
Քաղաքացիների ահազանգերի հիման վրա՝ ԱԱՏՄ-ն կասեցրել է որոշ տնտեսավարողների գործունեությունը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։
Որոշների աշխատանքի արգելքն արդեն 48 և ավելի ժամով է։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին շրջանի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։
Խախտումներ թույլ տված հարյուրավոր տնտեսավարողների գործունեությունը պարետի որոշմամբ կասեցվում է։ Դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողներն ավելի զգուշավոր են և անվտանգության նորմերի պահպանմանն առավել բարեխղճորեն են մոտենում։
Միաժամանակ, ամենահաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ մարդկանց կուտակումները և հերթերի թերի կառավարումը։ Այս առումով մեծ է նաև մարդկանց պատասխանատու մոտեցման կարևորությունը։ Անվտանգության խստացված նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։
Դրանց խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, տեղեկացնելով, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման, ինչպես նաև ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանների ձևեր։ Սա կարևոր է այն առումով, որ խախտումների զգալի մասը հենց այս գրանցումներին են առնչվում։
Միաժամանակ, մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։
Մեկնաբանել