HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Գլորիայի» սեփականատերը պնդում է` հնարավորություն չունի աշխատակիցների համար լրացուցիչ ավտոբուսներ ձեռք բերել

Վանաձորի ամենամեծ արտադրական ձեռնարկությունում` «Գլորիա» կարի ֆաբրիկայում, կորոնավիրուսի դեպքերն օրեցօր ավելանում են: Վարակվածների թիվն այսօրվա տվյալներով 61-ն է: Ընկերության աշխատանքը երեք օրով դադարեցված է` պարետատան սահմանած կանոնները չպահպանելու համար:

Ձեռնարկության սեփականատեր Բագրատ Դարբինյանը, սակայն, իր մեղքի բաժինը չի տեսնում այդ հարցում, պնդում է` հնարավորությունների սահմանում պահպանել են կանոնները:

«Իմ մեղքի բաժինը ո՞րն է, նախարա՞րն եմ, թե՞ պարետը… Մարդիկ գալիս են գործի, աշխատանքով ապահովում եմ իրենց, աշխատավարձը բարեխղճորեն տալիս եմ»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր գործարանի աշխատակիցներին տուն տեղափոխող ավտոբուսի լուսանկարը, որից հետո էլ ընկերության աշխատանքը երեք օրով կասեցվել է, Բագրատ Դարբինյանն արձագանքեց.

«Նկարին ուշադիր նայեք` ավտոբուսի մեջից դիմացի պատշգամբի դուռը երևում է, ոնց են մարդիկ իրար հետ լցված: Քաղաքային տրանսպորտը նկարել եք, Հայաստանը ծանր սոցիալական վիճակում է, ինչքան հնարավորություն ունենք կանոնները պահում ենք»:

Մեր հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ մի քանի աշխատանքային ավտոբուս տրամադրել, որպեսզի սոցիալական հեռավորությունը պահպանվի, աշխատակիցներն էլ մեկը մյուսի համար վտանգավոր չլինեն, Դարբինյանը պատասխանեց.

«Նման հնարավորություն չունենք, եթե դուք օրինակ՝ օպել եք վարում, ես կարող եմ ասել` չեք կարծում, որ օպելը լավ մեքենա չէ, չի լինի մերսեդես վարեք, դուք էլ կպատասխանեք` հնարավորություն ունենամ, կվարեմ… գիտեք լավ վիճակում ենք հիմա, սուղ միջոցներով աշխատում ենք»:

Գլորիայի սեփականատերն էլ իր հերթին պարետատան հասցեին է մեղադրանքներ հնչեցնում, ասում է` երեք ամիս է իր ձեռնարկությունում որևէ մեկը չէր վարակվել, թող քայլեր ձեռնարկեին` կանխեին տարածումը:

«Էնքան տարածվեց, բա բնական է, հո լուսնի վրա չենք, մարդիկ շփվում են ու հնարավոր է վարակվեին»,- ասաց նա` հավելելով, որ վարակված աշխատակիցներից գրեթե բոլորը որևէ սիմպտոմ չունեն:

Դարբինյանը նաև չբացառեց, որ եռօրյա սահմանափակումներից հետո որոշում կայացնի ձեռնարկությունը չբացել:

Տեղեկացնենք, որ ըստ հունիսի 4-ի տվյալների` Լոռու մարզում վարակակիրների ընդհանուր թիվը 167 է, որից 64-ը առողջացել են, մինչ այժմ արձանագրվել է մեկ մահ:

Լուսանկարը` Ազատություն Ռ/Ը-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter