HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն. «Գազի գնի 255 դոլարից ընկերությանը 16 դոլարն է մնում»

«Գազպրոմ Արմենիան», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու մասնագիտական հանրությունը քննարկում են սպառողներին մատակարարվող գազի սակագնի վերանայման հարցը։ «Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է, որ գազը թանկացնելու ժամանակն է։

Դեռևս 2019 թվականից Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գինը հազար խմ-ի դիմաց բարձրացավ 15 դոլարով՝ 150 դոլարից դառնալով 165 դոլար։ Սակայն, բնակիչներին վաճառվող գազի գնի փոփոխություն տեղի չունեցավ։ 2019 թվականին հնարավոր եղավ սպառողներին հասնող գազի սակագները թողնել նույնը, որն ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի, պայմանավորված էր շահագործման և պահպանման ծախսերի օպտիմալացմամբ։ Սակայն, ընկերությունն այժմ հայտարարում է, որ այլևս չի կարող փակել այդ ծախսերը, և անհրաժեշտ է բարձրացնել գազի սակագինը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօրվա աշխատանքային քննարկմանը, որի թեման Հայաստանում սպառողներին վաճառվող գազի գնի բարձրացումն էր, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ «այսպես այլևս անհնար է պահել համակարգը»։

Ինչպես արդեն գրել ենք, այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար՝ հազար խմ-ի դիմաց, որը դրամային արտահայտությամբ 135.9 հազար դրամ է։

Գործող սակագների հաշվարկի համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կազմում է 255 դոլար՝ հազար խմ-ի դիմաց կամ 122.4 հազար դրամ։ Արդյունքում, «Գազպրոմ Արմենիա»-ի՝ սպառողներին վաճառած բնական գազի առաջարկվող սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կազմում է 11 %։

«2019-ի հունվարի 1-ի դրությամբ, երբ Հայաստան ներկրվող գազի սակագինը դարձավ 165 դոլար, մենք գազը շարունակեցինք վաճառել 255 դոլարով: Այդ 90 դոլարից մոտ 43 դոլարը վճարում ենք բյուջե, 12 դոլարը՝ կորուստ է, 19 դոլարը՝ աշխատավարձն է։ «Գազպրոմ Արմենիա»-ին մնում է 16 դոլար»,- նիստին նշեց Հրանտ Թադևոսյանը:

Ըստ նրա՝ ընկերությունը պատրաստվում է ներդրումներ կատարել, գազամատակարարման համակարգը թարմացնել՝ առանց որի ապագայում կարող են խնդիրներ առաջանալ գազամատակարարումների հետ կապված։ Նրա խոսքով՝ թվերը վկայում են, որ այսպես անհնար է պահել համակարգը:

Երկու ամիսների ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը ուսումնասիրել է հայտը, ներկայացված փաստարկներն ու հաշվարկները։  Հանձնաժողովը եկել է եզրահանգման, որ ավելի նպատակահարմար է գազի գինը բարձրացնել ոչ թե 11 %-ով, ինչպես ակնկալում է «Գազպրոմ Արմենիա»-ն, այլ՝ 4.6 %-ով։

Այսօր գազ սպառողների համար տարբեր սակագներ են սահմանված. այդ մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր նախորդ հոդվածում։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր բոլորի համար սահմանել մեկ միասնական սակագին։ Մինչդեռ հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել սպառողական խմբերի տարբերակման մոտեցումը։

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի՝ առաջարկվում է բնակիչ-բաժանորդներին, բացառությամբ սոցիալապես անապահով խմբերի, վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ հազար խմ-ի դիմաց։

Սոցիալապես անպահով սպառողների համար, որոնք սպառում են տարեկան մինչև 600 խմ գազ, առաջարկվում է, նույնպես, գինը թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ հազար խմ-ի դիմաց։

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար` ամեն տարվա նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, և պահածո, խմիչք ու կաթնամթերք արտադրող անձանց բնական գազի սակագինը հազար խմ-ի համար սահմանել 224 ԱՄՆ դոլար։

Իսկ մնացած սպառողներին, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող գազի համար, եթե սպառվում է ամսական մինչև 10 հազար խմ, հանձնաժողովն առաջարկում է սահմանել 139 հազար դրամ՝ հազար խմ-ի համար, իսկ ամսական 10 հազար խմ սպառումը գերազանցող բաժանորդների համար՝ 252.95 դոլար։

«Գազպրոմ Արմենիա»-ն և ՀԾԿՀ-ն ֆինանսական տարբեր հաշվարկներ են ներկայացրել

«Գազպրոմ Արմենիա»-ն, գազի գնի վերանայման հայտը ներկայացնելիս, նշել է հաշվարկներ գազամատակարարման ոլորտի հասույթի, շահույթի, մաշվածության և այլ ցուցանիշների գծով, որոնք էլ հաշվի առնելով՝ պետք է հաշվարկվեր գազի սակագինը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ իր հերթին է հաշվարկներ կատարել և եկել եզրահանգման, որ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած մի քանի ցուցանիշների գծով կարելի է «կրճատումներ» անել, օրինակ՝ աշխատավարձային ֆոնդի, նորոգման և նյութական ծախսերի, մաշվածության և շահույթի գծով և այլն։

«Գազպրոմ Արմենիա»-ի հայտի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած գների կառուցվածքում հիմնական տարբերությունը շահագործման և պահպանման ծախսերի, մաշվածության և շահույթի մեջ է։ 

Տնտեսության և քաղաքացիների սոցիալական կյանքի վրա գազի թանկացման ազդեցությունների գնահատականը թողնված է նախարարություններին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի գնահատել, թե տնտեսության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ գազի գնի թանկացումը։ Օրինակ՝ թե ինչպես կազդի արդյունաբերության վրա, որի արտադրանքի ինքնարժեքում գազի ծախսի տեսակարար կշիռն էական է։

«Ես չլսեցի ոչ մի տնտեսական նկարագրություն, թե ինչպես կազդի (գազի թանկացումը,- հեղ.) մեր պետության վրա։ Մենք տեսնում ենք, որ շեշտադրումն արդյունաբերությունը ճնշելու վրա է դրվում՝ գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը։ Մանավանդ՝ այս կորոնավիրուսի պայմաններում, երբ մենք մնում ենք մեր հույսին, մենք այդ արտադրությունն ավելի ենք ճնշում»,- քննարկման ժամանակ նշեց Հանրային խորհրդի անդամ Արմինե Խզմալյանը՝ հավելելով, թե արդյոք Էկոնամիկայի նախարարության հետ գնահատե՞լ են ազդեցությունը։

Ի պատասխան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը նշեց . «Մեր աշխատանքն է զուտ ապահովել ընկերության հասույթը։ Թե ինչ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա, մենք ձեռնպահ ենք մնում։ Օրենքով դրա իրավասությունը չունենք։ Գազի սակագինը միանշանակ պետք է բարձրանա»։ 

Ավելի ուշ Աղինյանը հավելեց, որ Կառավարությունն, իհարկե, տեղյակ է այս քննարկումների ընթացքից ու առաջարկվող սակագներից։

Գազի գնի վերանայման շուրջ քննարկումները դեռևս շարունակվելու են։ Առաջիկայում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս թեմայով նիստ է ծրագրված։ 

Մեկնաբանություններ (1)

Սիմոն
(((12 դոլարը՝ կորուստ է, 19 դոլարը՝ աշխատավարձն է։ «Գազպրոմ Արմենիա»-ին մնում է 16 դոլար ... ))) Գազի տարեկան ծախսը մոտ 2 մլրդ է: Ստացվում է 38 մլ դլ աշխատավարձ են ստանում տարեկան (իսկ քանի հոգի են?), ընդհամենը 32 մլն դլ շահույթ են կուտակում խեղճերը, մոտ մի 24 մլն դոլլարի գազ էլ .... դուրս են փչում, աղտոտելով բնությունը: Եղբայր, էլեկտրոէներգիայի կորուստը ցանցերում հասկացանք, դա անխուսափելի երեւույթ է տաքացման հետ կապված, թույլատրվում է մինչեւ 5% սահմաններում: Բա գազի ռեգուլյար կորուստը որն է՜, երեւի տրուբեքը անընդհատ ծակ ե՜ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter