HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագյուղ-Քարաշամբ ճանապարհ. դժվարանցանելի փորձություն վարորդների համար

Կոտայքի մարզի Արագյուղ և Քարաշամբ գյուղերը իրար կապող ճանապարհին մինչև կես մետր խորությամբ փոսեր կան: Սակայն այդ ճանապարհը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան պարզապես երկու գյուղերը իրար կապելը:

Արագյուղ-Քարաշամբ մարզային նշանակության ճանապարհի երկարությունը 3,7 կիլոմետր է: Սովետական տարիներից մնացած ասֆալտը տասնյակ տարիներ այլևս չի ծառայում իր նպատակին, քանի որ դրանից գրեթե ոչինչ չի մնացել: Այստեղով հիմնականում երթևեկում են բեռնատար ավտոմեքենանենր, որոնք Արթիկից տուֆ են տեղափոխում Կոտայքի մարզկենտրոն Հրազդան, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ և այլ բնակավայրեր: Հակառակ ուղղությամբ ավազ և ցեմենտ է տեղափոխվում: 

Այս կարճ ճանապարհը անցնելու համար բեռնատարների վարորդներից 30-40 րոպե է պահանջվում: Հասկանալու համար ճանապարհի կարևորությունը, շեշտենք, որ այն Կոտայքի մարզկենտրոն Հրազդանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզը Արագածոտնի, ապա նաև Շիրակի մարզին կապող ամենակարճ ճանապարհն է: Արգել-Նոր Գեղի-Եղվարդ հանգույցով շրջանցելը ամբողջ ճանապարահը երկարացնում է մոտ 40 կիլոմետրով: 

Բեռնատարի վարորդ Հրաչ Սիրունյանը արդեն երեք տարի է՝ շաբաթը 2-3 անգամ երթևեկում է այս ճանապարհով. Արթիկից Հրազդան տուֆ է տանում: Ասում է, որ կարճ ճանապարհը անցնելու համար բավական երկար ժամանակ է խլում: Վարորդի խոսքով՝ իր ամբողջ երթուղու մեջ Արագյուղ-Քարաշամբ ճանապարհահատվածը ամենաանբարեկարգն է: Ճանապարհի հսկայական փոսերի պատճառով մի քանի անգամ կոտրել է մեքենայի ընթացային մասերը, որի նորոգման համար մինչև 70 հազար դրամի վնաս է կրել: Հրաչ Սիրունյանը պատմում է, որ երբեմն մի քանի վարորդներով քարով եւ ավազով լցնում են խոշոր փոսերը, սակայն դրանց ազդեցությունը շատ կարճ է տևում:

28-ամյա Վահան Կարապետյանը բեռնատարի վարման 8 տարվա փորձ ունի: Նրա խոսքով՝ այդ 8 տարիների ընթացքում մշտապես երթևեկել է այս ճանապարհով, սակայն չի հիշում մի ժամանակահատված, երբ ճանապարհը բարեկարգ լիներ: Հատկապես ձմռան ամիսներին, երբ առատ ձյուն է տեղում, Վահան Կարապետյանի խոսքով՝ ճանապարհն ընդհանրապես անանցանելի է դառնում, քանի որ ձնամաքրման աշխատանքներ հազվադեպ են կատարվում:

Քարաշամբ համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանն ասում է, որ ճանապարհը շատ կարևոր տնտեսական նշանակություն ունի, իսկ իր ղեկավարած համայնքի համար Երևանի որոշ շրջաններին հասնելու ավելի կարճ ճանապարհ է: Նրա խոսքով՝ մի քանի անգամ՝ տարբեր մարզպետների օրոք, բարձրաձայնել են ճանապարհի վիճակի մասին, սակայն որպես ճանապարհը չվերանորոգելու պատճառ մշտապես նշել են ֆինանսական միջոցների բացակայությունը:

Կոտայքի մարզպետարանը նույն պատասխանն է տվել նաև «Հետք»-ին: Գրավոր հարցմամբ մարզպետարանից հետաքրքրվել էինք, թե արդյոք ճանապարհի վերանորոգման ծրագիր կա: Ի պատասխան մեր հարցմանը՝ Կոտայքի մարզպետարանը հայտնել էր, որ Արագյուղ-Քարաշամբ ճանապարհահատվածի վերանորոգումը մշտապես եղել է մարզպետարանի ուշադրության կենտրոնում, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն չի վերանորոգվել:

«Առաջիկայում ֆինանսական միջոցների առկայության դեպքում այն կընդգրկվի վերանորոգման որևէ ծրագրում»,- նշել է մարզպետարանը:

Մարզային իշխաննությունները ճանապարհի վիճակը գնահատում են վատ: Առնվազն վերջին 10 տարիներին ճանապարհի սպասարկում չի կատարվել, դրա համար գումարներ չեն հատկացվել:

Չնայած որ վերջին տարիներին ճանապարհի ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ չեն կատարվել, այնուամենայնիվ, եղել է մի դեպք, երբ Արագյուղ-Քարաշամբ ճանապարհին շինտեխնիկա է հայտնվել, և դա եղել է 2012 թվականին: Ճանապարհի վերանորոգման համար պետական բյուջեից տրամադրվել էր 55 միլիոն դրամ: Կատարված աշխատանքներին 2012թ. նոյեմբերին ծանոթացել է նաև այդ ժամանակվա փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:  Տեղի բնակիչների խոսքով՝ ճանապարհը տեխնիկայի միջոցով ուղղակի հարթեցվել է, և շատ կարճ ժամանակ անց, նորից դարձել է դժվարանցանելի, քանի որ չի ասֆալտապատվել:

Այս տարվա մարտի 8-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանանց միջազգային օրվա առթիվ ծաղկեփնջեր էր բաժանում Քարաշամբում ապրող կանանց և աղջիկներին, գյուղի բնակիչները իրենց մտահոգությունները փոխանցեցին վարչապետին ճանապարհի վիճակի վերաբերյալ: Բնակիչներից մեկը Նիկոլ Փաշինյանին ասաց՝ Արագյուղի ճանապարհը, որ սարքած լիներ, կարճ ճանապարհով կբարձրանայիք: 

«Մինչև ներսի ճամփեքին հասնելը, ահագին կտևի... կսարքենք, հերթով կսարքենք: Ժամկետը չգիտեմ, բայց հաստատ կսարքենք»,- ի պատասխան բնակիչներին՝ ասել է կառավարության ղեկավարը:

Լրացում / 23։05․ Արագյուղ-Քարաշամբ ճանապարհի մասին այս հոդվածը «Հետքի» ֆեյսբուքյան էջում հրապարակելուց մեկ ժամ անց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեկնաբանությունների դաշտում գրել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ քննարկումների արդյունքում ճանապարհի հիմնանորոգման հայտն արդեն ներառվել է 2021թ. պետական բյուջեի նախագծում՝ կապիտալ ճանապարհաշինարարական ծրագրերի մեջ։

«Լիահույս ենք՝ մյուս տարի վերջնականապես կապիտալ կվերանորոգվի այն»,- նշել էր Կոտայքի մարզպետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter