HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում գործազուրկների թիվը հասել է 2,2 միլիոնի

Ռուսաստանում մոտ 2,2 միլիոն մարդ պաշտոնապես ճանաչվել է գործազուրկ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին հայտարարել է Ռուսաստանի աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը՝ նախարարությանը կից հանրային խորհրդի նիստի ժամանակ։ Խոսքը միայն այն քաղաքացիների մասին է, որոնք հաշվառման են անցել գործազրկության նպաստ ստանալու համար։ Ռուսաստանի աշխատանքի կոնֆեդերացիայի գնահատականներով՝ գործազուրկների իրական թիվը (այդ թվում նաև հաշվառման չկանգնած քաղաքացիները) կարող է հասնել մինչև 8 միլիոնի։

Հիմնականում գործազրկության աճը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի տարածումից հետո Ռուսաստանում սահմանափակվել են ձեռնարկությունների աշխատանքները։ Միջազգային թռիչքների արգելքի պատճառով՝ մեծ կորուստներ են կրում զբոսաշրջային ոլորտը, ավիափոխադրումները, սահմանափակումներ մտցնելուց հետո աշխատանքը դադարեցրել են ռեստորանները, սրճարանները, գեղեցկության սրահները և այլ ընկերություներ։

Ռոսստատի տվյալներով՝ միայն ապրիլ ամսվա ընթացքում, ի տարբերություն մարտ ամսվա, գրանցված գործազուրկների թիվը աճել է 59,2 %-ով։ Եթե այս ցուցանիշը համեմատենք նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշների հետ, ապա աճը կազմում է 79 %:

Բոլոր նրանք, որոնք աշխատանքից զրկվել են մարտի 1-ից հետո, կարող են ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար ստանալ գործազրկության նպաստ՝ նվազագույն աշխատավարձի չափով։ Նախարարի խոսքերով՝ արդեն իսկ նպաստ է հատկացվել շուրջ 450 000 քաղաքացիների։ Ավելի վաղ պաշտոնյան հայտարարել էր, որ գործազրկության գագաթնակետը կարող է բաժին հասնել 2020 թվականի երրորդ եռամսյակին։

Լուսանկարը՝ ИА Красная Весна-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter