«Եթե անտարբերությունը հաղթահարվի, վարակն էլ կհաղթահարենք»,- ասում է Քարաշամբի համայնքապետը
Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանի կարծիքով՝ եթե մարդիկ կարողանան հաղթահարել անտարբերությունը, ապա կորոնավիրուսի համավարակը նույնպես կհաղթահարեն:
«Այն ինչ մեզանից է կախված, մենք պետք է անենք: Ժողովուրդը չպետք է մատերի արանքով նայի: Բոլորս մեր մասին մտածելով, բարեկամների մասին մտածելով՝ պետք է պահենք կանոնները, որպեսզի չտարածվի: Այսօրվա հետևանքը հենց դա է, որ չենք հետևել կանոններին: Հուսանք, որ ժողովուրդը խելքի կգա, տեսնում են, որ լուրջ է: Եթե անտարբերությունը հաղթահարվի, մենք էլ կհաղթահարենք սա»,- ասում է Քարաշամբի համայնքապետը:
Զորիկ Խլղաթյանը Քարաշամբ համայնքը ղեկավարում է 1996 թվականից, զուգահեռ նաև պատմություն է դասավանդում գյուղի միջնակարգ դպրոցում:
Համայնքապետի խոսքով՝ Քարաշամբում կորոնավիրուսի դեպքեր դեռևս չեն գրանցվել: Այժմ գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է, և գյուղացիները այդ աշխատանքներով են զբաղված, իսկ այն մարդիկ, որոնք աշխատում են գյուղից դուրս, Զորիկ Խլղաթյանի կարծիքով՝ պահում են հակահամաճարակային կանոնները:
Քարաշամբը ունի բուժկետ, որն աշխատում է հարևան Արգել համայնքի (նախկինում՝ Լուսակերտ) բուժամբուլատորիայի հսկողության տակ, իսկ շտապօգնության մեքենաները գալիս են 15 կմ հեռավորության վրա գտնվող Նոր Հաճն քաղաքից:
Քարաշամբի համայնքապետն ասում է, որ գյուղում հաշվառված է 729 բնակիչ (ըստ մարզպետարանի կայքի՝ 707), սակայն փաստացի բնակվողների թիվը մոտ է 500-ին: Կան նաև արտագնա աշխատանքի մեկնողներ, որոնցից շատերը ստեղծված իրավիճակում չեն կարողացել գնալ և զբաղվում են իրենց տնտեսություններով, իսկ ոմանք էլ չեն կարողանում վերադառնալ:
Գյուղը նաև մանկապարտեզ ունի, որը երեխաների սակավության պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի գործում: Զորիկ Խլղաթյանն ասում է, որ 7 երեխա էր հաճախում, սակայն համայնքային բյուջեի հնարավորությունները թույլ չեն տվել մանկապարտեզը պահել: Համայնքի ղեկավարը հույս է հայտնում, որ գյուղում երեխաները կշատանան, իսկ համայնքապետարանը կկարողանա նորից բացել մանկապարտեզը:
Լուսանկարները, տեսանկարահանումն ու մոնտաժը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել