
Կառավարությունն ընդլայնեց 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը
Կառավարության 2020 թվականի մարտի 30-ին ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման շրջանակը ընդլայնվեց մի շարք կետերով։ Այս մասին Կառավարության այսօրվա՝ հունիսի 4-ի նիստում զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։
Այսուհետ ծրագրի շահառուներ կարող են լինել նաև այն անձինք, ովքեր աշխատում են տվյալ ոլորտներում՝
- մանածագործական արտադրատեսակների արտադրություն,
- փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից,
- թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն,
- ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն,
- համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն,
- էլեկտրական սարքավորանքի արտադրություն,
- ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն,
- համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում,
- ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
«Այս 9 ոլորտների ավելացմամբ մենք կծածկենք ևս 1875 կազմակերպության, որոնց մոտ աշխատում է 9171 աշխատակից։ Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ։ Այս պահին 8-րդ միջոցառմամբ ունենք վճարած շուրջ 124,609 շահառուների, և ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,5 մլրդ դրամ»,- հայտնեց Արման Ուդումյանը։
Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, որ Կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում շահառուներին հասանելի է օժանդակության ընդհանուր առմամբ 100 մլրդ 40 մլն դրամ։ Միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51,800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը։ Ընդհանուր առմամբ Կառավարությունն ընդունել է 19 հակաճգնաժամային միջոցառում։
Մեկնաբանել