HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարի ստալինյան բռնաճնշումների երկրորդ ալիքի օրերին գրած օրագրից մի պատառիկ

Սուրբ Գիրքը, կամ ավելի ճիշտ՝ Սուտ Գիրքն ասում է, թե Աստված բույսերն ու կենդանիներն ստեղծեց մարդու կարիքների համար։

Մարդն ի՞նչ կարիք ունի ճանճի։ Բայց ճանճը շատ մեծ կարիք ունի մարդու։ Եվ պիտի ասեմ, որ ոչ մի կենդանի այնքան չի վայելում մարդուն, որքան ճանճը։ Կարծես, իր սեփական ապրանքը լինի․ մեկ էլ տեսար եկավ նստավ ուղիղ քթիդ ծայրին և ակնդետ սպասում է, որ մի որևէ առթիվ զարմանքից կամ հիացմունքից բերանդ բանաս, ու ինքզինքը բերանդ կոխի։ Եվ դու ապրելով այս զարմանալի կարգերում, զրկված ես անգամ զարմանալու իրավունքից։

Ուրեմն, ճանճը քթիդ ծայրին է․ շարժում ես գլուխդ՝ կզակիդ է թառում․ ձեռքդ զբաղված է, ստիպված ես շարժել նորից գլուխդ․ ճանճը կզակից թռչում  ճակատիդ է նստում․ շարժում ես գլուխդ՝ աջ երեսիդ է թառում, շարժում ես գլուխդ՝ ձախ երեսիդ է իջնում, շարժում ես գլուխդ՝ ականջիդ է նստում, շարժում ես գլուխդ՝ մյուս ականջին է գնում, ապա կրկնում իր նախկին ընթացքը՝ քիթ, կզակ, ճակատ, աջ երես, ձախ երես, աջ ականջ, ձախ ականջ, և այսպես անվերջ, անհատնում։

Այսպես պատահեց ինձ այս առավոտ։ Ես էլ կամացո՜ւկ գրիչս վար դրի ու մի հարվածով բռնեցի հոգեառիս։ Խոմ անմիջապես չտրորեցի՞ ոտիս տակ, քա՜վ լիցի։ Նախ պոկեցի մեկ թևը, ապա երկրորդը, հետո կնճիթը դուրս քաշեցի, անցա ոտներին, նոր տրորեցի ոտներով։ Մի սպանություն, որ անհուն բերկրանք պատճառեց դահիճիս։

Զզվելի՛ արարած, դու տեսնում ես, որ մարդը ճանճից պաշտպանվելու ոչ մի միջոց չունի, ո՞ւր ես զոռում։ Գնա՛, ձիու վրա թառիր, որ հատուկ ճանճերից պաշտպանվելու համար պոչ ունի, եզի վրա թառիր, կովի․ ո՞ւր ես տանջում խեղճ անպոչ մարդուն։ Դու գիտե՞ս ով եմ ես և ինչպիսի խոհեր ունեմ գլխումս։ Ես մտածում եմ արեգակնային սիստեմի, աստղերի, մոլորակների և անհունության մասին։ Ես աշխատում եմ լուծել Աստուծո գոյության պրոբլեմը և ուզում եմ թափանցել տիեզերական գաղտնիքը։

Հիմա, ճա՛նճ, դու ուզում ես, որ այսքան մեծ բաներով ծանրաբեռնված գլուխս ձիու պոչի նման անընդհատ դես-դե՞ն շարժեմ։ Ա՛ռ քեզ։

Երկու տեսակ սպանություն կա․ մեկն արվեստ է, մյուսը արհեստ։ Այսպիսի անպատկառ ճանճի սպանելն ավելի հոգեկան հաճույք է պատճառում, քան մի գեղեցիկ ներկայացումը։

Բայց մսագործը, որ մի անմեղ ոչխար է մորթում, երբեք նույն հաճույքը չի ստանում։ Նույն հաճույքը չի ստանում նաև չեկիստը, երբ մի անմեղ մարդ են տալիս ձեռքը, որ տանի գնդակահարի։

Չեկիստն այդ մարդուն առաջին ագամ է տեսնում, նրա մահվան մեջ շահագրգռություն չունի բոլորովին։ Տանելով նախապես փորված փոսի մոտ, մինչև անգամ թույլ է տալիս, որ փորված հողի վրա նստի ու վերջին անգամ մի պապիրոս ծխի, հանգստանա։ Մահապարտը փաթաթում է պապիրոսը որքան հնար է երկար։ Արդեն ծխել վերջացրել է պապիրոսը, որովհետև ամեն երկար բան իր վախճանն ունի այս աշխարհում, բայց մարդը շարունակում է ծխել երևակայությամբ այլևս, միշտ աշխատելով զույգ մատները շրթունքին բերել․․․

Բայց չեկիստը վարձու պաշտոնյա է ու նա յուրաքանչյուր կորցրած ժամվա համար պատասխանատու է։ Արհեստավոր մարդասպանը կանգնեցնում է արհեստավոր մահապարտին։ Երկուսն էլ իրար են նայում, և ոչ մեկը նրանցից չի ատում մյուսին։ Առաջինը ստորադաս պաշտոնյա է, որին հրամայված է սպանել, երկրորդը մի օտար արարած է, որն «օրենքով» պիտի դադարի ապրելուց։

Չեկիստը ձեռքը տանում է կողքը և հանում է ատրճանակը կաշվե պատյանից։

- Գնդակը ո՞ր տեղիս պիտի ուղղես, - հարցնում է դեռ գերեզման չմտած մարդը։

- Գլխիդ։

- Գլխումս այս րոպեիս երեք երախաներս են նստած, աղաչում եմ քեզ, մի այլ տեղ ուղղիր ատրճանակիդ փողը։

Ես իմ աչքը փակում եմ․․․

------

Այսօր ես սպանեցի մի ճանճ, որ քթիս ու պնչիս էր թառում։ Բայց Ռուսաստանում կա մի ճանճ, որ նստում է 150 միլիոն ժողովրդի խղճի, մտքի, զգացմունքի, ճաշակի, համոզմունքի և նման բոլոր սուրբ բաների վրա, իսկ Ռուսաստանի ժողովուրդը ոչ միայն չի կարող սպանել այդ ճանճին, այլև քշելու իրավունք իսկ չունի։

Այդ ճանճը մի վրացի է և կոչվում է Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին․․․

1949թ․, անտիպ, Տորֆի (Կանլի, Ղամշլու) աքսորավայր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter