
40 կմ շառավղով 20 գյուղ սպասարկող Սպիտակի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հունիսի յոթի երեկոյան ֆեյսբուքյան իր էջի գրառման մեջ հայտնել է Սպիտակի բժշկական կենտրոնի վերապրոֆիլավորվելու և այն կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու մասին:
Մարզպետը, սակայն, չէր հստակեցրել, թե որտեղ են իրենց բուժումը ստանալու այն քաղաքացիները, որոնք կորոնավիրուսային հիվանդացությամբ չեն վարակվել, սակայն առողջական այլ խնդիրներ ունեն և իրենց բուժումը ստանում են այդ ԲԿ-ում:
Սպիտակի ԲԿ տնօրեն Վարդուհի Սիսակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Սպիտակի ԲԿ-ն հարակից 40 կմ շառավղով քսան գյուղ է սպասարկում, նաև ԲԿ-ին է ամրակցված հինգ ԲՄԿ (բուժակ-մանկաբարձական կետ, որը գործում է փոքրաթիվ` մինչև 500 բնակչությամբ գյուղական համայնքներում: ԲՄԿ–ում աշխատում են բուժակներ, բուժքույրեր, և մանկաբարձներ):
Մեր հարցին, թե արտակարգ դրության պայմաններում ԲԿ-ն շատ հիվանդների է սպասարկել, թե ոչ, Վարդուհի Սիսակյանը պատասխանեց.
«Դե բազմապրոֆիլ հիվանդանոց է, տարբեր պրոֆիլներով հիվանդների է սպասարկում»:
Իսկ թե ինչ են անելու այդ քաղաքացիները հիմա, ԲԿ տնօրենը ուղղորդեց դեպի Լոռու մարզպետարանի համապատասխան վարչություն:
Սպիտակի ԲԿ տնօրեն Վարդուհի Սիսակյանի խոսքով` ԲԿ-ն վերապրոֆիլավորվելու անհրաժեշտ պայմաններն ապահովում է նախարարությունը:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշումը կայացրել են մարզպետն ու Առողջապահության նախարարությունը:
«Քանի որ արտակարգ դրություն է, որոշում կայացնում են պարետը, նախարարը և մարզպետը, մենք ընդամենը կատարող մարդիկ ենք»,- ասաց նա:
Իսկ թե ինչ են անելու այն հիվանդները, ովքեր բուժում են ստանում Սպիտակի ԲԿ-ում, Լուսինե Վարդանյանն ասաց.
«Այդ քաղաքացիները լիարժեք բուժօգնություն կստանան Լոռու մարզի այլ ԲԿ-ներում, Սպիտակից Վանաձոր քսան րոպեի ճանապարհ է, եթե խնդիրը շատ հրատապ է, տեղում էլ կարող են բուժօգնություն ցուցաբերել: Երևանի մի ծայրից մյուսն ավելի երկար է, քան Վանաձորից Սպիտակ. մարդիկ Շտապօգնության մեքենաներով հասնում են ԲԿ-ներ»:
Մեր դիտարկմանը, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառման ներքո քաղաքացիները տեսակետներ են հայտնում, որ ավելի ճիշտ կլիներ վրանային հոսպիտալ ներդնել, քան թե գործող ԲԿ-ն վերապրոֆիլավորել, արդյոք նման տարբերակ քննարկվել է, թե ոչ, մեր զրուցակիցը կոչ արեց իր լիազորությունների շրջանակում հարցեր հղել:
Տեղեկացնենք, որ դեռ երեկվանից հնարավոր չէ մարզպետի հետ կապ հաստատել:
Մեկնաբանել