
Ըստ Կառավարության` մեկուսացածներին և ինքնամեկուսացածներին անաշխատունակության նպաստ տրամադրելու նախագծում ֆինանսական խնդիրներ կան
Խորհրդարանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը:
Պատգամավորն առաջարկում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ սահմանել մեկուսացած և ինքնամեկուսացած այն անձանց համար, ովքեր վարձու աշխատողներ են:
Չնայած խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել նախագծին, սակայն նախագծի հեղինակն առաջարկեց դեմ քվեարկել` փաթեթն ուղարկելով առաջարկությունների ներկայացման փուլ:
Նարեկ Զեյնալյանի խոսքով` Կառավարությունը գաղափարին դեմ չէ, բայց ընդհանուր համաձայնության են հանգել՝ մի քանի օր դադար վերցնելու, որպեսզի հավելյալ հաշվարկներ կատարվեն:
«Առաջարկում եմ տեղափոխել առաջարկների ներկայացման փուլ, մեկ շաբաթ, տասն օր դադար վերցնենք ու ֆինանսական կանխատեսումներն ունենանք»,-ասաց Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ քննարկմանը Նարեկ Զեյնալյանը հայտնել էր, որ մինչ այժմ մեկուսացածների թիվը մոտ 5000 է, ինքնամեկուսացածներինը` 18 հազար:
Զեյնալյանի խոսքով` հստակ չէ, թե այդ ցանկում քանիսն են վարձու աշխատող, սակայն մոտ 20 հազար վարձու աշխատողների համար միջինացված հաշվարկը 400 միլիոն դրամ է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ փաթեթն ուղարկվում է առաջարկությունների փուլ: Մարուքյանի համոզմամբ` քաղաքական մեծամասնության պատգամավորը չի կարողացել համոզել Կառավարությանը, որ նախագիծն անհրաժեշտ է:
Նարեկ Զեյնալյանն արձագանքեց, որ համոզել-չհամոզելու խնդիր չկա, գաղափարն ընդունելի է եղել Կառավարության համար, պարզապես որոշակի կանխատեսելիության խնդիր կա:
Նախագծի հարակից զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն իր ելույթում նշեց, որ Կառավարությունը բովանդակային առումով նախագծին դեմ չէ, սակայն առկա են խնդիրներ, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն:
«Նախագծի կապակցությամբ ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ կա: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկա մի քանի օրում լրացուցիչ ուսումնասիրություն անել, որ ֆինանսական կանխատեսելիություն ապահովենք»,-ասաց Սաիյանը:
Լրացում 12:27
Նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց քվեարկության և մերժվեց 27 կողմ, 82 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծերի հեղինակ Նարեկ Զեյնալյանն առաջարկեց փաթեթն ուղարկել գրավոր առաջարկների փուլ, պատգամավորի առաջարկն ընդունվեց:
Մեկնաբանել