
Ազգային գրադարանի շտեմարանները հասանելի են համացանցում
Սերվերի խափանման փորձաքննությունների եզրակացությունները պատրաստ չեն
«Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) առցանց շտեմարաններն արդեն հասանելի են: Նախորդ երկու օրերին շտեմարանների թեստային փորձարկումներ են արվել և այժմ այն հասանելի է 24 ժամ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀԱԳ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով գրադարանի աշխատակիցները որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել էին ծխեցված վիճակում: ՀԱԳ-ում կատարվածի մասին տնօրինությունն օրեր անց տեղյակ էր պահել արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ): ԱԻՆ-ը հետաքննություն էր սկսել գրադարանում, նշանակվել էին հրդեհատեխնիկական, ապրանքագիտական եւ էլեկտրատեխնիկական փորձաքննություններ:
ՀԱԳ տնօրենի պաշտոնակատարն այսօր տեղեկացրեց, որ բովանդակային առումով կորուստներ չունեն, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները մանրակրկիտ մաքրել են սերվերները և պատրաստի շահագործման համար հանձնել են գրադարանին:
«Այս ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների մի ամբողջ համայնք ձևավորվեց գրադարանի շուրջ, որը պատրաստակամություն է հայտնել մեզ աջակցել նաև հետագայում»,- հայտնեց Հ. Սարիբեկյանը:
Վերջինս նշեց, որ սերվերները շահագործելու համար բոլոր սարքավորումները պահպանված են: Հրդեհվելուց հետո սերվերների արտաքին տեսքից դատելով՝ կարող էին ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են, հավանականությունը փոքր է, որ հնարավոր չի լինի դրանք գործարկել: Եթե այդ էլ չլիներ, շտեմարանում ներառված բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության, գրքերի և մամուլի ամբողջ բազան առանձին կրիչներով պահվում էին Ազգային գրադարանում:
ՀԱԳ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում գրադարանի հանրային կապերի բաժինը մանրամասն մոնիտորինգ է իրականացրել, վերլուծել են հրդեհի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները, սոցիալական կայքերում արված գրառումները, անգամ դրանց հավանումները: Ազգային գրադարանում ծառայողական քննություն է իրականացվում, և գրադարանի բոլոր աշխատակիցները, որոնք դեպքի օրն այցելել են Ազգային գրադարան, զեկուցագրեր են ներկայացնում:
Ի սկզբանե տնօրենը չի բացառել մարդկային միջամտության գործոնը: Դեպքի առթիվ փորձաքննություն է իրականացվում և դեռ չի հերքվել մարդկային դիտավորության, միջամտության գործոնը: «Ես ենթադրություններ ունեմ, սպասում ենք փորձաքննության եզրակացությանը, իմ վերջնական դիրքորոշումը ծառայողական քննության և փորձաքննության ավարտից հետո կներկայացնեմ»,- ասաց տնօրենը:
Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ փորձաքննության եզրակացությունները դեռեւս պատրաստ չեն։ Գործի առանձնահատկությունից ելնելով՝ դատախազի ցուցումով, հետաքննության ժամկետը երկարացվել է 20 օրով՝ մինչև հունիսի 15-ը։
Լուսանկարում՝ Հրաչյա Սարիբեկյանը / © Արմենպրես
Մեկնաբանել