HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «2019-ին չենք հավաքագրել այն ամբողջ պոտենցիալը, որ տեսականորեն ու իրականում գոյություն ունի»

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել են 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Քննարկումներին տեսակապով միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով` 2019-ը պատմական տարի էր բյուջետային առումով:

«Որովհետև Կառավարությանը հաջողվեց նախատեսվածից 104 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտներ գեներացնել, ընդ որում այդ գումարներից 62 միլիարդ դրամը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 միլիարդ դրամի չափով վերադարձվեց ԱԱՀ-ի պարտքը: 2019-ին արձանագրվել է վերջին 12 տարիների համար աննախադեպ` 7,6 տոկոս տնտեսական աճ, ունեցել ենք հարկեր-ՀՆԱ 22,35 տոկոս ցուցանիշ, որը 1,6 տոկոսային կետով գերազանցում է նախատեսված ցուցանիշը»,- ասաց Փաշինյանը:

Նախօրեին Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նիկոլ Փաշինյան իր ելույթում անդրադարձավ ՊԵԿ նախագահի հրաժարականին:

«Այնպես ստացվեց, որ 2019 թվականի բյուջեի կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում: Եւ քանի որ պարոն Անանյանը լքելու է պաշտոնը, ես ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել նրան այս ընթացում կատարված աշխատանքների համար` արձանագրելով նաև Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն: Հույս ունենք, որ բովանդակային այն փոխոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ավելի կխորանան»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` գործող Կառավարությունը դեռևս ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել, քանի որ 2018-ին ոչ բռնի հեղափոխություն է եղել, 2019-ը աննախադեպ է եղել տնտեսական ակտիվության ցուցանիշներով, իսկ 2020-ը պատմական է կորոնավիրուսի համավարակի բռնկումով:

«Պարզ է, որ այս տարի տնտեսական որոշ խնդիրներ ունենալու ենք, պարզ է, որ համավարակային առումով խնդիրներ ունենալու ենք, բայց խորհուրդ կտամ շտապ հետևություններ չանել, թե ինչպիսին կլինի 2020-ը, դեռ անհայտ է, ինչքան կտևի համավարակը, արդյունքներ և կորուստներ ամփոփելու համար վաղ է»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` ներկայում առերեսվում ենք անհատի ու պետական կարգի հարաբերություններին, և այն հարցն է արդիական, թե ինչպես ենք մենք ընկալում պետությունն ու պետականությունը: Փաշինյանը հարց հնչեցրեց` պետությունը պատմության գրքերում ձևակերպված բռնության գործիքի բանաձևով ենք ընկալում, թե՞ որպես պետություն ունենալու կամքի արտահայտություն:

«Սա շատ կարևոր հայեցակարգային հարց է, մենք պիտի վերագնահատենք պետական կարգի ու անհատի հարաբերությունները»,- ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով` պետք է փոխվեն նաև բյուջեի նկատմամբ ընկալումները, քանի որ ըստ վարչապետի` հանրության շրջանում բյուջեի վերաբերյալ հին մոտեցում կա, ըստ որի՝ բյուջեն ընդունում են իշխողները, որ թալանեն, իսկ նոր ընկալումն այն է, որ բյուջեն ընդհանուր դրամապանակ է, որը ձևավորվում է բոլորի կարիքները հոգալու համար:

«Ինչքան էլ 2019-ի բյուջեի կատարողականը թվային ցուցանիշներով գնահատեմ պատմական, բոլորս պետք է արձանագրենք, որ 2019-ին չենք հավաքագրել այն ամբողջ պոտենցիալը, որ տեսականորեն ու իրականում գոյություն ունի: Ամենատարբեր հաշվարկներով հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի»,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև պետական պաշտոնյաների աշխատավարձին` ընդգծելով, որ հանրությունն այդ հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում պետք է ունենա, և շահագրգիռ լինի, որ պաշտոնյաները բարձր վարձատրվեն: Ըստ նրա` դա նույնպես պետականություն ունենալու կամքի արտահայտություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter