Արտահոսած տվյալներ. որտեղ են գրանցվել կորոնավիրուսից ամենաշատ մահերը
Հունիսի 2-ին սոցիալական ցանցերում հայտնվեցին Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները՝ անուն-ազգանուններ, ծննդյան/մահվան օրեր, հասցեներ։ Առողջապահության նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ դրանք իսկապես համապատասխանում են իրենց տվյալներին, ճշգրիտ են։ Պահպանելով անձնական տվյալների գաղտնիության էթիկական և օրինական պահանջները` փորձել ենք վերլուծել արտահոսած տվյալները։ Վերլուծությունը հիմնված է մինչև մայիսի 31-ը գրանցված մահերի վերաբերյալ տվյալների վրա։
Հինգ ընտանիքում մեկից ավելի մարդ է մահացել՝ կորոնավիրուսի հետևանքով։
Հայաստանում գրանցվել է հինգ դեպք, երբ նույն հասցեում բնակվող երկու անձ մահացել է կորոնավիրուսից։ Մեկից ավելի կորուստ ունեցած ընտանիքներից չորսը Երևանից են, մեկը՝ Արարատի մարզից։
Հինգ մարդ մահացել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում։ Նրանք բոլորը տղամարդիկ են՝ 69-82 տարեկան։
Կորոնավիրուսից ամենաշատը մահացել են Երևանի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի բնակիչները։
Շենգավիթից 13 անձ է մահացել կորոնավիրուսի հետևանքով։ Նրանցից 10-ը հարակից շենքերի բնակիչներ են։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից 12 անձ է մահացել կորոնավիրուսի հետևանքով։ Նրանցից ութն ապրել է իրար մոտ գտնվող շենքերում։
Կենտրոն, Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններից՝ 7-ական, Էրեբունուց՝ 6, Աջափնյակից ու Արաբկիրից՝ 5-ական, Դավթաշենից և Քանաքեռ-Զեյթունից՝ 4-ական, իսկ Նուբարաշենից 1 բնակիչ է մահացել։
Կորոնավիրուսից մահերի թիվը համեմատական է բնակչության թվին:
Հայաստանի այն համայնքներում, որտեղ բնակչությունը խիտ է, կորոնավիրուսից մահացությունը բարձր է։ Նույն տրամաբանությունը գործում է նաև Երևանի վարչական շրջանների բնակչության համեմատության պարագայում։
|
|
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին, իսկ մահվանառաջին դեպքը՝ մարտի 26-ին։ Մարտի 16-ից երկրում հաստատվել է արտակարգ դրություն, սակայն մայիսի 18-ից հանվել են հիմնական սահմանափակումները առևտրի և տրանսպորտի ոլորտներում։ Այս պահին դիմակ կրելը դրսում պարտադիր է, ինչպես նաև արգելված են մարդաշատ հավաքները։
Մայիսի 18-ի սահմանափակումների թուլացումից հետո շեշտակի աճել են վարակվածների և մահացածների թվերը, իսկ առողջացածներինը՝ նվազել։ Հիվանդանոցային ռեսուրսների սպառման պառճառով այս պահին կորոնավիրուսով վարակվածները ստանում են տնային բուժում։ Ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերն են միայն տեղափոխվում հիվանդանոց։
Ստորև ներկայացված օրացույցի միջոցով կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ, թե որ օրերին են գրանցվել ամենաշատ մահերը։
Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել