
«Twitter»-ը հեռացրել է Ջորջ Ֆլոյդի մահվան մասին Թրամփի ելույթի տեսանյութը
«Twitter» սոցիալական ցանցն ուրբաթ օրը՝ հունիսի 5-ին, հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի տեսանյութը, որը նվիրված էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Այդ քայլը, ինչպես մեկնաբանում են ընկերության ներկայացուցիչները, պայմանավորված է հեղիանակային իրավունքների խախտման բողոքներով, որոնք ստացել է ընկերությունը։ «Twitter»-ը բողոք է ստացել տեսանյութում օգտագործված կադրերի մի հեղինակից:
Տեսանյութը հրապարակվել էր հունիսի 4-ին՝ «Team Trump» օգտահաշվի պաշտոնական միկրոբլոգում։ Այն պարունակում էր Թրամփի ելույթը, որը տեղի է ունեցել պատահարից մի քանի օր անց։ Ելույթի ընթացքում ցուցադրվել են մահացածի լուսանկարները և ոստիկանության բռնության դեմ ցույցից տեսանյութ, ինչպես նաև անկարգություններից կադրեր, որոնց իր ելույթում անդրադարձել է Թրամփը։
Տեսանյութին ուղեկցել է հետևյալ մեկնաբանությունը․ «Մենք ձգտում ենք առավել արդար հանրության, որը սակայն նշանակում է արարում, այլ ոչ կործանում։ Բռնեք միմյանց ձեռքերը, մի՛ սպառնացեք բռունցքներով։ Ի նշան համերաշխության, մի՛ տրվեք թշնամության»։ ԱՄՆ նախագահը իր միկրոբլոգում կիսվել էր այդ տեսանյութով։ Նույն տեսանյութը տեղադրվել է նաև «Youtube»-ի հարթակում, որտեղ ազատ հասանելի է։
Սա Թրամփի և «Twitter» ընկերության առաջին ընդհարումը չէ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի գրառումներից մեկը «Twitter» սոցիալական կայքը պիտակել էր որպես «ապակողմնորոշող», որը վերաբերվում էր Կալիֆոռնիայում փոստային ծառայության միջոցով քվեաթերթիկների ուղարկմանը։ Ի պատասխան` Թրամփը սոցիալական ցանցին մեղադրել էր ազատ խոսքի ոտնահարման մեջ։
Լուսանկարը՝ «Getty Images»-ի
Մեկնաբանել