HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ոստիկանապետ. «Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել»

Ոստիկանապետ Արման Սարգսյանն այն համոզման է, որ ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ, որ պարետատան պահանջները պատշաճ կատարվեն:

Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց Արման Սարգսյանը` անդրադառնալով հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում ոստիկանության գործողություններին:

Ոստիկանապետի խոսքով` ոստիկանության անցակետեր գնալիս շատ է նկատել դեպքեր, երբ քաղաքացիները, խցանումներ տեսնելով, իջեցված դիմակը բարձրացրել են, ապա անցնելով անցակետը կրկին իջեցրել:

«Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է: Մենք վարչական մեթոդներ կիրառել ենք, շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոն պետք է ձևավորվի` սկսած ինձնից, վերջացրած մեր սիրելի քաղաքացիներով»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ դժգոհում են, որ դիմակով շնչելը դժվար է, ոստիկանապետն ասաց. «Ինձ թվում է` ավելի լավ է դժվար շնչել, քան Աստված մի արասցե մի բան լինի ու չշնչել»:

Սարգսյանը նաև հավելեց, որ եթե քաղաքացիների մոտ կան այնպիսի լուսանկարներ, որ ոստիկանները դիմակներն իջեցրել են, ապա իր մոտ էլ կադրեր կան, թե ինչպես են ոստիկանները հատուկ համազգեստով քաղաքացիների տեղափոխում, քանի որ բժշկական անձնակազմը չի բավարարում: Սարգսյանն ասաց` չի փորձում արդարացնել ոստիկաններին, սակայն շատ են լինում դեպքեր, երբ ոստիկաններն ամբողջ օրը դրսում հերթապահություն են իրականացնում, և հանկարծ մի քանի րոպե դիմակն իջեցնում են, ու հենց այդ պահն էլ ֆիքսվում է քաղաքացիների կողմից, քանի որ համազգեստն ուշադրություն է գրավում:

«Ոստիկանության նպատակը ուժ կիրառելը չէ, կյանքեր փրկելն է: Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ կիրառել է և կիրառելու է»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանության համակարգում ևս կան վարակակիրներ, նրանց թիվը 100 է, նաև վարակակիրների հետ շփված անձանց մեկուսացման դեպքեր կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter