այլ՝ «Գոհար» ՀՈԱԿ-ում գրեթե նույն պատկերն է՝ երեխաների ցածր հաճախելիություն, սահմանափակումների հետ կապված՝ ծնողների մտահոգություն: Մանկապարտեզը վերաբացվել է մայիսի 21-ին, հաճախել են երկու երեխա, ներկայում երեխաների թիվը 4-ն է:

«Որ մեկ երեխա էլ ուզենա գալ, մենք պարտավոր ենք աշխատել,-ասում է «Գոհար» ՀՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Հարությունյանը,-մինչեւ փակվելը մենք ունեցել ենք 132 գրանցված եւ 122 մշտական հաճախող երեխա: Հիմա՝ էս պայմաններում, ընդամենը 4-ն են գալիս: Մեր ծնողները չհամաձայնեցին ամեն օր անկողինը տանել լվանալու պահանջին եւ այդ պատճառով քնի ժամ չունենք: Երեք անգամյա սնունդը ևս խնդիր էր, ու երեխաներին հիմնականում ուշ են բերում՝ տանն արդեն նախաճաշած, էստեղ միայն մեկ անգամ ճաշում են եւ մինչեւ հետճաշի ժամը տանում են: Աշխատում ենք պարետատան սահմանած կանոնների համաձայն, սպասում ենք որ առաջիկայում որոշում կայացվի ընդունել նաեւ չաշխատող ծնողների երեխաներին»:

Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 24 մանկապարտեզից 3-ը տնակային են: Քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ միանգամից բացառվել է այդ մանկապարտեզների վերաբացումը: Մայիսի 21-ին ունեցել են ընդամենը 28 գրանցված երեխա, որից 13-ն են հաճախել: Հունիսի 1-ի դրությամբ գործում է 7 մանկապարտեզ, գրանցված 35 երեխայից հաճախել են 21-ը: 

«Հաճախող երեխաների թիվը տատանվում է, ծնողները սպասում են, որ որոշ սահմանափակումներ եւս հանվեն ու իրենք կարողանան երեխաներին բերել: Որոշ մասի մոտ վախ կա վիրուսից, դրա համար չեն բերում, բայց մեծ մասի համար դժվարություն է տնից սնունդ ուղարկելը: Այնպես, որ շատերը նաեւ ֆինանսական խնդիրներից ելնելով չեն բերում»,- ասաց Շողիկ Ալեքսանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter