HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է գազը թանկացնել ոչ թե ակնկալվող 11%-ով, այլ՝ 4.6%

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված գազի գնի վերանայման հայտը քննելուց հետո առաջարկում է գինը բարձրացնել ոչ թե 11%-ով, ինչպես ակնկալում է «Գազպրոմ Արմենիա»-ն, այլ՝ 4.6%-ով։

Այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով առաջարկել է հազար խմ-ի դիմաց այսօր գանձվող 255 դոլարը միանգամից բարձրացնել 11%-ով՝ դարձնելով 283 դոլար։ Սա սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինն է։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքում օրերս հրապարակվել է մի տեղեկանք, որում նշվում է, որ հանձնաժողովը հայտը քննելուց հետո «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է սպառողների համար գազի միջին գինը բարձրացնել ոչ թե 11%-ով, այլ՝ 4.6%-ով և հազար խմ-ի դիմաց սահմանել 266.7 դոլար սակագինը։

Գազը հայաստանցի սպառողներին այսօր հասնում է մի քանի սակագներով՝ բնակիչ-սպառողներն այլ գումար են վճարում, ջերմոցային տնտեսություններն ու խոշոր արտադրամասերը՝ մեկ ուրիշ և այլն։ Ընդհանուր առմամբ, սպառողական հինգ խմբեր են տարբերակված։

Օրինակ՝ բնակիչ-սպառողները, որոնք ըստ բաժանորդների քանակի ամենամեծ սպառողական խումբն են, ընդհանուր սպառողների մոտ 90%-ը, այսօր հազար խմ-ի դիմաց վճարում են 139 հազար դրամ։ «Գազպրոմ-Արմենիա»-ն նոր հայտով առաջարկում է բնակիչ-սպառողների համար գազի գինը նվազեցնել 2.2%-ով՝ սահմանելով 135.9 հազար դրամ։

Փոխարենը «Գազպրոմ-Արմենիա» -ն առաջարկել է էապես բարձրացնել մյուս խմբերին մատակարարվող գազի գինը, որոնց կազմում են ինչպես անպահով ընտանիքները, որոնք այսօր համեմատաբար ցածր գին են վճարում գազի դիմաց, այնպես էլ՝ ջերմոցային տնտեսությունները, մեծ ծավալի գազ սպառող բաժանորդները՝ արտադրամասերը և այլն։

Դրա, արդյունքում, ինչպես առիթ ենք ունեցել գրելու, «Գազպրոմ-Արմենիա»-ն շահած է դուրս գալու՝ միջին գինը բարձրանում է 11%-ով։

Փաստորեն, ՀԾԿՀ-ի պատասխան առաջարկով ևս «Գազպրոմ Արմենիա»-ն շահած է դուրս գալիս։ Պարզապես՝ ոչ այն չափով, որքան ակնկալել է գազի մատակարարը։

ՀԾԿՀ-ն առաջարկում է բնակիչ-սպառողների և անապահով խմբերի համար գազի գինը թողնել նույնը՝ փոխարենը թույլ տալով բարձրացնել մյուս խմբերի համար սահմանված գները։

Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունների, գյուղոլորտում վերամշակող արդյունաբերությամբ զբաղվող՝ պահածոներ, խմիչքներ, կաթնամթերք արտադրողների համար 212 դոլարից դարձնել 224՝ հազար խմ-ի դիմաց։ Իսկ առավել խոշոր սպառողների համար (ամսական 10 000 խմ սպառումը գերազանցող)` 242.1 դոլարից դարձնել 255.9 դոլար։

Այսպիսով, «Գազպրոմ-Արմենիա»-ն առաջարկում է բնակիչ-սպառողների համար գազը փոքր-ինչ էժանացնել, փոխարենը՝ թանկացնել մյուս խմբերի համար։ Ի պատասխան՝ ՀԾԿՀ առաջարկում է բնակիչ-սպառողների համար գինը թողնել նույնը, մյուս խմբերի համար՝ թանկացնել ավելի քիչ չափով, քան ակնկալում է «Գազպրոմ-Արմենիա»-ն։

Սակայն, սա դեռ վերջնական որոշում չէ։ Վաղը՝ հունիսի 4-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ։ Սպասվում է, որ այստեղ առավել մանրամասն կներկայացվեն գազի գնի թանկացման պատճառներն ու հիմնավորումները։

Ինչ կշիռ ունեն բնակիչ-սպառողները և մյուս խմբերը գազի սպառման ծավալում

2019 թվականին Հայաստանում սպառվել է  2.2 մլրդ խմ գազ, որը 2018 թվականի համեմատ ավելացել է 46  մլն խմ-ով կամ 2%-ով։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ «Գազպրոմ Արմենիա»-ից ստացված տվյալների հիման վրա։

Ըստ սպառվող գազի ծավալի (և ոչ թե՝ ըստ սպառողների քանակի)՝ ամենամեծ սպառողական խումբը ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողներ։ Այս խմբում են ներառվում հիմնականում ԱԳԼՃԿ-ները, ինչպես նաև մշակող արդյունաբերության ձեռնարկությունները, ովքեր մեծ ծավալի գազ են սպառում ամսական կտրվածքով։ Նրանք 2019 թվականին ընդհանուր առմամբ սպառել են 1.3 մլրդ խմ գազ։ Սա կազմում է հանրապետությունում սպառված գազի ամբողջ ծավալի մոտ 60%-ը։

Հաջորդ ամենախոշոր սպառող խումբը բնակիչ-սպառողներն են։ Այն է՝ ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողները։ Նախորդ տարի սպառել են մոտ 705 մլն խմ գազ՝ հանրապետությունում սպառված գազի 32%-ը։

Մնացած 8%-ը սպառում են  երեք խմբեր՝ սոցիալապես անապահով խավի բնակիչները, որոնց տարեկան սպառումը չի գերազանցում 600 խմ-ն, ջերմոցային տնտեսություններն ու գյուղոլորտում վերամշակող արտադրությամբ զբաղվող անձինք։ 

Նկարագրվածն առավել պատկերավոր կարող եք տեսնել ներքևում գտնվող գրաֆիկում։

Իսկ եթե դիտարկում ենք գազի սպառողների քանակի կառուցվածքը, ապա այստեղ միանշանակ առաջատարը բնակիչ-սպառողներն են՝ 87% կշռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter