HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գիտնականները վստահ են, որ ներկայիս համավարակը վերջինը չէ

Հետազոտողների միջազգային խումբը պնդում է, որ մարդու աճող ներխուժումը վայրի բնություն, զգալիորեն մեծացնում է հնարավոր համաճարակների առաջացման վտանգը, որը կարող է նման լինել COVID-19-ի ներկայիս վիճակին։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Գիտնականները փորձել են հասկանալ, թե որտեղից են ի հայտ գալիս ինֆեկցիոն նոր հիվանդությունները և կանխատեսել նոր համաճարակների աղբյուրները, որոնք մեծ վտանգ են հանդիսանում մարդկության համար։

Նոր մեթոդը, որը հիմնված է վարակի տարածման օրինաչափությունների ճանաչման վրա, միջազգային փոխգործակցության շրջանակներում կիրառվել է Լիվերպուլի համալսարանի գիտնականների կողմից, որն ուղղված էր ապագա համաճարակների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցների հայտնաբերմանը։ Բրիտանացի կենսաբանները ուսումնասիրել են, թե որտեղ և ինչ պայմաններում են ի հայտ եկել վտանգավոր հիվանդությունները, որոնք նախկինում հայտնի չեն եղել բժշկությանը։

Հիմնականում մարդիկ վարակվել են վայրի կենդանիներից, այնուհետ իմունիտետի և նոր վարակի դեմ պայքարի միջոցների բացակայության պայմաններում, այն անտառային հրդեհի արագությամբ սկսել է տարածվել։ Հիմնվելով համանմանությունների վրա՝ գիտնականները փորձել են պարզել ամենալուրջ վտանգները։

Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Բեյլիսը նշում է, որ վերջին 20 տարիների ընթացքում մարդկությունը բախվել է վեց խոշոր համաճարակների հետ՝  SARS, MERS, Էբոլա, թռչնի գրիպ, խոզի գրիպ և COVID-19։ Գիտնականը կարծում է, որ հինգ համաճարակներից մարդկությունը որոշակիորեն խուսափել է, իսկ վեցերորդից չի կարողանում։ «Եվ սա վերջին համավարակը չէ, որին մենք բախվելու ենք։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մանրակրկտորեն ուսումնասիրել վայրի կենդանիների հիվանդությունները»,- նշել է Բեյլիսը։

Պրոֆեսոր Բեյլիսը և նրա գործընկերներն ստեղծել են վիրուսի ճանաչման ուրույն համակարգ, որը հնարավորություն է տալիս վայրի կենդանիներին վարակող գիտությանը հայտնի հազարավոր բակտերիաներից, մակաբույծներից և վիրուսներից առանձնացնել նրանք, որոնք առավել վտանգավոր են մարդու համար։ Հիմքում ընկած է այն տեսակների քանակը, որոնք հանդիսանում են այս կամ այն պաթոգենի կրող, ինչպես նաև մարդու հետ դրանց հարաբերության հնարավորությունը։

Եթե պաթոգենը ներառված է «սև ցուցակում», գիտնականները խորհուրդ են տալիս զբաղվել պաշտպանության միջոցների ստեղծմամբ՝ չսպասելով համաճարակի բռնկմանը։

Բեյլիսը նշում է, որ հաջորդ փուլում գիտնականները կփորձեն պարզել, թե որոնք են այն կոնկրետ հարուցիչները, որոնք առաջացնում են համաճարակ։

Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ մարդկության գործողությունները, մասնավորապես անտառների հատումը և մարդու ներխուժումը վայրի կենդանիների բնակության տարածքներ, նպաստում են կենդանիներից մարդուն հիվանդությունների փոխանցման արագացմանն ու տարածմանը։ «Կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ մարդու կողմից փոփոխված լանդշաֆտները, որոնք ունեն կենսաձևերի բազմազանության ցածր մակարդակ, ինչպիսիք են դաշտերն ու պլանտացիաները, ավելի հաճախ ասոցացվում են այս կամ այն վարակով վարակվելու ավելի բարձր ռիսկի հետ»,- նշում է Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Քեյթ Ջոնսը։

«Բնականաբար, սա հիվանդությունների միակ պատճառը չէ։ Սակայն այն կենդանատեսակները, որոնք ավելի հեշտ են բնակվում մարդու հետ, օրինակ, որոշ կրծողներ, միաժամանակ դառնում են պաթոգենների առավել արդյունավետ կրողներ և տարածողներ»,- հավելում է Ջոնսը։ 

Մարդկանց և վայրի կենդանիների միջեւ անմիջական կամ միջնորդավորված շփման վտանգը առավել տեսանելի է մի շարք օրինակներով։ Այսպես, 1999 թվականին Նիպա վիրուսի բռնկումը Մալայզիայում սկսվել է մի խոզաբուծարանում, որը գտնվել է անտառի եզրին։ Խոզերը կերել էին գետնին ընկած վայրի մրգերը, որոնք մինչ այդ կծել և իրենց թքով վարակել էին չղջիկները։ Արդյունքում վարակվել էր ավելի քան 250 մարդ, որոնք գործ էին ունեցել հիվանդ խոզերի հետ։ Արդյունքում 100-ը մահացել էին։ Նիպա վարակը սպանում է վարակակիր մարդկանց 45-75 %-ին, այն դեպքում, երբ COVID-19-ից մահացության ցուցանիշը ներկա պահին գնահատվում է մոտ 6 %։

Լիվերպուլի համալսարանի և Նայրոբիի կենդանաբանության միջազգային ինստիտուտի հետ համագործակցած պրոֆեսոր Էրիկ Ֆևրը վստահ է, որ հատուկ ռիսկի գոտիները, որտեղ մարդկային աշխարհի և բնության միջև սահմանները լղոզված են, ինչպիսիք են օրինակ անտառների եզրերը և շուկաները, որտեղ վաճառվում են վայրի կենդանիներ, պետք է գտնվեն հատուկ և մշտական հսկողության տակ։

«Պետք է ունենալ գործողությունների նախապես մշակված ալգորիթմ այն դեպքերի պարագայում, երբ այդ վայրերում տեղի կունենա հիվանդության բռնկում։ Հավանական է ոչ բոլորը գիտեն, որ աշխարհում նոր հիվանդությունները ի հայտ են գալիս տարվա մեջ 3-4 անգամ։ Ընդ որում, ոչ միայն Ասիայում և Աֆրիկայում, այլև՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում»։

Մեթյու Բեյլիսը համաձայն է այն մտքի հետ, որ նոր հիվանդությունների մշտական մոնիթորինգը խիստ կարևոր է։ Նա կարծում է, որ ստեղծվել է գրեթե իդեալական հնարավորություն համավարակի առաջացման պատճառների ուսումնասիրման համար։

Գլխավոր լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter